Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի բանակի զինաթափման հարց բանակցություններում չի քննարկվում. «ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը պետք է քննարկվեն Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ միջազգային մեխանիզմի ներքո». ԱԺ փոխնախագահ

Արցախի բանակի զինաթափման հարց բանակցություններում չի քննարկվում. «ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը պետք է քննարկվեն Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ միջազգային մեխանիզմի ներքո». ԱԺ փոխնախագահ
Հարցազրույց
12:44, 28 июнь 2023
Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ պետք է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն միջազգային մեխանիզմի ներգրավմամբ, ընդունվում է միջազգային գործընկերների կողմից։ Այս մասին Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այլ հարց է, որ մինչ այս պահը դա տեղի չի ունեցել և տեղի չի ունենում, բայց դա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք աշխատել, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի դա տեղի ունենա»,- նշել է նա։

Պատասխանելով հարցին, թե ինչու է Հայաստանը շտապում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ռուբինյանը հիշեցրել է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչել են 1991 թվականին՝ վավերացված Ալմա-Աթայի հռչակագրով և արձանագրություններով։

«Արդեն երկար ժամանակ է, առնվազն խորհրդարանում, կա մի այսպիսի խորհրդարանական փիլիսոփայական բանավեճ։ Հարցը հետևյալն է՝ Հայաստանը սահմաններ պիտի՞ ունենա, թե՞ չունենա։ Ես մեկ-մեկ տպավորություն ունեմ, որ, օրինակ, խորհրդարանի մեր ընդդիմադիր գործընկերները դիրքորոշում ունեն, որ Հայաստանը սահմաններ պիտի չունենա՝ բնականաբար այն մտքով, որպեսզի այդ սահմանը հնարավոր լինի ընդարձակել անվերջ, բայց իրենք գուցե միամիտ կամ այլ նպատակներից ելնելով չեն հասկանում, որ եթե այդ սահմանը չկա, այն կարող է ոչ միայն ընդարձակվել, այլ հակառակ ուղղությամբ ընդարձակվել»։ 

Դիտարկմանը, որ ՌԴ-ն և Հայաստանի ընդդիմությունը իշխանությանը մեղադրում են, որ չընդունեց ռուսական կողմի առաջարկը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել առկախված, այլ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ռուբինյանը պատասխանել է. «Նախ Պրահայում ինչի մասին որ խոսվել է՝ դա կապ չունի խաղաղապահների մնալ կամ չմնալու հետ, ասեմ ավելին՝ տարածքային ամբողջականությունն էլ կապ չունի խաղաղապահների մնալ կամ չմնալու հետ»,- հավելեց Ռուբինյանը։ 

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով ռուս խաղաղապահ զորախումբը մնում է ԼՂ-ում, և եթե իքս ժամկետում ոչ մեկը չի ասում՝ դուրս եկեք, շարունակելու է մնալ: «Հետևաբար ի՞նչ կապ ունի ընդհանրապես Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչումը, որը, ի դեպ, ստորագրել է նաև Ռուսաստանը, ի՞նչ կապ ունի դա ռուս խաղաղապահների մնալու կամ չմնալու հետ»,- ասաց նա և կրկին նշեց, որ արդեն միլիոն անգամ Հայաստանը հայտարարել է, որ կողմ է ռուսական առաջարկին. «Այլ հարց է, թե առաջարկող կողմը դա իրագործելու համար որևէ բան անո՞ւմ է, թե՞ չի անում։ Հարցը հետևյալն է՝ արդյոք Ռուսաստանը կո՞ղմ է իր ներկայացրած պլանին»։ 

Հարցին՝ արդյոք բանակցության նյո՞ւթ է Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժումը, որին կարող է նաև բանակի զինաթափումը հաջորդել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ոչ, որովհետև մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ միջազգային մեխանիզմի ներքո»։