Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան և Բաքուն «գնդակահարում են» Նոյեմբերի 9-ի հայտարարությունը և փորձում Հայաստանին ներքաշել նոր բանակցությունների մեջ. Ռուբեն Մեհրաբյան

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն, և սրա միակ հուսալի ճանապարհը Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղումն է։ Ինչպես նաև նշել է, որ բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում չպետք է վերահսկողություն իրականացնի:  

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ դա իրատեսական է այս ճգնաժամային բնույթի իրադարձությունների կասկադը կանգնեցնելու համար, չկա ուրիշ տարբերակ, սակայն այդ արձանագրումների հետ նաև քայլերը պետք է համապատասխանեն այդ արձանագրմանը։  

«Որովհետև երբ միայն ասվում է խաղաղության մասին, բայց գործուն քայլեր չեն արվում խաղաղության թշնամիներին չեզոքացնելուն ուղղված, ապա հարցեր են առաջանում։ Խոսքը վերաբերում է մեր տարածաշրջանում տևական և հարաբերական խաղաղության ֆունդամենտալ հակառակորդ Ռուսաստանի ներգրավվածությանը, այդ՝ որպես գործոնի չեզոքացմանը, բայց մենք մի կողմից՝ ասում ենք խաղաղություն, մյուս կողմից էլ՝ ոնց որ թե քայլերն այդ ուղղությամբ համակարգված չեն, ավելի շատ սիտուատիվ բնույթ են կրում։ Մենք արձանագրում ենք, որ Ռուսաստանն իր պարտականությունները չի կատարում, բայց թե ինչ է դրան հետևում՝ դա չենք ասում։ Մենք միայն ասում ենք Լաչինի միջանցքում  և Արցախում միջազգային ներկայության անհրաժեշտության մասին, բայց այդ հարցով հարց չենք բարձրացնում ուղիղ ձևով հենց ՄԱԿ ԱԽ-ում, ԵԱՀԿ-ում և այն մայրաքաղաքներում, որտեղ ֆիքսել ենք մեր շահերի, նպատակների և արժեքների ընդհանրությունը»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։       

 Վերջինս նշեց, որ մենք չենք վերանայում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի Ռուսաստանի չարորակ ներգործությունը այս գործընթացների վրա կարողանանք չեզոքացնել, որպեսզի կարողանանք բացվող հնարավորություններից օգտվել։

Այսօր տեղեկություն տարածվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ, սակայն օրվա մասին դեռևս չի նշվում։ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ ոչ միայն օրվա մասին չի նշվում, այլև չի նշվում օրակարգի մասին։

«Ինչ պիտի խոսի հայկական կողմը Լավրովի հետ։  Ես չեմ պատկերացնում։ Բացի դրանից, մենք այսօր գործ ունենք մի գործընթացի հետ, երբ Մոսկվան և Բաքուն դրած գնդակահարում են Նոյեբերի 9-ի հայտարարությունը և փորձում են Հայաստանին ներքաշել նոր բանակցությունների մեջ՝ ուղղված ՀՀ համար ավելի անբարենպաստ պայմաններով նոր ստատուս քվո Հայաստանի վրա փաթաթելուն։ Ահա թե ինչ է տեղի ունենում։ Եվ ես կոչ եմ անում չգնալ այդ հանդիպմանը»,- նշեց  Ռուբեն Մեհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան