Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելա-պաղեստինյան բախումը գնում է դեպի էսկալացիա. Իսրայելը ցամաքային գործողությունների սցենարներ է մշակում․ արաբագետ

Իսրայելա-պաղեստինյան բախումը գնում է դեպի էսկալացիա. Իսրայելը ցամաքային գործողությունների սցենարներ է մշակում․ արաբագետ
Հարցազրույց
11:46, 12 май 2021
Ողջ գիշեր շարունակվել են հրետակոծությունները Իսրայելի քաղաքների վրա և Գազայի հատվածում։ Արդեն իսկ հսկայական ավերածություններ կան, զոհերի թիվն աճում է։ Civic.am-ը զրուցեց արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ։

- Պարո՛ն Գրիգորյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ հենց այս պահին նման լարում եղավ Իսրայելա-պաղեստինյան սահմանին և ինչ զարգացումներ են հնարավոր։
 

- Ես կարծում եմ, որ պատճառներից կարելի է գտնել ներպաղեստինյան իրողություններում, այնտեղ ընտրությունների են պատրաստվում:

Կան հակասություններ պաղեստինյան քաղաքական ուժերի միջև, և այդ հակասությունները բավականին լայն են․ այդ առումով  պաղեստիցիների շրջանում կա նաև վստահության կորուստ ներկայիս իշխանությունների եւ Մահմուդ Աբասի նկատմամբ, որը լրացուցիչ կարծես լարում է իրավիճակը, հատկապես այն առումով, որ ոչինչ չի արվում Իսրայելին դիմակայելու առումով, և սա բերեց նաև բնակչության անհնազանդությանը: Բացի դրանից, եթե պետք է լինեին ընտրություններ, ընտրությունները պետք է լինեն նաև Երուսաղեմում, իսկ այստեղ գիտենք, որ պաղեստինցիները իհարկե պետք է մասնակցեին ընտրությունների, բայց Իսրայելը ամեն կերպ փորձում է թույլ չտալ, որ այստեղի պաղեստինցիները, որոնք Իսրայելի քաղաքացիներ չեն՝ մասնակցեն ընտրություններին։ Մյուս կողմից՝ Իսրայելի ներսում էլ կան խնդիրներ եւ սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ներիսրայելական քաղաքական միջավայրում: Սա էլ իր ազդեցությունն է ունենում Իսրայելին վերաբերող թե՛ ներքին, թե՛ արտաքին որոշակի խնդիրների եւ այդ թվում՝ Պաղեստինի մասով։ Մյուս կողմից՝ տարածաշրջանում լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում, որի մաս են կազմում  թե՛ պաղեստինցիները, թե՛ իսրայելցիները: Եվ սա իր ազդեցությունը պետք է ունենա նաև արաբա-իսրայելական հակամարտության վերսկսման վրա: 

- Արտաքին լրացուցիչ ի՞նչ ազդեցություններ են նպաստում հակամարտության սրման վրա։

- Դրանցից կարող եմ առանձնացնել Միացյալ Նահանգների դիրքորոշումը: Նախկին վարչակազմը ավելի պրոիսրայելական էր, ներկայինս, կարծես, զուսպ է այս առումով: Եվ կարծում եմ՝ որոշակի ազդեցություն ունեցան նաև տարածաշրջանային որոշ իրողություններ: Գիտենք, որ Իսրայելի հետ փորձում են հարաբերությունները բարելավվել որոշ արաբական երկրներ եւ սա նաև լուրջ մտահոգություն է առաջացնում մուսուլմանական երկրների մոտ, որոնք չեն կիսում Իսրայելի հետ հարաբերությունների մերձեցման քաղաքականությունը:

Եվ սա կարծես էլի տարածաշրջանում լարվածության ևս մեկ օղակ էր, որը ազդեց արաբա-իսրայելական հակամարտության այսօրվա պոռթկումի վրա, որը մենք տեսանք։ Ժամանակ առ ժամանակ արաբա-իսրայելական հակամարտության մեջ լինում էին վայրիվերումներ, բայց կարծես այն իրավիճակում ենք, որ հակամարտությունը գնում է դեպի լարվածություն: Այսինքն, դեռևս մեղմացման որոշ քայլեր չեն արվում, իսկ սա վտանգավոր է:

- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին է մեղադրել լարվածության համար, սա ինչո՞վ է պայմանավորված։

- Թուրքիան նախ տարածաշրջանային երկիր է իր ամբիցիաներով և նպատակներով: Էրդողանը փորձում է դիրքավորվել այստեղ ոչ միայն որպես թուրքական աշխարհի, այլև մուսուլմանական աշխարհի լիդեր: Իսկ որևէ խնդիր, որն առնչվում է իսլամական աշխարհի հետ, այնպիսի խնդիր, ինչպիսին արաբա-իսրայելական հակամարտությունն է, որը շատ զգայուն խնդիր է և այն լիդերները, որոնք-որ ունեն հավակնող ծրագրեր, հատկապես իսլամական աշխարհում ամուր դիրքեր ունենալու առումով՝ պետք է խաղարկեն այս խաղաքարտը, իսկ հիմա շատ հարմար պահ է, որ Էրդողանը ևս մեկ անգամ իսլամական աշխարհին փորձում է ներկայանալ մուսուլմանական աշխարհի լիդեր և քննադատի Իսրայելին: Ու սա ևս մեկ անգամ առիթ է, որն Էրդողանը օգտագործեց՝ մեղադրելով Իսրայելին, ահաբեկչության, պաղեստինցիներին ճնշելու, սպառնալու, պատերազմ հրահրելու մեջ: Էրդողանը օգտվել է միշտ, հիմա շարունակում է նույն ոճով:

- Առաջիկայում ի՞նչ զարգացումների սպասենք, արդյո՞ք պատերազմում կներգրավվեն այլ երկրներ։

- Շատ բարդ հարց է. կանխատեսումներն այդ առումով անշնորհակալ գործ կլինի, հատկապես մերձավորարևելյան խնդիրներին վերաբերող, արաբա-իսրայելականն էլ դրանցից մեկն է, բայց ամեն դեպքում այստեղ ուղղակի շահերը այնքան են միախառնված՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային, որ, կարծում եմ, ավելի շատ ջանքեր պետք կլինեն հանդարտեցնելու իրավիճակը: Եվ այստեղ, կարծում եմ, ավելի ակտիվություն կդրսևորեն տարածաշրջանային և արտատարածաշրջանային  ուժային խաղացողները: Արդեն ազդանշանները կան, ըստ իս, ազդակները կան, որոնք կոչ են անում կողմերին նստել բանակցային սեղանի շուրջ և թոթափել լարվածությունը: Եվ կարծում եմ՝ այս ուղղությամբ որոշակի քայլեր կիրականացվեն: Սակայն, ես ասեցի, որ գնում է դեպի էսկացիա, Իսրայելը արդեն հայտարարել է, որ ցամաքային գործողությունների սցենարներ է մշակում, բայց կանխատեսելի խաղացողների շահերից է բխում, որ իրավիճակը հանդարտվի։

Գեղամ Ադյան