Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում Ռուսաստանի 5-րդ շարասյան հայանուն գեներալները մեր բանակը տարել են պարտության. քաղաքագետ

Հայաստանում Ռուսաստանի 5-րդ շարասյան հայանուն գեներալները մեր բանակը տարել են պարտության. քաղաքագետ
Հարցազրույց
16:44, 15 март 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչեցված կարևոր արտաքին քաղաքական շեշտադրումների և հայ-ադրբեջանական հնարավոր էսկալացիայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։

- Պարոն Սուքիասյան, վարչապետը երեկ իր խոսքում  մի քանի անգամ նշեց, որ մեծ է էսկալացիայի վտանգը Հայաստանի և Արցախի ուղղությամբ, ի՞նչ ուղերձ էր պարունակում այն և ո՞ւմ էր ուղղված:

- Առաջին հերթին ուղղված էր մեր հանրությանը, մեր բանակին՝ եթե այդպես չէ, ապա ես կարծում եմ, որ այդպես պետք է լինի։ Երկրորդը՝ Ադրբեջանին, միջազգային հանրությանը՝ առաջին հերթին իր վրա դաշնակից գրած Ռուսաստանին, դիտորդներին, որ աչալուրջ լինեն։ Ու քանի որ Հայաստանը անկախության կուրս է վերցրել՝ այդ ճանապարհին ՀՀ-ն հանդիպելու է Ադրբեջանին, բայց առաջին հերթին ռուս-թուրքական դաշինքին, որոնք ամեն անգամ Հայաստանի ոտքերի տակ ականներ են դնում։ Արցախի հարցն էլ այս պահին Հայաստանի ուժերից վեր է՝ եթե օբյեկտիվ լինենք, կախել են Հայաստանի ոտքերից և քաշում են գերեզման. ամեն անգամ Հայաստանի համար խութ են ստեղծում։ Էսկալացիայի վտանգ կարող է լինել, իհարկե ես չեմ կարծում, որ դա մեծ էսկալացիա կարող է լինել, բայց ամեն դեպքում կլինի։ 

- Հնարավոր էսկալացիայի դեպքում ինչի՞ կձգտի Բաքուն։

- Նախ մի բան պետք է նկատի ունենանք. որտեղ որ նստել է Ադրբեջանը, իհարկե ՀՀ-ն աղմուկ է բարձրացնում, որ մեր սահման են մտել, բայց տպավորություն է, որ արդեն նորմալացել է, և Ադրբեջանը կամաց-կամաց լեգիտիմանում է այդ տարածքում, և սա վատ է։ Թե որ ուղղությունից կլինի, ենթադրում եմ՝ իր համար հարմար դիրքերից, որտեղ ինքը հիմա ամրապնդվել է, օրինակ՝ Ջերմուկի բարձունքներից, Սև Լճի հատվածից և Վարդենիսի ուղղությամբ։ Այստեղ իրենք ունեն հարմար դիրքեր հարձակվելու համար։ Իրենց նպատակն է, թեկուզ ոչ տարածք գրավելով, ամեն դեպքում Հայաստանին ներքաշել ռազմական  գործողությունների մեջ, որտեղ ՀՀ-ն այս պահին շանս չունի։ Դուք տեսնում եք, որ Հայաստանը ամեն անգամ խուսանավում է ռազմական գործողությունների մեջ մտնելուց։ Մի այդպիսի խայծ իրենք սարքեցին Լաչինի միջանցքում, և ՀՀ-ում էլ կա մի զանգված, որը Հայաստանին մղում է ռազմական գործողությունների, մի հատված կա, որը խորհրդարան է սողոսկել և իրեն վերագրել է ընդդիմություն ու 5-րդ շարասյան գործ է անում և իշխանություններից պահանջում է, որպեսզի ռազմական միջամտությամբ Բերձորի միջանցքը բացի։ Հայաստանն իր արտաքին քաղաքականությամբ քիչ թե շատ կարողացել է որոշակի հարցեր լուծել, հիմա Հայաստանի արտաքին քաղաքական հաջողությունները վիժեցնելու համար տարբեր սադրանքների են դիմում, նպատակը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է, բայց ես իշխանություններից պահանջում եմ, որպեսզի աչալուրջ լինեն. այս պահին Հայաստանի առաջնային գործիքը արտաքին քաղաքականության մեջ դիվանագիտական գործիքներն օգտագործելն է։

- Արարատ Միրզոյանն առաջիկայում կայցելի Մոսկվա, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այցից։

- Ոչինչ, սա կլինի պրոտոկոլային այց։ Քանի որ ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունը բոլշևիկի գանգով տարբեր ուժերի կողմից մեղադրվում է հակառուսականության հանցանքի մեջ, ինչը որ սխալ է։ Մեղադրվում է Ռուսաստանի գերակայությունը չընդունելու պատմական հանցանքի մեջ, ինչը որ  այդպես չէ, իհարկե։ Իշխանությունը բալանս է պահում Ռուսաստանի հետ, և դրանք կլինեն պրոտոկոլային այցեր, որովհետև մեր իշխանությունը  լավ գիտի, որ ՌԴ-ից որևէ բան ակնկալելն անիմաստ է։ Կգնան, հերթական անգամ կհամոզվեն, որ Ռուսաստանը Ադրբեջանի դաշնակիցն է, և դա կրկին Հայաստանի համար լեգիտիմ հիմք կլինի այլ բևեռների հետ աշխատելու։  

- Վարչապետը երեկ խոսել է ոչ միայն 44-օրյա պատերազմից հետո, այլ նաև Արցախյան առաջին պատերազմից առաջ և ընթացքում տեղահանված հայերի իրավունքներից, ինչո՞վ է պայմանավորված դա։

- Մենք տեսնում ենք, որ Հայաստանը փոխել է Արցախի հարցով իր քաղաքականությունը։ Ժամանակին ինքնորոշման իրավունք էր, հիմա իշխանությունը պահանջում է ժողովրդի իրավունք, որը միջազգային հանրության համար ավելի ընկալելի է այս պահին, բայց քանի որ կա Ադրբեջանի դատարկաբանությունը, որ այդտեղ 40.000 տարի առաջ ադրբեջանցիներ են ապրել, որոնք նույնպես պետք է վերադառնան, ապա Հայաստանը նույնպես ունի բոլոր լեգիտիմ հիմքերը պահանջելու։ Ես իշխանությանն առաջարկում եմ պահանջել նաև, որ Ադրբեջանը ստեղծի պայմաններ հայության վերադարձը դեպի իրենց բնակավայրեր ապահովելու, որոնք Ադրբեջանը Թուրքիայի օրինակով վերցրել է։ Հայաստանի քայլերը հակընդդեմ քայլեր են, որոնք ճիշտ են ըստ էության, բայց սա նաև այն հատվածի համար, որոնք իշխանությանը մեղադրում են, թե Արցախ է հանձնում, պարզվում է այսօր այդ իշխանությունը խոսում է Նախիջևանի հայերի իրավունքներից, որի մասին իրենք  ծպտուն անգամ չեն հանել, հետևապես լավ է, իշխանությունը գետնի տակից թեզեր պետք է հանի և փաթաթի Ադրբեջանի վզին, թե որտեղ է Բաքվի, Սումգայիթի, Նախիջևանի հայությունը և այլն։ Եթե սա դեմ ենք տալիս՝ Ադրբեջանը ըստ էության դառնալու է ոչ ցեղասպան, բայց ցեղասպանին մոտ պետություն ու ժողովուրդ, և այստեղ արդեն Արցախի իրավունքները, անվտանգությունը պաշտպանելը ավելի հեշտ է։

- Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անկախ, ինքնիշխան պետություն ունենալու Հայաստանի կամքը թուլացնելուն ուղղված գործողությունները բոլոր դեպքերում ունեն արտաքին աղբյուր: Նա, խոսելով պատերազմում պարտության մասին, դրա պատճառը համարել է 5-րդ շարասյան առկայությունը բանակում։ 

- Դա այն էր, ինչի մասին մենք բազմաթիվ անգամներ ասել ենք։ Իշխանությունը ժամանակին սոփեստաբար լռում էր, հավանաբար հաշվարկել էր, որ այդ պահին տեղին չէ խոսելը։ Հիմա իշխանությունը բացահայտ խոսում է դրա մասին։ Հայաստանում 5-րդ շարասյուն ունի միայն Ռուսաստանը, ուրիշ ոչ մի պետություն, այդքան բան։ Մնացածը մեր ժողովրդի իմաստության վրա է՝ կընկալի դա, թե ոչ։ Նորից եմ կրկնում՝ միայն Ռուսաստանը ունի դարերով, որովհետև եթե թերթենք հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը՝ ՌԴ-ն ՀՀ-ի հետ հարաբերվել է միշտ 5-րդ շարասյան միջոցով։ Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի դաշնակիցը։ Ռուսաստանի դաշնակիցը եղել է Հայաստանի 5-րդ շարասյունը, որի միջոցով պետությունը միշտ ցնցել են։ Այդպիսի շարասյուն ունեցել են քաղաքական դաշտում, բանակում, որոնք կատարել են Ռուսաստանի հրամանները։ Հայանուն գեներալները մեր բանակը տարել են պարտության, որովհետև իրենք պատերազմի երկրորդ օրը ՌԴ-ից ստացան հրաման՝ 5+2 շրջանները պետք է հանձնել և վերջ։ Իշխանությունը շատ ճիշտ է անում, և մեր ժողովուրդը պետք է լավ հասկանա, թե այդ շարասյունը մեր պետության գլխին ինչ է բերում։

Գեղամ Ադյան