Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակցությունների ընթացքում Հայաստանը երբևէ չի ելել այն մեկնակետից, թե Արցախը Հայաստանի մաս է․ Բանակցությունները ինչի՞ շուրջ են ընթացել՝ Արցախի ինքնորոշման, ումի՞ց՝ Ադրբեջանից․ քաղաքագետ

Կիրակի օրը Բրյուսելում կայացավ Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը, որի ավարտից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն տարածեց, որում նշեց, որ կողմերը համաձայնության են եկել փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի դեպքում 29.800 քառ. կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 86.600 քառ.։ Այս հայտարարությունը բազմաթիվ քննարկումների, քննադատությունների առիթ հանդիսացավ։ Այս և այլ թեմաների մասին Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Ղևոնդյանը, անդրադառնալով հանդիպմանը, նշեց, որ որևէ լուրջ առաջընթաց համարել չի կարելի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքի ամրագրմանը, Ղևոնդյանն ասաց, որ այստեղ ևս որևէ նորություն չկա։ «Հայաստանը 1991 թվականից հետո երբևէ չի խոսել այն մասին, որ Արցախը Հայաստանի մաս է, եթե չհաշվենք էմոցիոնալ արտահայտությունները։ Բանակցությունների ընթացքում Հայաստանը երբևէ չի ելել այն մեկնակետից, թե Արցախը Հայաստանի մաս է։ Արցախը միշտ ներկայացվել է որպես անկախ միավոր»,- ասաց քաղաքագետը և հավելեց. «Այո՛, դա նշանակում է, որ Արցախը ներկա պահին գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Եվ սա հենց այն տրամաբանությունն է, ինչի շուրջ այսքան տարի ընթացել են բանակցությունները։ Բանակցությունները ինչի՞ շուրջ են ընթացել՝ Արցախի ինքնորոշման։ Ումի՞ց՝ Ադրբեջանից»։

Ըստ Ղևոնդյանի՝ միջազգային հանրությունը չի հասկանում, երբ Հայաստանը ցանկանում է, որ Արցախը լինի անկախ։ «Միջազգային հանրությունը հասկանում է, երբ Արցախն ի՛նքն է ցանկանում լինել Արցախ»։  

Ըստ քաղաքագետի՝ այս տարիների ընթացքում Ադրբեջանին հաջողվեց իր նարատիվը տարածել, համոզել միջազգային հանրությանը, որ խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, Արցախի հարցը տարածքային վեճ է, և հիմա, ըստ Ղևոնդյանի, Հայաստանը վերադառնում է այն մոտեցմանը, որը որդեգրել էր 80-ականների վերջից սկսած։  «Այդ վերադարձը նշանավորվում է նրանով, որ Հայաստանը փորձում է այդ խնդրից Հայաստանին՝ որպես կողմ, դուրս բերել, և Հայաստանը դառնա միջազգային հանրության մաս, որը կպահանջի Արցախի բնակիչների իրավունքների իրացում։ Իսկ իրավունքների մեջ է մտնում նաև ինքնորոշման իրացումը»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։ 

Ըստ քաղաքագետի՝ թե՛ մեզ, թե՛ միջազգային հանրությանը, թե՛ որոշ չափով Ադրբեջանին ձեռնտու է բանակցային գործընթացի շարունակությունը։ Այս պահին, ըստ քաղաքագետի, չի կարելի սահմանել նպատակներ և նշաձողեր դնել։ Այս փուլում պետք է շարունակել բանակցությունները, փորձել համաձայնությունների գալ, մինչև աշխարհակարգը կհաստատվի։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան