Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե թուրքերն իմանան, որ սահմանի բացումը ՀՀ-ին վնաս է, 5 րոպե հետո սահմանը կբացեն. իրենք առաջնորդվում են իրենց շահով, ոչ թե զգացմունքներով. Գևորգ Պապոյան

Օրերս Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության հերթական նիստը, որի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն ընտրվեց կազմակերպության փոխնախագահ։ Համաժողովին ներկա էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Նա Civic.am-ի հետ հարցազրույցի ընթացքում նշեց, որ համաժողովը բավական թեժ է ընթացել, քննարկումները քաղաքականացված են եղել։ 

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Երևանում տեղադրված «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանին։ «Ինձ հակադարձումներից մեկի ընթացքում ադրբեջանցի պատգամավորը նշեց, որ մենք հակաթուրքական քաղաքականություն ենք վարում, և ես ասացի, որ դա մեր և Թուրքիայի գործն է, մենք կխոսենք և կգտնենք լուծումներ՝ երրորդն ավելորդ է։ Այդ հարցին անդրադարձ է եղել նաև ԱԺ նախագահների մակարդակով քննարկմանը, նույնիսկ ոտքի վրա եղած խոսակցությունների ընթացքում։ Թուրքերի մոտեցումը սա էր՝ մենք դրական էինք տրամադրված, մտադրություններ ունեինք սահմանը բացելու, բայց հիմա այլևս չենք կարող և այլն։ Իմ տպավորությամբ՝ թուրքերը շատ լավ ամեն ինչ հասկանում են, և մեր հայկական մի մեծ թեզ ջախջախվեց, թե, իբր, Թուրքիայի հետ սահմանը բացելով՝ մենք կորցնում ենք մեր ինքնությունը, տնտեսական էքսպանսիայի ենք ենթարկվում»,- ասաց Գևորգ Պապոյանը։ 

Ըստ պատգամավորի, ընդհակառակը՝ թուրքական դիվանագիտությունը շատ լավ է հասկանում, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը ձեռնտու է Հայաստանին, հակառակ դեպքում Թուրքիան վաղուց սահմանը բացած կլիներ։ «Սա Թուրքիայի համար առիթ էր։ Եթե իրենք իմանային, որ դա վնաս է Հայաստանին, 5 րոպե հետո սահմանը կբացեին։ Իրենք իրենց պետական շահը ավելի բարձր են գնահատում, քան իրենց զգացմունքները»։ 

Ըստ Պապոյանի՝ պետք է աշխատել, ջանքեր գործադրել՝ իրավիճակը հետ բերելու համար այն կետին, որտեղից շեղում է տեղի ունեցել։ Չնայած Պապոյանը Չավուշօղլուի հայտարարությունները մտահոգիչ գնահատեց։

Գևորգ Պապոյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգները շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, և Նահանգները ևս իր ներդրած ջանքերի հարցում հետևողական կլինի։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան