Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը առաջ է շարժվում, ունի ազատ մամուլ, խոսքի ազատություն, մենք ընդհանուր շահեր ունենք. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան․ տեսանյութ

Հնարավո՞ր է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն կազմակերպել:

Այս մասին «Լուրեր»-ի եթերում՝ ԱՄՆ-ը հաստատակամ է ԼՂ-ում ապրողների իրավունքների և անվտանգության ապահովման հարցում թեմայով Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։

«Միացյալ նահանգները համարում է, որ ցանկացած քննարկում, բանակցություն, խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղի է, և մնում է օգնել, որ երկու կողմերին մտահոգող հարցերը լիովին ընկալվեն, և երկու կողմերը կարողանան գտնել ապագայի ճանապարհը՝ հասնելու խաղաղության կարգավորմանը, որով երաշխավորված և ապահովված կլինեն ԼՂ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»,- նշել է նա։

Հարցին՝ ԱՄՆ-ն, օգնելով բանակցություններին, նպատակ ունի՞ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս թողնել, դեսպանը շեշտել է․ «ԱՄՆ-ն համարում է, որ ՀՀ-ն՝ որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշել, թե ովքեր են իր դաշնակիցները, իր գործընկերները և ինչպես են շարժվելու երկիրը առաջ տանելու աշխարհում և տարածաշրջանում։ Ի՞նչ է ցանկանում ԱՄՆ-ն․ խաղաղություն Հարավային Կովկասում և Եվրոպայում։  

Մենք պատրաստ ենք խոսել ցանկացած կողմի հետ, որը կարող է դրական տեսլական ներկայացնել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար։ ԱՄՆ-ն շատ ակտիվորեն ներգրավված է, բայց նաև Եվրամիությունն է ակտիվ, քանի որ երկու կողմերն էլ տեսնում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն ունենալը շահեկան է»:

ԱՄՆ դեսպանը նկատել է՝ ինքը, լինելով Հայաստանում ԱՄՆ դեսպան, տեսնում է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը կարևոր շահեր ունեն:

«Մենք և դուք ընդհանուր ժողովրդավարական շահեր ունենք, հետամուտ ենք ընդհանուր ժողովրդավարական գործընթացներին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պայծառ կետ է տարածաշրջանում ժողովրդավարության իմաստով։ ՀՀ-ն առաջ է շարժվում բարեփոխումների առումով, ունի ազատ մամուլ, խոսքի ազատություն, շարժվում է առաջ՝ բարելավումներ կատարելով ամեն օր։ Մենք ուզում ենք սատարել այդ ամեն ինչին, որովհետև հավատում ենք ժողովրդավարությանը։ ԱՄՆ-ն հավատում է, որ ժողովրդավարական երկրներն են ամենակայուն երկրները, և դրանք են այն երկրները, որոնք միջազգային հարաբերություններում լավագույնն են հարաբերվում այլ երկրների հետ»,- ասել է նա: