Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանին Թաթարստանի պես ՌԴ-ին կցելու և խժդժությամբ իշխանության գալու ընդդիմության երազանքը չստացվեց. շանս կա ԱՄՆ միջնորդությամբ անվտանգային և Արցախի ժողովրդի իրավունքների հարցեր լուծվեն. Հովսեփ Խուրշուդյան

Հայաստանին Թաթարստանի պես ՌԴ-ին կցելու և խժդժությամբ իշխանության գալու ընդդիմության երազանքը չստացվեց. շանս կա ԱՄՆ միջնորդությամբ անվտանգային և Արցախի ժողովրդի իրավունքների հարցեր լուծվեն. Հովսեփ Խուրշուդյան
Հարցազրույց
18:46, 04 май 2023
ԱՄՆ-ում ընթացող Հայաստան-Ադրբեջան բանակցությունների և դրա շուրջ հնչած հայտարարությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ:

- Պարոն Խուրշուդյան, ԱՄՆ Պետդեպից այսօր հայտարարել են, որ ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը կենտրոնական դեր ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում. ի՞նչ է ենթադրում այս հայտարարությունը, արդյոք խոսքը բացառապես հա՞յ բնակչության մասին է։

- Այո, իհարկե, դա հենց հայ բնակչության մասին է, բայց մեծ հաշվով լավ է, որ ֆիքսում է ամբողջ Արցախի բնակչությունը. դա նշանակում է, որ Արցախի սուբյեկտայնության հարցն է նորից առաջ քաշվում, և այս խորապատկերին Ալիևի հայտարարությունները իհարկե դառնում են առ ոչինչ այն մասին, որ կառուցողական չէ Հայաստան-Ադրբեջան պայմանագրում ներառել Արցախի հարցը։

- Ի՞նչ հնարավոր առաջընթաց կարող ենք ակնկալել բանակցություններից։ Հնարավոր համարո՞ւմ եք որևէ փաստաթղթի ստորագրում։ Երեկ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ուրախ կլինի, եթե հունիսի 1-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի։ 

- Իհարկե, շատ լավ կլինի, և ես կարծում եմ, որ շատ կարևոր է հայկական դիվանագիտությունը, ես նկատի չունեմ միայն բանակցելու հմտությունները, նկատի ունեմ մեծ հաշվով քաղաքական դիրքավորումը Հայաստանի, որը պետք է արտահայտվի Միրզոյանի և Բլինքենի  առանձնազրույցներում,  և Միրզոյանը, իմ կարծիքով, պետք է ցանկություն հայտնի Հայաստանի անունից մեծ հաշվով հեռանկարի տեսակետից ինտեգրվելու արևմտյան անվտանգային համակարգերին։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները պետք է հասկանա, թե ինչ ճարտարապետության է պատրաստ Հայաստանը տարածաշրջանային անվտանգության հարցում, որ ըստ դրա հասկանա, թե ով է իր դաշնակիցը տարածաշրջանում, և ում համար է ինքը հարցեր լուծելու։ Իսկ փաստաթղթեր ստորագրողները երկրի ղեկավարներն են, առավելագույնը, ես կարծում եմ, կհամաձայնեցվի ինչ-որ փաստաթուղթ, որը հետո պետք է երկրի ղեկավարները ստորագրեն: Կամ ինչ-որ կողմ, ինչպես սովորաբար Ալիևը, օրինակ՝ Կազանում փաստաթուղթ ստորագրելուց հրաժարվում էր 2011-ին, երբ շատ թե քիչ հավասարակշռություն կար Արևմուտքի և Ռուսաստանի միջև, իսկ, օրինակ, ավագ Ալիևը 2001-ին հրաժարվեց Քի Վեսթը ստորագրելուց: Այսինքն՝ նախապես համաձայնեցված փաստաթղթերը հրաժարվում էին ստորագրել, բայց այն ժամանակ կար հավասարակշռություն, այսինքն՝ մեկի նախաձեռնությունը տապալելով՝ Ալիևը կարողանում էր հենվել մյուսի վրա, բայց հիմա ամերիկյան առաջարկը մերժելով՝ Ալիևը պետք է հենվի ռուսական  խորտակվող նավի վրա, որը իր շահերից չի բխում, և ինքը դա հասկանում է. շատ ավելի դժվար կլինի ինչ-որ նախապես համաձայնեցված փաստաթուղթ հետո հրաժարվել ստորագրել, այդ առումով ինքը բավականին  կաշկանդված է։ 

- Ալիևը երեկ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի տեքստում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներառման ցանկացած փորձ կարող է «հակաարդյունավետ» լինել, այս պարագայում հնարավոր կլինի՞ որևէ համաձայնություն՝ ձեր կարծիքով։   

- Դա նշանակում է, որ ինքը դեմ է գնում ընդհանուր շրջանակին, որը Ալիևին առաջարկվել է Միացյալ Նահանգների կողմից, և որը այսօր ևս մեկ անգամ շեշտել են Պետդեպարտամենտից։ Եթե ինքը դրան դեմ է գնում և միջազգային  հանրությանը մինչև վերջ դեմ է գնալու, իր միակ ճանապարհը մնալու է կցվել ռուսական նավին, որին չեմ կարծում՝ ինքը գնա։ Համենայնդեպս էլի եմ ասում՝ շատ բան կախված է մեր իշխանությունների ճկունությունից և ճիշտ դիրքավորումից։

- Ալիևը նաև ասել է, թե բացի դիվանագիտականից, այլ միջոց չեն պլանավորում խաղաղության պայմանագրի հետ կապված. սա տակտիկակա՞ն քայլ է բանակցային պրոցեսում, թե՞ կան ռեալ ճնշումներ, որոնք Ալիևին թույլ չեն տալիս ռազմական ճանապարհով սպառնալով ՀՀ-ին պայմաններ պարտադրել։ 

- Դե, իհարկե, Ալիևը սեփական կամքով նման բան ինչի պետք է ասեր, երբ որ միշտ ասում է, որ եթե դիվանագիտական ճանապարհով չլինի, ռազմական ճանապարհով կանենք, և հիմա հանկարծ փոխում է հռետորաբանությունը. պարզ է, որ իր  սեփական կամքով չի դա անում, այլ ճնշումներ  կան։

- Ընդդիմությունն այսօր փաթեթային կապիտուլյացիա է անվանել ԱՄՆ-ում քննարկվող փաստաթուղթը, իսկ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննադատել է իշխանությանը, որ բանակցություններ են ընթանում առանց ՌԴ միջնորդության, որի խաղաղապահները տեղում ԼՂ ժողովրդի անվտանգությունն են ապահովում. ինչպե՞ս կմեկնաբանեք այս քննադատությունը։

- Նախկին իշխանությունների մնացուկները՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շուրջ խմբված, փաթեթային կապիտուլյացիա չեն համարում, երբ որ ռուսները Փառուխը հանձնում էին Ադրբեջանին, երբ որ ռուսները Խծաբերդը հանձնում էին ադրբեջանցիներին, երբ որ ռուսների քթի տակ և իրենց համաձայնությամբ Ադրբեջանը անցակետ է դնում Լաչինի միջանցքում։ Երբ Ռուսաստանի թույլտվությամբ և համաձայնությամբ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա և գրավում տարածքներ՝ այդ ամբողջը նախկինների համար, այդ թվում՝ Արծվիկ Մինասյանի, փայլուն տարբերակներ են, որովհետև իրենք լռել են այդ ամբողջ ընթացքում, իսկ հիմա, երբ շանս կա, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ անվտանգային հարցեր կլուծվեն, Արցախի ժողովրդի իրավունքների հարցեր կլուծվեն, Արցախի կարգավիճակի որոշակի հարց կլուծվի, անվտանգությունը կապահովվի, և Ռուսաստանը չի կարողանա խժդժություններ անել, և իրենց իշխանության գալու շանսերը ընդհանրապես ի դերև են լինում, որովհետև իրենց կործանած երկիրն էր, որ պարտվեց պատերազմում, հիմա արթնացել, վեր-վեր են թռնում և փաթեթային կապիտուլյացիայից են խոսում։ Փաթեթային կապիտուլյացիա իրենք երազում էին, որ լինի Ռուսաստանի հովանավորությամբ, ինչը բարեբախտաբար չստացվեց։ Ռուսաստանի այդ պլանը՝ փաթեթային  կապիտուլացնելու Հայաստանը և կցելու ՌԴ-ին Թաթարստանի պես, իրենց այդ երազանքը չստացվեց բարեբախտաբար, և հիմա իրենք շատ մտահոգ են այդ կապակցությամբ և դրա լրիվ հակառակ բաները համարում են կապիտուլյացիա։

- ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի հաստատել, բայց բարձր մակարդակով կան հայտարարություններ, որ բանակցությունների հաջորդ փուլը պետք է անցկացվի այս ամիս ՌԴ-ում. արդյոք սպասվող բանակցությունները փոխկապակցվա՞ծ են վաշինգտոնյան բանակցությունների հետ, և ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև լուռ համաձայնություն կա՞ դրանց շուրջ։ 

- Չեմ կարող ասել, բայց ինձ համար մտահոգիչ է ցանկացած ռուսական հարթակ որպես բանակցային դաշտ օգտագործելը։

Գեղամ Ադյան