Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմագերիների վերադարձի անհարկի ձգձգումը դիտարկվում է որպես ռազմական հանցագործություն․ Ադրբեջանը պարտավոր է հաշվի նստել բանաձևի հետ․ Վլադիմիր Վարդանյան

Ռազմագերիների վերադարձի անհարկի ձգձգումը դիտարկվում է որպես ռազմական հանցագործություն․ Ադրբեջանը պարտավոր է հաշվի նստել բանաձևի հետ․ Վլադիմիր Վարդանյան
Հարցազրույց
17:21, 21 май 2021
Երեկ Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ գերիներին։ Մոտ մեկ ամիս առաջ նույնաբովանդակ հայտարարություն ընդունվեց նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի կողմից, որով կրկին կոչ էր արվում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։

Civic.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունների գործունեությունը պետք չէ ո՛չ գերագնահատել, ո՛չ էլ թերագնահատել, որովհետև ամեն մեկը գործում է իր իսկ մանդատի շրջանակներում, և ընդունված փաստաթղթերը կրում են բարոյաքաղաքական բնույթ․ «Ես կցանկանայի, որ մենք ռազմագերիների վերադարձի գործընթացը չդիտարկենք որպես մեկ քայլանի գործընթաց։ Յուրաքանչյուր հայտարարություն, յուրաքանչյուր դիրքորոշում՝ յուրաքանչյուր պետության կամ միջազգային կազմակերպության կողմից ճնշում է Ադրբեջանի նկատմամբ այդ հարցով։ Եվ Եվրոպական խորհրդարանը, որը Եվրոպական միության ներկայացուցչական մարմինն է, ընդունել է համապատասխան փաստաթուղթ, որով կոչ է անում անհապաղ հայրենադարձնել բոլոր հայ ռազմագերիներին»։ 

Վլադիմիր Վարդանյանի խոսքով այս փաստաթուղթն այլ փաստաթղթերի հետ միասին ուժեղացնում է ճնշումը Ադրբեջանի նկատմամբ և սեղմում է միջազգային ճնշման այն օղակը, որն ի վերջո պետք է հանգեցնի բոլոր ռազմագերիների վերադարձին․ «Բոլոր բանաձևերն ու հայտարարությունները միասին ուժեղացնում են ճնշումն ու հասնում են այն մակարդակի, որը կարող է հիմք հանդիսանալ որպեսզի ռազմագերիներն օր առաջ վերադառնան։ Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին՝ ապա ևս մեկ անգամ հստակ պետք է արձանագրվի և մենք սա ասում ենք բոլոր հարթակներում, բոլոր կազմակերպություններում, բոլոր պետությունների ներկայացուցիչների հետ մեր ունեցած խոսակցություններում՝ «Ռազմագերիների վերադարձի անհարկի ձգձգումը դիտարկվում է որպես ռազմական հանցագործություն»։ 

Պատգամավորը շեշտեց նաև, որ այն փաստը, որ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել մեր ռազմագերիներին՝ պարզապես արձանագրումն է նրա, որ Ադրբեջանը կատարում է ռազմական հանցագործություն և վկայությունն է նրա, որ Ադրբեջանը որևիցե եղանակով չի ցանկանում համագործակցել միջազգային հանրության հետ։ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ վաղ թե ուշ Ադրբեջանի այս վարքագիծը արժանանալու է միջազգային հանրության ամենակոշտ գնահատականին։

Եվրոպական խորհրդարանի ընդունած՝ հայ գերիների վերադարձի բանաձևը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան անվանել է թղթի կտոր և ընդգծել․«Դա ընդամենը թղթի կտոր է և չի արտացոլում Եվրոպական Միության վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը հետաքրքրված է ԵՄ-ի հետ համապարփակ հարաբերությունների զարգացմամբ»։ 

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները զարգացում կապրեն՝ Ադրբեջանի նման վերաբերմունքի պարագայում։

«Եվրոպական խորհրդարանը չի հանդիսանում Եվրոպական միության օրենսդիր մարմին, այն հանդիսանում է ներկայացուցչական մարմին, բայց չպետք է մոռանանք, որ Եվրոպական խորհրդարանը լրջագույն դերակատարություն ունի եվրոպական կառույցների ձևավորման հարցում»,-հիշատակեց պատգամավորն ու նշեց, որ Միլլի Մեջլիսի խոսնակի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ներպետական, ներքաղաքական սպառման համար ասված հայտարարություն։

Վլադիմիր Վարդանյանն այս համատեքստում նաև ընդգծեց, որ Եվրոպական միության կառույցները պարտավոր են հաշվի նստել իրենց իսկ մարմնի կողմից ընդունված համապատասխան բանաձևի հետ։ Ինչպես նաև Եվրոպական միությունը ինքը պետք է որոշի, թե ինչ քայլերով և ինչ միջոցներով պետք է ի կատար ածի այն բանաձևը, որն ընդունվել է իր իսկ մարմնի կողմից։

Նարա Մարտիրոսյան