Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2008թ.-ին պետական պարտքն ավելի շատ էր աճել, քան 2020-ին` պատերազմի եւ կորոնավիրուսի պայմաններում. պատգամավոր. Հայկական Ժամանակ

2008թ.-ին պետական պարտքն ավելի շատ էր աճել, քան 2020-ին` պատերազմի եւ կորոնավիրուսի պայմաններում. պատգամավոր. Հայկական Ժամանակ
Հարցազրույց
15:53, 10 май 2021
Հայաստանի պետական պարտքը 2021 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 8 մլրդ 652 մլն դոլար: Այն շուրջ 690 մլն դոլարով ավելի է 2020 թ. տարեվերջի ցուցանիշից:

Մինչ հեղափոխությունը ՀՀ արտաքին պարտքը հասնում էր 7 մլրդ դոլարի եւ փաստորեն այս շուրջ 3 տարիներին այդ պարտքն աճել է եւ այս տարվա վերջում կանխատեսվում է,որ կհասնի 9 մլրդ դոլարի:

Իհարկե, այս առումով պետք է հաշվի առնել, որ 2020 թվականը ճգնաժամային տարի էր, ինչի պատճառով պետությունն ավելի քիչ եկամուտ է ստացել, բայց միեւնույն ժամանակ ավելի շատ ծախս է իրականացրել:

Նշենք, որ «Պետական պարտքի մասին» օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքի եւ Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է։ Նախորդ տարի ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ հասել է 63.5 տոկոսի, եւ Կառավարությունը փորձելու է այս տարի այն նվազեցնել հնարավորինս:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ ոչ թե կարեւոր է պետական պարտքի չափը, այլ դրա եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը:

«Մեր պետական բյուջեն մշտապես եղել է դեֆիցիտային, թե՛ մինչեւ պատերազմը, թե՛ նաեւ պատերազմից հետո՝ պայմանավորված Արցախում հավելյալ սոցիալական խնդիրներով: Այս առումով մենք ժառանգել ենք մեծ ենթակառուցվածքներ, որոնք բավականաչափ «մաշված» են»,- նշեց Մանուկյանը:

Նա ընդգծեց՝ 2018- 2020 թթ. ենթակառուցվածքների վերականգնմանը միտված քայլեր են եղել:

Պատգամավորի խոսքով՝ պետական պարտքի մեջ Կառավարության պարտքը կազմում է 8.1 մլրդ դոլար: Նա լուրջ ձեռքբերում է համարում այն, որ Կառավարության պարտքի մեջ 2019 թվականին ներքին ռեսուրսներից գեներացվող պարտքի մասնաբաժինն էականորեն ավելացել էր, ինչը խոսում է վստահության մասին:

«2020 թ. համավարակի եւ պատերազմի պատճառով պարտքային բեռի էլ ավելի մեծ չափով կարիք առաջացավ, չնայած արդեն բյուջեն դեֆիցիտային էր: Ողջ աշխարհում հատկապես զարգացող երկրների համար բավականաչափ ընդլայնվել են պետական պարտք-ՀՆԱ սահմանաչափերը: ԵՄ-ն էլ է քննարկում, որպեսզի այդ ցուցանիշը վերանայվի»,- ներկայացրեց նա:
Հարցին՝ նախկին իշխանություններն էլ էին պետական պարտք կուտակել, ներկաներն էլ, որքանո՞վ են դրանք համեմատելի, Մանուկյանը պատասխանեց, որ ՀՀ-ն ունի բավականաչափ մեծ ծախսային ուղղություններ, բայց դրան զուգընթաց՝ այն եկամուտները, որոնք հավաքագրվում են՝ ամբողջությամբ այդ ծախսերը չեն կարող փակել:

«Դաշտում «փորձագետների» պակաս չկա, նրանք կարող են բացել, 2008 թվականի միջազգային ֆինանսական ճգնաժամի ցուցանիշները ստուգել: ՀՀ արտաքին պարտքի ցուցանիշն այդ ժամանակ 18.5 տոկոսով աճեց ու ՀՀ-ն աշխարհում 3-րդ վատագույն տնտեսական անկումը գրանցեց»,- ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց՝ ներկա իրավիճակում՝ շատ ավելի ուժեղ ճնշումների ֆոնին պետական պարտքն ավելացել է 13.6 տոկոսով ու դրան զուգընթաց տնտեսական անկումը եղել է 7.6 տոկոս. «Այսինքն միջոցների ծախսման եւ կառավարման արդյունավետության առումով, կարծում եմ, սա ցցուն ապացույց է: Մեր ընդդիմադիր գործընկերները ասում էին՝ հարկային համաներում արեք, բայց 2008-ի մեծ ճգնաժամի ժամանակ լուռ էին: Այդ ժամանակ ինչ-ինչ «հետագծեր» ունեցող ձեռնարկություններն են աջակցություն ստացել, բայց մասշտաբային միջոցառումներ չեն իրականացվել, որ հանրության մեծամասնությունն օգտվի»:

Մանուկյանի խոսքով՝ կորոնավիրուսն ու պատերազմը շատ ավելի մեծ ազդեցություն ունենալով ՀՀ տնտեսության վրա՝ հանգեցրել են նրան, որ Կառավարությունն ավելի արդյունավետ է ծախսել ներգրաված միջոցները, քան պակաս ցնցում առաջացրած 2008-ի ճգնաժամի ժամանակ:

Հարցին՝ տարեվերջին պետական պարտքը կհասնի 9 մլրդ դոլարի, ՀՀ-ն այն էականորեն մեղմելու խնդիր չի՞ դնում իր առաջ, նա պատասխանեց,որ Կառավարությունն ունի պետական պարտքի կառավարման ռազմավարություն, եւ այն ներդրումները, որոնք ուղղվում են ենթակառուցվածքներին՝ բերելու են նրան, որ տնտեսությունն ավելի մեծանա, ավելի շատ եկամուտ ստանա, ինչի հաշվին պարտքային բեռը կկարողանան նվազեցնել:

«Բայց գայթակղությունների մեջ չընկնենք, որովհետեւ կորոնավիրուսի պատճառով մի շարք երկրներ վերանայում են իրենց նախկին բյուջետային կանոններն ու սահմանաչափերը արտաքին միջոցների ներգրավման: Օրինակ՝ կան չնախատեսված ծախսեր, կորոնավիրուսի պարտադրած վերազինումները, կեցության ծախսերը չնախատեսված ծախսեր են, եւ դրանք պետք է ինչ-որ աղբյուրի միջոցով ֆինանսավորել: Բոլոր երկրներն այս մարտահրավերներից ելնելով՝ փորձում են դրսի շուկաներից միջոցներ ներգրավել»,- ասաց պատգամավորը:

Տնտեսագետ Արզուման Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ եթե կա պարտք տվող մեր երկրին, ապա պարտք վերցնելը երբեք վնաս չէ,եթե այն նպատակային է օգտագործվում:

«Օրինակ՝ մի 2 տարի առաջ ԱՄՆ-ի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 112 տոկոս էր հասել: Եթե տնտեսությունն աշխատում է, երկրին ճանաչում են, վստահում են, այդ դեպքում պարտք վերցնելը նպատակային օգտագործելու տեսանկյունից ոչ մի վատ հետեւանք չի կարող ունենալ»,- ասաց նա:

Հակոբյանը ոչ մի խնդիր չի տեսնում պետական պարտքի աճելու հարցում. «Եթե պարտքը վերցնում ես, անարդյունավետ փոշիացնում ես, դա է վտանգավոր: Բայց եթե պարտքը վերցնում ես տնտեսության զարգացման համար՝ դա շատ օգտակար է»:

Հարցին՝ ներկայումս ՀՀ կառավարությունն արդյունավե՞տ է օգտագործում այն գումարները, որը պարտք է վերցնում, տնտեսագետը պատասխանեց, որ 2018 թվականից հետո ինչպես միջազգային պարտատերերն են բարձր գնահատում ՀՀ վճարունակությունը, այնպես էլ ինքն է բարձր գնահատում. «Մենք հետպատերազմական վիճակում գտնվող երկիր ենք, թեկուզ պետական պարտքը ՀՆԱ-ի 100 տոկոսից էլ անցնի՝ ես ոչ մի ռիսկ ու վտանգ չեմ տեսնի: Ես տեսնում եմ, որ դա չի փոշիացվում, չի մսխվում, դա օգտագործվում է տնտեսության, բանակի վերականգնման նպատակներով»: Հակոբյանի կարծիքով՝ նախորդ եւ ներկա իշխանությունների վերցրած պարտքերը համեմատելի չեն. «Ե՛վ նպատակի, ե՛ւ արդյունավետության տեսանկյունից համեմատելի չեն: Ներկա իշխանությունների վերցրած պարտքի նպատակներն ու արդյունավետությունը անզեն աչքով էլ անգամ տեսանելի է, եւ անգամ ոչ մասնագետը կարող է նշել, թե ինչու է վերցվել, որտեղ է ծախսվել, իսկ նախկինում վերցրած 7 մլրդ դոլարը չգիտենք, թե ինչպես է ձեւավորվել, ինչ նպատակներով է օգտագործվել»:

Ըստ նրա՝ ո՛չ ռիսկայնություն կա վերջին տարիներին վերցված պարտքի մեջ, ո՛չ էլ աննպատակայնություն: Տնտեսագետն ընդգծեց՝ պետական պարտքը, եթե վերադարձելիության, վճարելիության ռիսկեր չունի, ապա դա տնտեսագիտական տեսանկյունից շատ օգտակար է, եւ այն պետք է վերցնել:

Աղբյուր՝ armtimes.com