Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ բացառում սցենարներ, որի պարագայում Թուրքիան քաոսի մեջ կհայտնվի, բայց Էրդողանին հաջողվել է վերջին տարիներին կոտրել պետական ապարատի դիմադրությունը. թուրքագետ

Չեմ բացառում սցենարներ, որի պարագայում Թուրքիան քաոսի մեջ կհայտնվի, բայց Էրդողանին հաջողվել է վերջին տարիներին կոտրել պետական ապարատի դիմադրությունը. թուրքագետ
Հարցազրույց
17:25, 15 май 2023
Civic.am-ը Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքի ու հնարավոր հետընտրական զարգացումների վերաբերյալ զրուցել է թուրքագետ Գևորգ Կալլոշյանի հետ։

- Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայում անցկացված  նախագահական և խորհրդարանական ընտրությունների  ընթացքը. երեկ երեկոյան արդեն իսկ որոշակի լարվածություն էր նկատվում, տարբեր քաղաքների փողոցներում էին հավաքվել գործող նախագահի և ընդդիմության թեկնածուի աջակիցները։ 

- Թուրքիայում ընտրությունները բավականին լարված մթնոլորտում են ընթանում, քանի որ դեռ մինչև վերջին պահը վերջնական պարզ չէ՝ արդյոք ընտրությունները կավարտվեն առաջի՞ն փուլով, թե՞ ամեն դեպքում երկրորդ փուլ կլինի։ Խնդիրն այն է, որ չնայած այս պահին գործող նախագահի ստացած քվեների ցուցանիշը իջել է՝ մոտ 49.4% է, իսկ բացված քվեատուփերը կազմում են մոտ 99.4%, բայց խնդիրն այն է, որ այդ բացված քվեատուփերի ոչ բոլոր քվեաթերթիկներն են մուտք արվել համակարգ, այսինքն՝ տվյալները դեռ կարող են փոխվել, բացի դրանից, Թուրքիայից դուրս էլ բավականին ակտիվ մասնակցություն է եղել՝ մոտ 1 միլիոն 800 հազար քվեի մասին է խոսքը, որը դեռ չի հաշվարկվել և չի ներառվել այս ընդհանուր տվյալների մեջ։ Այդ պատճառով դեռ շատ քիչ հավանականություն պահպանվում է, որ Էրդողանի ձայները կարող են անցնել 50%-ը։ Բայց ընդդիմության առաջնորդն էլ շատ ակտիվ հետևում է ընթացքին և իր համախոհներին զգոն է պահում։ Եթե Էրդողանը նույնիսկ առաջին փուլով չնչին տարբերությամբ հաղթի՝ Թուրքիայում լարվածությունը միանշանակ կպահպանվի, և հետընտրական որոշ պրոցեսներ կընթանան։ 

- Եթե այնուամենայնիվ երկրորդ փուլ լինի, ըստ ձեզ՝ ի՞նչ արդյունք կգրանցվի, այն դեպքում, երբ երրորդ տեղը զբաղեցրած նախագահի թեկնածու Սինան Օգանը հայտարարել է, որ կաջակցի Քըլըչդարօղլուին։ 

- Այո, երկրորդ փուլում հիմնականում կախված կլինի, թե Սինան Օգանը ինչ դիրքորոշում կորդեգրի։ Երեկվա հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ավելի հավանական է, որ նա կաջակցի ընդդիմության թեկնածուին, սակայն միանշանակ պնդել, թե իրեն ձայն տված բոլոր ընտրողները կաջակցեն Քըլըչդարօղլուին՝ դժվար է ասել, որովհետև Օգանը ինքը գալիս է ավելի ազգայնական շրջանակներից՝ «Շարժում» կուսակցության անդամ է եղել և երկու անգամ վտարվել է կուսակցությունից։ Իր ընտրազանգվածը հետևաբար ավելի ազգայնական տրամադրություններ ունի, որը դժվար է ասել, որ հեշտությամբ ձայն կտա Քըլըչդարօղլուին. դա արդեն մտածելու տեղիք է տալիս, դրա համար այսպես զուտ չոր թվաբանությամբ չենք կարող  ասել, որ նրա ձայները կգնան ընդդիմությանը, և նրա շանսերն ավելի կմեծանան։ 

- Արդյոք ճի՞շտ է տպավորությունը, որ արևմտյան մամուլը աջակցում է ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին, իսկ ՌԴ-ն՝ գործող նախագահին։

- Դեռ մինչև ընտրություններն էլ՝ քարոզարշավի ընթացքում, ակնհայտ էր Արևմուտքի համակրանքը ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուի նկատմամբ, ինչպես նաև բազմաթիվ սոցհարցումներ էին իրականացվել, և հիմնականում արևմտյան հովանավորությամբ գործող կազմակերպությունները իրենք էին միշտ Քըլըչդարօղլուին որպես ֆավորիտ համարում, և այժմ էլ այս տրամաբանությունը չի փոխվել: Ինչպես արդեն նշեցիք՝ այո, Ռուսաստանը ավելի խանդավառ է Էրդողանի ընտրության հարցում, որպեսզի Էրդողանը վերընտրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում, և Ադրբեջանն էլ՝ նույն կերպ, բայց Արևմուտքը իհարկե ուշիուշով կհետևի ընթացքին, և եթե ընտրախախտումներ լինեն՝ համապատասխան հայտարարություններով հանդես կգա։

- Նախորդ ընտրություններում Էրդողանը 52% ձայն էր հավաքել , բայց այժմ անկումը մեծ չէ՝ մանավանդ տնտեսական անկումից և երկրաշարժի հասցրած վնասներից հետո, դա ինչո՞վ է պայմանավորված։ 

- Մի շարք պատճառներ կան. մի կողմից՝ նայում ենք, Թուրքիան մեծ ծրագրեր է իրականացնում ռազմարդյունաբերության և ճանապարհաշինության ոլորտներում, բայց մյուս կողմից՝ իսկապես Թուրքիայի բնակչության կենսամակարդակը բավականին ծանր է, և մասնագետներն էլ հիմնականում այն շեշտադրումն էին անում, որ այս ընտրություններում վճռորոշ են լինելու այդ մարդկանց կենսամակարդակի գործոնը, քանի որ  որքան էլ որ երկիրը ինչ-որ մեծ նախագծեր է իրականացնում՝ սովորական քաղաքացին երբ իր մաշկի վրա չի զգում դրական փոփոխությունները, և հակառակը՝ ավելի դժվարությամբ է կարողանում օրվա հացը վաստակել, այդ պարագայում իհարկե վարկանիշի անկումը տրամաբանական է: Երկրաշարժի հետ կապված, իհարկե, մասնագետները նշում էին, որ այն իր ազդեցությունը կունենա, սակայն պետք է նշել, որ երկրաշարժի գոտում Էրդողանը առաջատար է և մեծ թվով ձայներ է հավաքել, օրինակ՝ Քահրամանմարաշում Էրդողանի ձայները հասել են 71%-ի, Հաթայում, որը ամենաշատ տուժած նահանգներից մեկն է, նույնպես մեծամասնությունը ընտրել է գործող նախագահին։ Այսինքն՝ միանշանակ չի կարելի պնդել, որ երկրաշարժը մեծ ազդեցություն է ունեցել, բայց այդ չնչին մի քանի տոկոսն էլ արդեն նման թեժ պայքարում բավարար է, որ իր դերակատարումը ունենա։ 

- Իսկ ընտրական ինչպիսի՞ պատկեր է գրանցվել հայերով և քրդերով բնակեցված շրջաններում։

- Քրդաբնակ շրջաններում այս անգամ կարծես թե քրդերը ավելի շատ ձայն են տվել ընդդիմության թեկնածուին. կան նահանգներ, մասնավորապես արևելյան և հարավարևելյան նահանգները, որտեղ ավանդաբար «Արդարացում և զարգացում» կուսակցությունը հաղթող դիրքում էր, այս ընտրություններում եթե քարտեզը նայում ենք, այդ նահանգներից շատերը արդեն կարմիր գույնով են ներկված, այսինքն՝ ընդդիմությունն է այնտեղ առաջատար: Իսկ հայաբնակ է միայն Ստամբուլը, այս պարագայում չենք հաշվում իսլամացած հայերին, որ Թուրքիայի արևելյան շրջաններում կան։ Հայերը հիմնականում Ստամբուլում են կենտրոնացած, և մինչև ընտրությունները ես խոսում էի Ստամբուլի մեր համայնքի  որոշ ներկայացուցիչների հետ, որոնք նշում էին, որ միասնական դիրքորոշում չկա, և դժվար է ասել՝ տոկոսային առումով հայերը ում են իրենց ձայնը տվել։ Ամեն դեպքում կարծես թե ավելի շատ ձայն տվել են ընդդիմության թեկնածուին։

- Որքա՞ն հեռուն կարող են գնալ հետընտրական զարգացումները, որովհետև երկու կողմն էլ կարծես թե խիստ վստահ է իր հաղթանակի մեջ, և Էրդողանը դեռ նախընտրական շրջանում հայտարարում էր, որ ոմանք փորձում են Թուրքիան վերածել նոր Սիրիայի։

- Չեմ բացառում նման սցենարներ, որի պարագայում Թուրքիան քաոսի մեջ կհայտնվի, բայց միևնույն ժամանակ Էրդողանին հաջողվել է վերջին տարիներին այդ դիմադրությունը նշանակալի չափով կոտրել, պետական ապարատի մասին է խոսքը նաև՝ ոստիկանական, ռազմական առումներով։ Հիմա շատ ավելի դժվար կլինի։ Բողոքի ցույցերի և հանրահավաքների միջոցով որքանով է հնարավոր հակազդել՝ դժվարանում եմ ասել, բայց ակնհայտ է, որ Թուրքիայում լարվածություն կլինի, և ներքաղաքական լարվածություն կստեղծվի։

Գեղամ Ադյան