Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարող ենք եզրակացնել, որ վաշինգտոնյան բանակցությունները լարվածության ռիսկերի առումով չեն բավարարել հայկական կողմին․ Հակոբ Բադալյան

Կարող ենք եզրակացնել, որ վաշինգտոնյան բանակցությունները լարվածության ռիսկերի առումով չեն բավարարել հայկական կողմին․ Հակոբ Բադալյան
Հարցազրույց
18:18, 03 июль 2023
Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման և Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։ 

- Պարոն Բադալյան, ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ արդյունք տվեցին ԱՄՆ-ում կայացած բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Արդյոք մենք մոտենո՞ւմ ենք խաղաղության պայմանագրին։

- Բնականաբար շատ դժվար է ասել, թե արդյունքը ինչպիսին է, որովհետև մենք չենք տիրապետում մանրամասներին։ Հայտարարվել է, որ ինչ-որ համաձայնություններ են եղել ինչ-որ հոդվածների վերաբերյալ, բայց թե որոնք են այդ հոդվածները՝ մենք մանրամասն տեղեկատվություն չունենք։

Այս պայմաններում շատ բարդ է  ասել, թե ինչպիսին է բանակցությունների արդյունքը, բայց այստեղ կա մեկ շատ խոսուն հանգամանք․ վաշինգտոնյան բանակցությունից երկու օր հետո Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառում է անում, որով միջազգային հանրությանը կոչ է անում հետևել Ադրբեջանի գործողություններին՝ կանխարգելելու համար։ Նա  հղում է անում ադրբեջանական մամուլին, որը ինտենսիվ կերպով խոսում ու գրում է հակաահաբեկչական նոր գործողության մասին։ Նկատենք, որ Մարուքյանը նաև հայկական պատվիրակության կազմում էր, որ բանակցում էր Վաշինգտոնում։ Այստեղ կարող ենք եզրակացնել, որ վաշինգտոնյան բանակցությունները լարվածության ռիսկերի առումով չեն բավարարել հայկական կողմին։

- Բանակցությունների ընթացքում Ադրբեջանը Արցախում դիմեց սադրանքների։ Ունեցանք զոհեր։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Ադրբեջանը բանակցությունների ընթացքում դիմում այդպիսի քայլերի, և ի՞նչ ազդեցություն դրանք կարող են ունենալ բանակցությունների վրա։

- Ադրբեջանը այդ քայլերին գնում է առնվազն տասնամյակ։ Այսինքն՝ ուղեկցում է դիվանագիտությունը ռազմական ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով և շանտաժով։ Ադրբեջանը այդպիսի քաղաքականություն է վարում, որովհետև տեսնում է, որ այդ քաղաքականությունը վարելու միջավայր ու հնարավորություն ունի։ Այսինքն՝ չկա Ադրբեջանի ագրեսիային միջազգային պատասխանատվության ենթարկելու որևէ քայլ և որևէ հեռանկար։ Այդպիսով Ադրբեջանը փորձում է Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել ու քաղաքական պայմաններ թելադրել, նաև ինչ-որ սակարկությունների մեջ է մտնում այն աշխարհաքաղաքական խաղացողների հետ, որոնք Կովկասում պայքարում են ազդեցության համար։  Եթե դիտարկենք Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի գրառումը, ապա կարող ենք ասել, որ այդ քաղաքականությունը Վաշինգտոնում Բաքուն մարսել է։ Մենք տեսնում ենք նաև, որ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ եղավ, ու նաև հիմա  տեղեկություն ունենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնում է՝ Վաշինգտոն նոր հանդիպումների։ Ես այստեղ ունեմ տպավորություն, որ այս այցի օրակարգում հենց անվտանգությանը վերաբերող հարցերն են, և գուցե Հայաստանը փորձում է ինչ-որ լրացուցիչ աշխատանք անել ԱՄՆ-ի հետ անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար։

- ՀՀ իշխանությունները բազմիցս նշում են, որ Արցախում կա էթնիկ զտման վտանգ։ Որքանո՞վ է հնարավոր նոր պատերազմը Ադրբեջանի և Արցախի միջև։

- Տեսական գնահատմամբ՝ պատերազմ հնարավոր է, բայց մեծ հավանականություն այսօր չկա։ Մասշտաբային պատերազմը նշանակում է, որ Ադրբեջանը պետք է հակադրության մեջ մտնի Ռուսաստանի հետ, որովհետև մասշտաբային պատերազմը նշանակելու է խաղաղապահ առաքելության փլուզում։ Սա կնշանակի, որ Ռուսաստանը կամ պետք է դուրս գա Արցախից, կամ էլ մասշտաբային պատերազմի դեպքում ռուս-ադրբեջանական կոնֆլիկտ կլինի։ Դրա համար ես կարծում եմ, որ այդ սցենարի հավանականությունը մեծ չէ։ Ադրբեջանը պարզապես վարում է ագրեսիայի միջոցով քաղաքական պայմաններ թելադրելու և ինչ-որ փոքր կտորներ պոկելու քաղաքականություն։ Սա չի նշանակում, որ մասշտաբային պատերազմի նշածս փոքր հավանականությունը ինչ-որ պահի չի կարող դառնալ իրականություն։ Այսինքն՝ մենք չպետք է մտածենք, որ եթե փոքր է հավանականությունը, ուրեմն պատերազմ չի լինի ընդհանրապես։

- Արցախի իշխանությունները ի՞նչ պետք է անեն հիմա։ 

- Արցախի իշխանությունը պետք է փորձի առավելագույնս բարձրաձայնել խնդիրները և հասցնել ընդհուպ մինչև միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության  և  հայության միջոցով և բնականաբար նաև իրենց աշխատանքով։ Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս շրջափակված Արցախից աշխատել այդ  խնդիրները տեղեկատվական առումով հանրայնացնելու ու միջազգայնացնելու ուղղությամբ։ Մյուս կողմից՝ առաջնային խնդիրը Արցախի ներքին կառավարման արդյունավետության բարձրացումն է բոլոր առումներով՝ սկսած վարչական, տնտեսական, պաշտպանական ու մինչև հասարակական ու սոցիալ-հոգեբանական հարթությունը։ 

Շատ կարևոր է նաև, որ Արցախի իշխանությունը, բացի խնդիրները բարձրաձայնելուց և միջազգային հանրությանը հասցնելուց, նաև հայտնի իր պատրաստակամությունը հարաբերվել Ադրբեջանի հետ։ Բայց այստեղ շատ կարևոր է, որ այդ հարաբերակցությունը չլինի բացարձակապես Ադրբեջանի պայմաններով, որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ցանկանում է միայն ռեինտեգրացիա և որևէ այլ հեռանկար չի պատկերացնում և չի էլ համաձայնում որևէ այլ  քննարկման։ Բնականաբար Արցախը չի էլ կարող դրան համաձայնել, որովհետև դա կնշանակի ոչ թե քննարկում Բաքվի հետ, այլ  ընդամենը կնշանակի կուլ գնալ Բաքվի  պայմաններին, ինչը որևէ արդյունավետ  հանգրվանի բերել չի կարող։

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ միջազգային դիտորդներ չեն տեղակայվում Արցախում։

- Որովհետև միջազգային խաղացողներից դա ոչ մեկին պետք  չէ, որովհետև բոլորը իրենց հարմարավետ են զգում այդտեղ՝ Ռուսաստանի վրա մնացած պատասխանատվության առումով։ Այսինքն՝ այնտեղ ինչ տեղի է ունենում Արցախում, դա բերում է ՌԴ-ի իմիջային խնդիրներին, հայ-ռուսական հարաբերությունների բարդացման, և այդ բոլորը բավարարում է միջազգային այն խաղացողներին, որոնք Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ են։ Այս տեսանկյունից որևէ մեկը չեմ կարծում, որ պատրաստ է Արցախում  պատասխանատվություն ստանձնել Ադրբեջանի ագրեսիան անմիջականորեն զսպելու համար։

- Եթե ռուս խաղաղապահները չեն կարողանում իրենց պարտականությունները կատարել՝ մասնավորապես փակ է Արցախը Հայաստանին կապող միջանցքը, ինչպես նաև պարբերաբար ունենում ենք զոհեր, ապա ի՞նչ պետք է անի Հայաստանը խնդրին լուծում տալու համար։

- Հայաստանը պետք է բոլոր դիվանագիտական խողովակները օգտագործի այս հարցը բարձրացնելու համար։ ՀՀ-ն պետք է շեշտադրի, որ այդտեղ  նոյեմբերի 9-ի փաստաթղթով պարտավորություններ ունի ՌԴ-ն, բայց մեծ հաշվով, որպես միջազգային համայնք, պարտավորություններ ունի նաև միջազգային  հանրությունը։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդին անդամակցելով՝ պարտավորվել է այդ հակամարտությունը  լուծել միայն խաղաղ ճանապարհով։ Ադրբեջանը խախտում է միջազգային ամենատարբեր իրավական, քաղաքական նորմեր, կոնվենցիաներ և սպառնալիք, ուժ է կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ։ Այս ամենը իրենից ենթադրում է նաև միջազգային հանրության պատասխանատվություն, որը պետք է ստանձնել։ Հետևաբար Հայաստանի խնդիրն է նաև ոչ միայն նշել Ռուսաստանի պատասխանատվությունը, որն առկա է փաստաթղթերով, նաև շեշտադրել  մյուս բոլորի պատասխանատվության նշաձողերը։ Որովհետև երբ մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական մեծ դիմակայության պայմաններում, որտեղ Կովկասը առանցքային ռեգիոններից մեկն է, մենք պետք է  ձգտենք այդ պատասխանատվությունը համամասնորեն բաշխել, որպեսզի մնալով մեկի վրա՝ մյուսների համար չստեղծվի այդ պատասխանատվությունը մանիպուլացնելու և այդ մանիպուլյացիայի շնորհիվ սեփական խնդիրները լուծելու հնարավորություն, քանի որ այդ ամենը տեղի է ունենում Հայաստանի ու Արցախի անվտանգության հաշվին։

- Հայաստանում սկսվել է նաև «Հայաքվե» գործընթացը։ Ըստ ձեզ՝ ի՞նչ դրական կամ բացասական կողմեր ունի այն։

- Նախ պետք է տեսնել, թե ինչպիսի ընթացք և արդյունավետություն կունենա, և կարծում եմ՝ այդ հարցում Հայաստանում նախաձեռնությունների ու կարծիքների բազմազանությունը միայն օգտակար է Հայաստանին։ Ըստ իս՝ եթե փորձ է արվում Հայաստանում ձևավորել այլ տեսակետներ և ինստիտուցիոնալացնել դրանք, ապա այդ ամենը կարող  է օգտակար լինել Հայաստանին ճկունության տեսանկյունից։ Առնվազն տարօրինակ կլիներ, եթե Հայաստանում այդպիսի նախաձեռնություններ և փորձեր չլինեին։ Ի վերջո պետք է բոլորը տեսնեն, որ Հայաստանում կան տարբեր կարծիքներ, և Հայաստանում կան տարբեր մոտեցումներ։

Դավիթ Լևոնյան