Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը ծնել է Սերժին, իսկ Սերժը ծնել է թայֆաբազարությունը, խուժաններին ու խուլիգաններին. Նրանք պետք է մաքրվեն Հայաստանից․ «Հին Էրիվանի» սեփականատեր

Քոչարյանը ծնել է Սերժին, իսկ Սերժը ծնել է թայֆաբազարությունը, խուժաններին ու խուլիգաններին. Նրանք պետք է մաքրվեն Հայաստանից․ «Հին Էրիվանի» սեփականատեր
Հարցազրույց
18:35, 15 июнь 2021
Մեր զրուցակիցն է գործարար, «Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը։

- Պարոն Տեր-Առաքելյան, նախընտրական այս ժամանակահատվածում նախկին իշխանության ներկայացուցիչներն ամենօրյա ռեժիմով խոսում են իրենց պաշտոնավարման տարիների տնտեսական երկնիշ աճի, հաջողությունների, «վագրային թռիչքի», շինարարական բումի մասին։ Դուք գործարար եք, գործարարությամբ եք զբաղվել նաև նախկին իշխանությունների օրոք։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս ամենի վերաբերյալ։


-Այո, ես տեսել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածը, տեսել եմ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակահատվածը։ Ես եղել եմ այն գործարարը, որը, երբ առաջին տրակտորը աշխատեց հյուսիսային պողոտայում, քանդվեց «Հին Էրիվանը» ու տեղը նորը կառուցվեց։ Հետո եկավ Սերժ Սարգսյանն իր թայֆաբազարներով, իր քուչի լավ տղեքով ու եկավ ապականեց այն ամենը, ինչ մնացել էր։ Եկավ ու սկսեց խլել, գռփել, չռփել։ Ես չեմ տեսել մի ուրիշ երկիր, որտեղ հանրապետության նախագահի վարորդը միլիարդատեր լինի ու գեներալի կոչում ունենա։ Նա ապականեց ամեն ինչ։ Բայց հիմա, ներկա պահին, ես ընդհանրապես խորհուրդ կտայի, որ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն է, Տեր-Պետրոսյանն էլ մի կողմ քաշվեին։ Կյանքն առաջ է գնում և պետք է թույլ տալ, որ երիտասարդներն առաջ գան։ Նիկոլի սխալն էլ իր թավիշի մեջ է։ Հիմա էլ ասում է՝ պողպատե մանդատ։ Վերջիվերջո, Նիկոլն այն մեծամասնության ղեկավարն է, որը Ազգային ժողովում օրինականացրեց Երվանդ Խունդկարյանի ամբողջ գործունեությունը։ Մի անձի, որը կոռուպցիոն համակարգի կնքահայրն է, վիժեցրել է դատական համակարգը։ Բայց «Իմ քայլը» նրան քվե տվեց և ուղարկեց Սահմանադրական դատարան։ Նույնը Արսեն Մկրտչյանի մասով, որը դարձավ վճռաբեկ դատարանի դատավոր։ Դրա համար կարող եմ ասել, որ բոլորն էլ խաբում են։ Ես ինքս տեսնում եմ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքին։ Մնացած ուժերը եկել են ձայներ խլելու, ձայներ փոշիացնելու համար։ Նույն Սերժ Սարգսյանը, որը եթե ամոթի մի փոքր նշույլ ունենար, նորից ընտրապայքարի մեջ չէր մտնի։ Նրանք 11 տարի է ընկած են իմ հետևից, ունեցվածք են խլում։

-Բայց Սերժ Սարգսյանը հիմա գործող իշխանությանն է ամոթանք տալիս։ Ասում է՝ ամոթ ունենային՝ կսատկեին։

- Սերժ Սարգսյանի կողմից քֆուրով խոսելուց հետո ես էլ չեմ զարմանում ոչ մի բանի վրա։ Ի՞նչ է նշանակում՝ 10 տարվա նախագահը քֆուրով խոսի եթերում ու ասի՝ մորթելու եմ։ Ու այսքանից հետո ժողովուրդը գնալու է ու ձայն տա այս քուչի խուժանի՞ն։ Սերժ Սարգսյանը «Հին Էրիվանում» հեղինակավոր մի լավ տղու կենաց հոտնկայս էր խմում։ Ես այդ ամեն ինչը տեսել եմ։ Հիմա նա պետքա հե՞տ գա։ Նրան ազգովի մերժել ենք։ Նրա հրաժարականից հետո մարդիկ խնջույք էին անում, իրար շնորհավորում էին։ Հիմա նորից նա պետք է հետ գա՞։ Իսկ Սերժ Սարգսյանին ծնել է Քոչարյանը։ Քոչարյանը ծնել է Սերժ Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանը  իր հերթին ծնել է  ամբողջ թայֆաբազարությունը, ամբողջ խուժաններին ու խուլիգաններին։

-Այսինքն՝ նորից իշխանության գալու ցանկությունն այդ բարքերը նորից Հայաստանում հաստատե՞լն է։ 

-Այո։ Եվ այս քարոզարշավը, առանձին մասնակցելը, այս ամենը թատերականացված կրկես է։ Ես բոլորի հետ էլ ժամանակին մոտիկ եմ եղել, հաց եմ կերել նրանց հետ ու ասում եմ, որ սա կրկես է։ Սերժ Սարգսյանը մտել է ընտրապայքարի մեջ, որպեսզի փոշիացնի Նիկոլ Փաշինյանի ձայները և իր խուժան - խուլիգաններով ձայն հավաքի ու Քոչարյանին առաջին տեղ մղի։ Սերժ Սարգսյանը վիժեցրել է Հայաստանի տնտեսությունը, թալանել ու լափել է ամբողջ Հայաստանը։ Դրա համար մղձավանջ կլինի, եթե Սերժ Սարգսյանի բարքերը նորից հետ գան Հայաստան։ Իսկ եթե Քոչարյանը հետ եկավ, ապա Սերժ Սարգսյանն անպայմանորեն հետ կգա իր խամաճիկներով։ Քոչարյանն արդեն հայտարարել է, որ հունիսի 21-ին բոլոր ազատվածները պետք է վերականգնվեն իրենց պաշտոններում։ Իսկ դա նշանակում է, որ բոլոր գռփող-չռփողները, թալանչիները պետք է հետ գան։  Սա է նրանց ամբողջ նպատակը։ Պարզապես այդ ֆոնին ես Նիկոլին էլ չեմ տեսնում։ 3 տարի առաջ ասեցինք վեթինգ, լյուստրացիա արա, նա չարեց, թե բա այդքան դատավոր որտեղից ճարեմ։ Ինքը դատավոր չճարեց, բայց դատավորները շատ սիրուն սկսեցին բամփել իր գլխին։ Պարզապես Քոչարյանը պետք է թողնի ու պատվով հեռանա այս նախընտրական պայքարից։ Իր ընտանիքը չի խառնվել քաղաքականությանը Սերժ Սարգսյանի ոհմակի պես։

-Քոչարյանի ընտանիքը քաղաքականությանը չի խառնվել, բայց Հայաստանի բոլոր բիզնեսները իրենց են պատկանել և շարունակում պատկանել։ Նրանք հանպատրաստից միլիոնատերներ են դարձել։ Դա ինչպե՞ս է ստացվել։

-Այո, դեմ չեմ, դա էլ եմ տեսել, բայց նրա օրոք տնտեսությունը աշխուժացել է, իսկ Սերժի օրոք միայն կլանային համակարգն է  զարգացել, թայֆաբազարությունը, ուրիշ ոչ մի բան։

-Բայց Քոչարյանի ժամանակվա տնտեսական աճը մասնագետները համարում են կեղծիքի հետևանք։ Այդ աճը անվանվում է շինարարական փուչիկ, որը հետո պայթեց։

-Ես արդեն ասացի, որ գործարարությամբ եմ զբաղվել և՛ Քոչարյանի, և՛ մյուսների ժամանակ։ Ես իմ աչքով եմ ամեն ինչ տեսել։ Բայց այն, ինչ տեսել եմ Սերժ Սարգսյանի ժամանակ, չի եղել երբեք։ Նրանք 10 տարի շարունակ ընկած են եղել իմ հետևից, բիզնես են խլել, ունեցվածք են խլել։

-Հետընտրական զարգացումներ սպասո՞ւմ եք։

-Չեմ բացառում, որ հունիսի 21-ին փողոց դուրս կգան ու իրար կոկորդ կկրծեն, ու դա շատ վատ կանդրադառնա Հայաստանի վրա հատկապես պատերազմից հետո։ Այո, հետընտրական թոհուբոհի միջով ևս պետք է անցնենք։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանին կհաջողվի մի քանի խաժամուժ մտցնել  խորհրդարան, Քոչարյանին ևս, բայց Քոչարյանի կողքը թիմ չկա։ Նրա կողքը հավաքվել են նախկին բոլոր թալանչիները, ոչ պրոֆեսիոնալ որոշ մարդիկ՝ խոստանալով միայն  ձայն ապահովել։ Էդ ումո՞վ է Քոչարյանը պատրաստվում կառավարություն ձևավորել։ Թող մի հատ շուրջը նայի։ Մեկ ինքն է, մի հատ էլ Արմեն Գևորգյան։ Մնացածը կառավարման համակարգից կիլոմետրերով հեռու են։ Այնպես որ, եթե նա գա, ավելի վատ է լինելու։

-Իսկ ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում, որտեղ Դուք այժմ բնակվում եք, ի՞նչ տրամադրություններ են։ Տեղի հայերը նախապատվությունը ո՞ր քաղաքական ուժին են տալիս։ 

-Չեմ կարող բոլորի անունից խոսել, բայց ում հետ որ շփվում եմ, Բաբաջանյան-Շիրինյան դաշինքին են հակված։ Նիկոլը շատ-շատ տեղերում բոլորիս հուսախափ արեց, և չեմ կարծում, որ ինքը իր պոպուլյարությունը պահպանում է այստեղ։ Այստեղի մարդիկ շատ ավելի անկախ են, ոչ մեկից կախված չեն։ Հետևաբար այստեղից եկող ձայները արդար են։ Այստեղ մի բան գիտեն բոլորը, որ Սերժ Սարգսյանի հետքը պետք է մաքրվի Հայաստանից։ Պետք է ձայն տալ մի նոր քաղաքական ուժի, որը մեր հայրենիքին վերելք կապահովի։

Արփի Հարությունյան