Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որպեսզի լիարժեք սպառազինություն ստանանք Արևմուտքից, մենք պարտադիր պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից»․ Ռոմիկ Մխիթարյան

«Ադրբեջանի քաղաքականությունը միանշանակ պարզ է բոլորիս համար՝ Արցախը հայաթափել և Արցախի թեման ընդհանրապես փակել»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելու և Լաչինի միջանցքում ադրբեջանական դրոշի տեղադրման մասին՝ ասաց Երկրապահ կամավորականների միության Երևանի խորհրդի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը։ 

 Նա նշեց, որ իհարկե այս ամենը լուրջ արձագանք է ստացել, և այնպես չի, որ դրեցին ու դա մարսելու են, բայց դրա հետ մեկտեղ էլ, ամենակարևորը՝ մենք շատ լուրջ աշխատանք ունենք հենց դիվանագիտական դաշտում։ 

«Մեր դիվանագետները բոլոր մակարդակներում պետք է ամբողջ աշխարհը տորպեդահարեն, ինչը որ ես տեսնում եմ, որ անում են։ Եվ դիվանագիտական դաշտում ես համոզված եմ, որ հասնելու ենք հաջողությունների, և համոզված եմ, որ Արցախի խնդիրն էլ է լուծվելու, որը լուծվելու է «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով։ Դա է երևի միակ տարբերակը»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։  

Խոսելով նաև Ֆրանսիայի  Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի այն հայտարարության մասին, որով  նա կոչ է արել, որ Ֆրանսիան զենք մատակարարի Հայաստանին, որպեսզի Հայաստանը կարողանա իրեն պաշտպանել, Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ Ֆրանսիան միանշանակ անընդհատ ապացուցում է, որ մեր իրական բարեկամն է, իր բոլոր մակարդակներով՝ սենատորներից մինչև Մակրոն, և իրենք պատրաստ են աջակցելու, և անընդհատ այդ առաջարկություններն արել են։

«Բայց մենք էլ շատ լավ հասկանում ենք, որ կան խոչընդոտներ այդ առումով։ Իհարկե, պաշտպանական ինչ-որ սպառազինություն կամ ռազմական այլ բաներ՝ պաշտպանական խնդիրներ լուծելու համար, հնարավոր է, բայց որպեսզի լիարժեք սպառազինություն ստանանք Արևմուտքից, մենք պարտադիր պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից։ Առաջին քայլը դա պետք է լինի, ՀԱՊԿ-ից, որը որ կա՞, թե՞ չկա։ Ինձ թվում է՝ չկա։ Գոնե Հայաստանի համար այդ կառույցը գոյություն չունի, ինչը բազմաթիվ անգամ ապացուցել է։ Լինելով ռազմական խնդիրներ լուծող դաշինք՝ անընդհատ, չգիտես ինչու, մեզ առաջարկում են, որ պիտի դիտորդներ ուղարկեն, այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ը վաղուց պետք  է լուծած լիներ և՛ Լաչինի միջանցքի խնդիրը, և՛ Հայաստանի տարածքի ամբողջականության հարցը։ Դա է խնդիրը։ Իհարկե, մեր պետությունն ամեն ինչ է անում։ Շատ մեծ դժվարությամբ, բայց տարբեր տեղերից դա էլ է արվում, սպառազինություն գնում ենք, սպառազինություն գալիս է։ Իհարկե, դանդաղ տեմպերով, բայց պատճառը հենց դա է՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն, և այլն»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան