Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրի փոխանակման վերաբերյալ առկա են արձանագրություններ, քվեարկության արդյունքներ․ անհրաժեշտ է ներկայացնել բացատրություն՝ պետական դավաճանության դրդապատճառների վերաբերյալ․ Անդրանիկ Քոչարյան

Մեղրի փոխանակման վերաբերյալ առկա են արձանագրություններ, քվեարկության արդյունքներ․ անհրաժեշտ է ներկայացնել բացատրություն՝ պետական դավաճանության դրդապատճառների վերաբերյալ․ Անդրանիկ Քոչարյան
Հարցազրույց
19:15, 08 июнь 2021
«Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի կողմից վերջին շրջանում արված հայտարարությունների վերաբերյալ զրուցել ենք ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։

-Ռոբերտ Քոչարյանը,  փորձելով քննադատել գործող իշխանությանը, վերջինիս կողմից իրականացված դրամական պարգևատրումները որակում է որպես կոռուպցիոն դրսևորում։ Պարոն Քոչարյան, Ձեր կարծիքով որքանո՞վ է սա հիմնավորված: 

-Քոչարյանը պարգևատրումները համարում է կոռուպցիա: Նա ընդհանրապես չի կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է պետական բարձրաստիճան պաշտոնյան կամ պետական չինովնիկը ստանալ արժանի վարձատրություն և մերժել կաշառքը, մերժել ծրարները, մերժել իր ստորագրությունների արդյունքում իրականացվող զանազան օրինազանցությունների մեջ մասնակցությունները՝ փայերի կամ այլ գույքային մանիպույլացիաների միջոցով: Քոչարյանը չի կարողանում հասկանալ՝ թե ինչպես կարող է պետությունն իր ողջ ծախսերն իրականացնել միայն պետական բյուջեի հաշվին, թե ինչպես կարող է բիզնեսը հարկ վճարել միայն մեկ տեղ՝ պետական բյուջեին, այլ ոչ տարբեր պաշտոնյաներին, նրանց հարազատներին կամ չինովնիկներին: Նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող են պետական կառավարման համակարգում բացակայել օլիգարխները, թե ինչպես կարող են  չունենալով իշխանության հովանավորչությունը՝ գործարարները Հայաստան ներմուծեն առաջին սպառման ապրանքներ և այլն: Հուսանք՝ ժամանակի ընթացքում և առաջիկա ընտրությունների արդյունքով նա վերջնականապես կհասկանա:

-Համաձայն Ռոբերտ Քոչարյանի պնդման՝ պատերազմի հիմնական շարժառիթներից են եղել բանակի թուլացումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի շփման գծի ողջ երկայնքով բաց տարածքներն ու խիտ դիրքերի բացակայությունը: 
Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։


-Իսկ միգուցե ճիշտ հակառա՞կը: Միգուցե Ադրբեջանին խիստ անհանգստացնու՞մ էր 2018 թվականից հետո Հայոց բանակի նկատմամբ պետության վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը, բանակի վրա իրականացվող ծախսերի մեծացումը և սպառազինության արդիականացման գործընթա՞ցը: 

Իսկ ինչ վերաբերում է սահմանի շփման գծի երկայնքով բաց տարածքներն ու խիտ դիրքերի բացակայությանը, ապա Ռոբերտ Քոչարյանը շատ իրավացի է: Այո՝ սահմանի ողջ երկայնքով չեն եղել պաշտպանական ենթակառուցվածքներ, և ոչ միայն սահմանի: Չեն եղել պաշտպանական ենթակառուցվածքներ Շուշիի, Ստեփանակերտի և այլ ուղղություններով: Իսկ ինչո՞վ էր զբաղված Ռոբերտ Քոչարյանը 1998-2008 թվականներին, Սերժ Սարգսյանը 2008-2018թթ, բոլորին հայտնի է։ Նրանց պաշտոնավարման ժամանակահատվածում  համապատասխան գեներալները պետք է պատասխան տան սահմանի այդ իրավիճակի համար:

-Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ իր համար անհասկանալի է եղել «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը և որ իր կարծիքով այն անհամատեղելի է բոլոր կողմերին բավարարող լուծում գտնելու սկզբունքի հետ։ 

-Այո, Վարչապետի կողմից արվել է այդ արտահայտությունը և դարձել  քաղաքական շահարկումների առարկա: Իսկ եթե Արցախը Հայաստան չէ, ապա ի՞նչ է: Այդ շահարկումները կարող են անել շատերը, բայց ոչ Ռոբերտ Քոչարյանը: Նա դեռևս 1998 թվականին է Արցախը համարել Հայաստան, երբ թիրախավորել է ՀՀ նախագահի պաշտոնը: Երևի Արցախի Հայաստան լինելու հանգամանքն է իրեն դրդել հանել Արցախի իշխանություններին ԵԱՀԿ բանակցային գործընթացից:    

-Պարոն Քոչարյան, երկրորդ նախագահը  շարունակաբար խուսափում է Մեղրիի փոխանակման վերաբերյալ որևէ մեկնաբանությունից, ըստ Ձեզ ո՞րն է դրա պատճառը։

-Քոչարյանը հրաժարվում է մեկնաբանել Մեղրու փոխանակման փաստը՝ հղում անելով, որ չի ցանկանում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Բայց դա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չէ: Դա ՓԱՍՏ Է: Եթե մի բանի վերաբերյալ առկա են արձանագրություններ, քվեարկության արդյունքներ, ինչպես նաև ականատեսների վկայություններ, ապա դա հայտարարություն չէ, այլ փաստ: Հետևաբար դա անհրաժեշտ չէ մեկնաբանել: Պարզապես անհրաժեշտ է ներկայացնել բացատրություններ՝ պետական դավաճանության դրդապատճառների վերաբերյալ:

-Իր հարցազրույցներում Ռ. Քոչարյանը՝ երկրում ստեղծված իրավական վիճակին անդրադառնալիս, նշում է, որ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում բացակայում է <<նախկինների վերաբերյալ>> օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական որոշում՝ ակնարկելով, որ բոլոր մեղադրանքները շինծու են:

-Այո, գրեթե բացակայում է, քանի որ 20 տարի բռնաբարված դատաիրավական համակարգը բացահայտ սաբոտաժի է ենթարկում արդարադատությունը: Այո բացակայում է, քանի որ Քոչարյանի պաշտպանական խումբը, օրինակ, շուրջ երկու տարի՝ ակնհայտ չարաշահելով իրավունքի նորմի պահանջները, վիժեցնում էր մարտիմեկյան դատավարությունը:

-Ռ. Քոչարյանն իր առաջնահերթություններից է համարում երկրի կառավարելիության խնդիրը՝ գտնելով, որ ներկա պահին երկիրը անկառավարելի է: Արդյո՞ք նրա դիտարկումները այս հարցի վերաբերյալ Ձեր կարծիքով համապատասխանում են իրականությանը: 

-Երկիրն ավելի քան կառավարելի է: Դա ապացուցվել է ինչպես 2018-2019թթ գրանցված տնտեսական արդյունքներով, այնպես էլ հետպատերազմյան քաղաքական սադրանքներին դիմակայելու ունակությամբ: Իհարկե՝ ըստ Քոչարյանի կառավարելիությունը ժողովրդի դեմ բանակի կիրառումն է, քաղաքացուն կրակելը, անհամաձայնության համար դիվանագիտական և այլ կոչումներից զրկումը, այլակարծության բիրտ ճնշումն է, հեռուստատեսության և մամուլի տոտալ հսկողությունը: Ցանկը երկար է: Եթե իրեն համար դա կառավարելիություն է, ժողովրդի համար դա բռնապետություն է: Նման կառավարելիության էջը Հայաստանի ժողովուրդը փակել է 2018 թվականին:   

-Պարոն Քոչարյան, Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, բացառում է այլ տարբերակ, քան իր հաղթանակը: Ըստ նրա՝ իշխանությունն անգամ ռեսուրս չունի՝ ընտրակեղծիքներ կատարելու համար: Ձեր կարծիքը:

-Դե իհարկե չունի: Իշխանությունը չունի նաև տասնյակ հեռուստակայան և հարյուրավոր սոցիալական ցանցերի ֆեյքեր: Իշխանությունը չունի թաղային հեղինակություններ և գործազուրկ ագիտատորներ: Իշխանությունն ունի մեկ ռեսուրս՝ դա երկխոսությունն է քաղաքացու հետ: Եվ ամենակարևորը՝ իշխանությունը ցանկություն չունի կեղծել ընտրությունները: Անկախացումից ի վեր, այս ընտրությունները եզակի են նաև նրանով, որ նույնիսկ փորձագետները չեն կարողանում կանխորոշել ընտրությունների ելքը։

Ամփոփելով ասածս, կուզենայի նշել, որ քոչարյանական էժան ագիտացիայի հիմնական թեզը հետևյալն է՝ «Քոչարյանի օրոք լավ ենք ապրել»: Կարծում եմ, որ այս մարդիկ վերջապես պետք է հասկանան, որ Հայաստանում լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել նաև հասարակության ընկալումների մեջ. Մարդիկ ընտրության են գնում ոչ թե «որկրամոլի» հոգեբանությամբ, ում քաղաքական ընտրությունը պայմանավորված է ստամոքսի պարունակությամբ, նեղ անձնական շահով և գրպանում միանվագ հայտնված 10000 դրամով, այլ երկրում փոփոխվող ժողովրդավարական արժեքային համակարգով, խոսքի և մամուլի ազատությամբ, տնտեսության ազատականացմամբ, իշխանություն ձևավորելու և իշխանությանը պատասխանատվության կանչելու՝ այսինքն սեփական  իշխանություն ունենալու  գիտակցմամբ:

Աննա Դանիելյան

Կարեն