Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի ԱԽ մեխանիզմը կարող է գործարկվել․ կարևոր է հաշվի առնել դիմելու ընթացակարգերը և ժամկետները․ միջազգայնագետ

Անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի ԱԽ մեխանիզմը  կարող է գործարկվել․ կարևոր է հաշվի առնել դիմելու ընթացակարգերը և ժամկետները․ միջազգայնագետ
Հարցազրույց
18:41, 18 май 2021
Մայիսի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ-ին՝ պայմանագրի 2-րդ հոդվածով՝ Ադրբեջանի զինծառայողների կողմից Հայաստանի սահմանը հատելու և առաջանալու խնդրի լուծման նպատակով աջակցություն ստանալու համար։ Վաղը՝ մայիսի 19-ին, Դուշանբեում կկայանա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արդեն իսկ մեկնել է՝ նիստին մասնակցելու համար։ 

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է միջազգայնագետ Վարդուհի Հարությունյանի հետ։

-  Տիկի՛ն Հարությունյան, վաղը տեղի կունենա ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարները խորհրդի նիստը, ի՞նչ կարող է Հայաստանը ակնկալել այդ նիստից։
 

- Մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստին օրակարգային հարցերի թվում նախատեսվում է քննարկել Կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, այդ թվում՝ բնականաբար, ադրբեջանական սադրանքը Հայաստանի ինքնիշխան տարածքում։ 
Խնդիր կա հստակեցնել և ներդաշնակեցնել ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումը առկա իրավիճակի առնչությամբ։ Միևնույն ժամանակ, ինչպես նախատեսում է ՀԱՊԿ Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգը՝ ԱԳ նախարարների խորհուրդը այն մարմիններից մեկն է, որը քննարկում է ստեղծված ճգնաժամային իրավիճակը կանխելուն և սպառնալիքը չեզոքացնելուն ուղղված համատեղ միջոցառումները: Սա կարևոր է ՀԱՊԿ-ի գործիքակազմի կիրառման տեսանկյունից:

- Եթե Հայաստանը չստանա ակնկալվող աջակցությունը, որո՞նք պետք է լինեն պաշտոնական Երեւանի քայլերը։ 

- Դեռ վաղ է նման կանխատեսումներ անել: Այս փուլում պաշտոնական Երևանի առաջնահերթ նպատակը ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված քննարկումների իրականացումն ու իրավիճակին համարժեք առաջարկների մշակումն է։ ԱԳՆ խորհրդի, ՊՆ խորհրդի և ԱԽ կոմիտեների կոնսուլտացիաների ընթացքը, բովանդակությունը և առաջարկների մշակումը կախված կլինեն նաև սահմանին առկա իրավիճակից և դրա փոփոխությունից: Բացի այդ՝ Հայաստանի դիվանագիտական ջանքերը չեն սահմանափակվում ՀԱՊԿ-ի գործիքակազմի կիրառմամբ. հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության գործիքակազմի կիրառումը ևս կարևոր է այս պարագայում, ինչը կարող է ավելի արդյունավետ լինել, քան ՀԱՊԿ-ի ձևաչափը:

- Կարծիքներ կան, որ ՀԱՊԿ-ն անարդյունավետ կառույց է եւ ՀՀ-ն պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ, արդյո՞ք նման մոտեցումը տեղին է այս պահին։

-Առաջին անգամ է, որ ՀԱՊԿ-ը նման դիմում է ստանում անդամ պետությունից: Ուստի ՀԱՊԿ-ի հեղինակության տեսանկյունից ևս կարևոր է իրավիճակին համարժեք արձագանքելը՝ ցույց տալու կազմակերպության կենսունակությունը և արդյունավետությունը: 
Ինչ վերաբերում է հարցը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելուն, ապա դա ևս ճգնաժամի հաղթահարման հնարավոր գործիքներից մեկն է։
Անհրաժեշտության դեպքում այդ մեխանիզմը ևս կարող է գործարկվել, սակայն այստեղ ևս կարևոր է հաշվի առնել ՄԱԿ-ի ԱԽ դիմելու ընթացակարգերը և ժամկետները։

- Հայաստանը ինչպե՞ս կարող է օգտվել Ֆրանսիայի կողմից առաջարկվող աջակցությունից եւ եթե Ադրբեջանը իր զորքերը ետ չքաշի՝ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ քայլեր կհետեւեն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից։ 

- Թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ-ի միջամտությունը դեռևս եղել է հայտարարությունների և հեռախոսազանգերի տեսքով: Գործնական քայլեր՝ ուղղված իրավիճակի փոփոխմանը, նրանց կողմից նույնպես չեն եղել: Չի բացառվում, որ որևէ փուլում Ֆրանսիան և ԱՄՆ-ը ևս կփորձեն ակտիվացնել իրենց ջանքերը տարածաշրջանում ստեղծված ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:

Գեղամ Ադյան