Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներից 3-ը դատապարտել են ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունը, ի՞նչ ջանքեր են գործադրվել, որ հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի ԱԽ․ Արթուր Սաքունց

ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներից 3-ը դատապարտել են ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունը, ի՞նչ ջանքեր են գործադրվել, որ հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի ԱԽ․ Արթուր Սաքունց
Հարցազրույց
15:07, 19 май 2021
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտնել է, որ Հայաստանի խնդրանքով ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակը: Այնուհետև տեղեկացրել, որ  «Կողմերի (Հայաստանի և Ադրբեջանի) միջև նախնական պայմանավորվածության համաձայն` Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է օգնություն տրամադրել սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսելու և անցկացնելու հարցում` հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կարող է մասնակցել խորհրդականի կարգավիճակով,եթե կուզեք` միջնորդի»։ 

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

«Նվազագույնը տարակուսանք է առաջացնում այն մոտեցումը, որ պետք է հանձնաժողով ստեղծվի ուսումնասիրելու համար, որովհետև խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ի անդամ պետության և ՀԱՊԿ-ի անդամ պետություն չհանդիսացող մեկ այլ կողմի իրավիճակին։ Սա հիշեցնում է խորհրդային միության այն մոտեցումը, թե եկեք ստեղծենք հանձնաժողով ուսումնասիրելու և այլն, որ ընդամենը զորքերը երեք օր էին ուշացել Սումգայիթի եղեռնագործությունից, տեղի էին ունենում խայտառակ իրադարձություններ, մարդկանց նկատմամբ բռնություններ, իսկ մենք դեռ մտածում էինք, թե ինչպես արձագանքել։ ՀԱՊԿ-ը արդեն ոչ թե անվտանգության երաշխավոր է հանդիսանում, տվյալ դեպքում ՀԱՊԿ անդամ պետության, այլ հանձնաժողովի է վերածվում, որը զուտ ուսումնասիրություններ է կատարում և միջնորդական առաքելության դեր է ստանձնում՝ անդամ պետության և այլ պետության միջև հարցերի ծագման դեպքում։ Ըստ էության, ՀԱՊԿ-ը դադարում է որպես անվտանգության մարմին լինել։ Կարծում եմ, որ արդեն բոլոր հիմքերն ունենք ֆորմալ, ձևական առումով մնալ ՀԱՊԿ-ի անդամ, բայց մեր անվտանգության ապահովման ուղղությամբ այլ համագործակցություններ ձևավորել»,-ասաց Արթուր Սաքունցը։     
  
Իրավապաշտպանի խոսքով՝ Հայաստանը չի կարող մնալ ՀԱՊԿ-ի կապանքների մեջ, գտնվել այդ  սահմանափակումների մեջ և չի կարող մնալ իր անվտանգությունը ապահովելու համար քայլեր չանելու իրավիճակում։ 

«Եվ բնականաբար կան առաջարկներ՝ հանձինս Ֆրանսիայի, որը ՄԱԿ-ի հինգ մշտական անդամ պետություններից մեկն է, նաև ՆԱՏՕ-ի անդամ  պետություն է, որի հետ կարող է և պետք է անվտանգության խնդիրների լուծման նպատակով սկսել ակտիվ բանակցություններ, որովհետև նմանապես ՌԴ-ն՝ լինելով ՀԱՊԿ-ի անդամ պետություն, ՆԱՏՕ-ի անդամ պետութունների հետ ակտիվ ռազմական համագործակցության մեջ է, և՛ իր անվտանգային, և՛ իր քաղաքական, ռազմաքաղաքական խնդիրները լուծելու համար։ Ես հասկանում եմ, որ այն ինչ թույլատրված է  Ապոլլոնին, սովորական մահկանացուներին թույլատրված չէ, բայց իմ համոզմամբ, երբ խոսքը վերաբերում է պետության, քաղաքացիների անվտանգությանը,ապա մնացածը դառնում է ձևականություն»,-ասաց իրավապաշտպանը։ 

Վերջինս նշում է, որ այն քայլերը, որոնք հիմա Լավրովն իրականացնում է, ամբողջը գտնվում է անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ձևաչափի հիման վրա և այս պահին միայն այդ ձևաչափն է գործում և ՀԱՊԿ կամ երկկողմանի ռազմավարական  դաշնակցային որևէ հարաբերություն չի գործում։ 

«Նախ այդ եռակողմ համաձայնագիրը միջազգային իրավունքի որևէ հիմքերով ամրապնդված չէ, որևէ միջազգային ինստիտուտով չի գործում,  այլ ընդամենը մի եռակողմ ինչ-որ համաձայնություն է՝ հրադադարի, պատերազմական գործողությունների դադարեցման առումով։ Եվ ավելին, դեռևս համաձայնագրի կետեր կան, որոնք չեն կատարվել, նույն ռազմագերիների վերադարձը, այդ եռակողմ համաձայնագիրը չի կարող տարածվել միջպետական սահմանազատման աշխատանքների վրա, որի վերաբերյալ կան ԵԱՀԿ-ի հստակ մոտեցումները։ Եվ՛ Ռուսաստանի դաշնությունը, իր վարքագծով որպես ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ, և՛ որպես ՀԱՊԿ-ի առանցքային, պետություն, ինքն ըստ իր մոտեցումների չի գտնվում այդ դիրքերում։ Հետևաբար, հարցը միանշանակ պետք է տեղափոխել միջազգային այն ինստիտուտների հարթակ, որոնք կարող են և՛ երաշխավորել, և՛ կարող են, ու գործելու են միջազգային իրավունքի տեսակետից։ Իսկ տվյալ դեպքում ոչ թե միջազգային իրավունքն է գործելու, այլ գործելու է պարտադրանքը, ինչ-ինչ համաձայնությունները, որոնք կարող են ձեռք բերվել Ադրբեջան-Ռուսաստան, Ռուսաստան-Թուրքիա, Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում, որտեղ Հայաստան գոյություն չունի»,-ասաց Արթուր Սաքունցը։ 

Իրավապաշտպանը կարծում է, որ մեր պետության և քաղաքացիների անվտանգային շահը թելադրում է, որ այս եռակողմ փակուղուց ելքը միջազգային իրավունքի և միջազգային ինստիտուտների ներգրավումն է՝ հետպատերազմյան ժամանակաընթացքում անվտանգային, տարածքային, մարդասիրական իրավունքի խնդիրները լուծելու համար։

Իրավապաշտպանը նաև նշեց, որ բոլոր խնդիրները նկատի ունենալով՝ պատերազմն իհարկե մեծ հարված էր, մանավանդ նման իրավիճակում,բայց բավարար ժամանակ կար և դա պետության պարտավորությունն էր, սահմանային, անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով։ 

«Նկատի ունեմ սահմանապահ ծառայություն, ԶՈՒ ստորաբաժանումների դիրքավորում, մանավանդ, որ դրանց վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր կային և այստեղ որևէ պատճառաբանություն, հիմնավորում, առավել ևս հղում ինչ-որ կլիմայական պայմաններին և այլն, անհեթեթ է։ Բայց, քանի որ այդ միջոցները չեն ձեռնարկվել ու հիմա շատ ուշ է արձագանքվում ստեղծված վիճակին,  ես գտնում եմ, որ դիվանագիտական բոլոր հնարավոր ջանքերը դեռևս չեն գործադրվել, մանավանդ, որ դրանց ուղղությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներակայացուցիչները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, նույնիսկ Մեծ Բրիտանիան իրենց դիրքորոշումներն արտահայտել են։ Փաստորեն ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներից երեքը  հստակ անհանգստություն ունեն և նաև դատապարտել են այդ ոտնձգությունները ՀՀ-ի տարածքային  ամբողջականության հետ կապված։ Եվ միանշանակ է, որ  հստակ դիրքորոշում կա Ադրբեջանի պահվածքի  հետ կապված։ Իսկ այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ի՞նչ ջանքեր են գործադրվել, որպեսզի հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի ԱԽ, դեռևս  չենք տեսնում։ Ես հասկանում եմ, որ զուգահեռ անվտանգային  միջոցները պետք է ձեռք առնվի ազգային մակարդակով, բայց ուժի միջոցով խնդրի լուծումը դա պետք է լինի ամենածայրահեղ միջոցը, որովհետև հերթական անգամ ռիսկի ենթարկելով մարդկանց կյանքը և այլն,հատկապես այս իրավիճակում, դա կլինի մեծ արկածախնդրություն»,-ասաց Արթուր Սաքունցը։
                                 
Նա նաև նշեց, որ ՊՆ-ի հայտարարությունն էլ էր իր համար անակնկալ, որ եթե այդ ռեսուրսները կային, որ կարող էին ուժ գործադրել,  ինչո՞ւ միանգամից չեն գործադրել։  

Դրանով հանդերձ, իրավապաշտպանը  գտնում է, որ ի սկզբանե էլ, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմական գործողությունների ավարտից հետո, ջանքերը պետք է գործադրվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում հարցը բարձրացնելու, այդ թվում՝ պատերազմի հետևանքների հետ կապված, որովհետև պատերազմական բազմաթիվ հանցագործություններ են տեղի ունեցել։ 

Իրավապաշտպանի մոտ տպավորություն է, որ հիմա ինչ ջանքեր էլ գործադրում են՝ սահմանափակվում է եռակողմ համաձայնագրի շրջանակներում, որն արդյունավետ չի, արդյունավետ չի եղել ու չի լինելու։ 

Խոսելով նաև ստեղծված իրավիճակում Իրանի հայտարարությունների մասին՝ իրավապաշտպանն ասաց, որ Իրանի  բոլոր դիրքորոշումները, գնահատականները ևս վկայում են, որ խնդիրը պետք է բարձրացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ 

«Որովհետև առանձին ջանքերը կամ առանձին դիրքոշումները չեն կարող արդյունք ունենալ, երբ որ դրանք չեն մեկտեղվում, դրանց արտահայտման և գործադրման համար այն հարթակները չեն գործի գցվում, որպիսիք միջազգային այդ ատյաններն են։ Դրանք ռեսուրս են, դրանք հնարավորություն են, բայց հնարավորության իրագործման տեղը դա միջազգային հարթակն է, Անվտանգության խորհուրդն է, որտեղ արդեն Իրանի խոսքը կհնչի ոչ թե որպես զուտ հայտարարություն, այլ դա կներկայացվի որոշումների կայացման գործընթացում»,-եզրափակեց Արթուր Սաքունցը։

Լիլիթ Թադևոսյան