Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը պետք է ոչ թե կոչ անի, այլ համազարկ տա ճանապարհը փակողների վրա․ նա այդ իրավունքն ունի, դա իր գործն է․ Ազատ Արշակյան

Արդեն մի քանի օր է՝ Արցախում մեկնարկել է Արցախի ապաշրջափակման անժամկետ համաժողովրդական շարժումը, այդ թվում սկսվել է նաև նստացույց, որին միանալու մասին երեկ հայտարարեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:  

Civic.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, հայտնելով իր տեսակետը, ասաց, որ նստացույցը և այդ համաժողովրդական շարժումը հակաիշխանական շարժում է ըստ էության, որովհետև եթե գործը հասել է այնտեղ, որ մարդիկ իրենց բանուգործը, իրենց ընտանիքը, իրենց հոգսերը թողել են ու եկել են քաղաքական իշխանության կողքն են կանգնում, նշանակում է քաղաքական իշխանությունը՝ կառավարությոնը, նախագահը, այդ ամբողջ իշխանական համակարգը, իր գործը լավ չի անում։ 

«Հիմա այստեղ աբսուրդն այն է, որ իշխանությունն ինքը, որն ի պաշտոնե պետք է կանխեր ժողովրդի նստացույցը, երթերը, բողոքի ակցիաները, ինքը նույնպես միացել է. ո՞ւմ դեմ է միացել, ումից ինչ է ուզում։ Արցախի քաղաքացիները իրավունք են տվել իշխանությանը, մանդատ են տվել իշխանությանը զբաղվելու շրջափակումով, ապաշրջափակումով, էներգետիկայով, կրթությունով, առողջապահությունով։ Այսինքն՝ երբ որ ընտրում ենք, ասում ենք՝ մենք քեզ վստահում ենք, դու ապահովիր, մենք գնալու ենք մեր գործին և հարկեր ենք տալու, զինվորներ ենք տալու, արյուն ենք տալու, մենք մեր վստահությունն ենք տալիս ձեզ, գնացեք ձեր գործն արեք, աշխատեք, հիմա, երբ աշխատողը, ում վստահել են, ինքն իր գործը թողել և գալիս միանում է բողոքավորներին, դա կարծում եմ՝ աբսուրդ է»,-ասաց Ազատ Արշակյանը։ 

Խոսելով նաև այն մասին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր երեկվա ուղերձում նաև ասել է, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո իրենք դիմելու են ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս, Ազատ Արշակյանը կատակելով  ասաց. «Ըստ երևույթին Արցախը կռմբակոծի ԱՄՆ-ի ուժային կենտրոնները, իր ռազմածովային նավատորմով կշրջափակի ԱՄՆ-ին, Ռուսաստանին, խաղաղօվկիանոսյան նավատորմի նախկին հրամանատարը նույնիսկ էթնիկ հայ էր, երևանցի։ Այ, դա էլ կարելի է ասել, հանեցիք մեր ծովակալին, մենք հիմա փակում ենք հեռավոր արևելքի ձեր նավատորմը։ Ի՞նչ կտրուկ քայլ, դրանից ավելի կտրուկ քայլ կա՞, որ ժողովուրդը հուսահատ դուրս է եկել փողոց։ Հարկավոր է գտնել իր գործընկերներին։ Նա իր գործընկերների հետ պետք է գործի։ Իշխանությունն ունի իր գործընկերը, այդ գործընկերը հրապարակախոսությունը չէ։ Դա կարելի է օգտագործել քաղաքացիների քաղաքականության վրա, ազդելու գործիք է  նաև քարոզչությունը»,- ասաց Ազատ Արշակյանը։ 

Նա նաև նշեց, որ ուլտիմատում կարող է տալ այն մարդը, ով ունի ռեսուրսներ, ով ռեսուրսներ չունի, ռեսուրսներ է խնդրում, նա պետք է խնդրելու լեզվով խոսի, ոչ թե ուլտիմատումի ու սպառնալիքի։

Ազատ Արշակյանը պաշտոնի անհամապատասխանություն է համարում, երբ իշխանությունն իջնում միանում է բողոքող ժողովրդին, հասարակությանը, քաղաքացիներին, ինքը դրանով հայտարարում է, որ ինքը չի համապատասխանում իր պաշտոնին։ «Ուրեմն, եթե չես համապատասխանում քո պաշտոնին, տեղն ազատի, թող գա նա, ով դա կարող է անել, կարող է առաջացած խնդիրները լուծել։ Ես կարծում եմ, որ դա անհամապատասխան, ոչ համարժեք վարքագիծ է Արցախի ամբողջ իշխանության կողմից»,- ասաց Ազատ Արշակյանը
 
Շաբաթ օրը բրյուսելյան քննարկումից հետո Շառլ Միշելը հայտարարեց որ էական առաջընթաց կա ճանապարհների ապաշրջափակման՝ հատկապես երկաթուղու գործարկման ուղղությամբ, սակայն «որոշ հարցեր շարունակում են բաց մնալ»։ Այս առնչությամբ Ազատ Արշակյանն ասաց, որ  մենք մի ցավոտ հարց ունենք՝ միջանցք։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ եվրոպացի բյուրոկրատները շատ պոլիտկոռեկտ են, այսինքն՝ միջանցքի հարցը կա։
«Այ դա, ըստ երևույթին, խանգարում է՝ արագացնելու այդ շրջափակումներից դուրս գալու հարցը։ Եվ ընդհանրաես, եթե շրջափակումներից դուրս ենք գալիս, էդ միջանցքներն էլ մեզ պետք չեն»,- նշեց Ազատ Արշակյանը։ 

Խոսելով նաև այն մասին, որ բրյուսելյան հանդիպումից ժամեր առաջ ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ էր արել Լաչինի միջանցքն ապաշրջափակել, Ազատ Արշակյանն ասաց, որ կոչ կարող է ինքը անել, Բրյուսելից կարող են կոչ անել, թեկուզ Պեկինից էլ կարելի է այդպիսի կոչ անել, Դելլիից, իսկ Ռուսաստանը պետք է ոչ թե կոչ անի, այլ պետք է համազարկ տա։  

«Նա համազարկի իրավունք ունի ճանապարհը բացելու համար։ Համազարկով կրակ՝ ճանապարհը փակողների վրա։ Այդ դա իր գործն է, իսկ սա ես կարծում եմ, որ ֆեյք հայտարարություն է»,- հավելեց Ազատ Արշակյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան