Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ի համար առաջնահերթությունը խաղաղությունը պահելն է, նրանց մոտեցումը չի փոխվել՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի. Ստյոպա Սաֆարյան

Բրյուսելում կայացած եռակողմ բանակցություններից հետո, որտեղ ԵՄ խորհրդի նախագահն իր հայտարարության տեքստում ընդգծեց Լաչինի միջանքի ապաշրջափակման անհրաժեշտությունը, սակայն միաժամանակ նշեց նաև Ադրբեջանի կողմից՝ Աղդամով դեպի Ղարաբաղ հումանիտար բեռներ տեղափոխելու կամքի մասին, Արցախում քաղաքացիները պատնեշներ տեղադրեցին Աղդամից ԼՂ մտնող ճանապարհի վրա՝ ցույց տալով, որ որևէ դեպքում այդ այլընտրանքը չեն ընդունելու։  

Civic.am-ի եթերում մեկնաբանելով Միշելի հայտարարությունը՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ շատ են լինելու այնպիսի դեպքեր, որ հայտարարություններում երկու կողմերը տեսնեն իրենց համար ցանկալի մատնանշումներ՝ այդպիսով ԵՄ-ն ցանկանում է անել այնպես, որ կողմերը մնան բանակցային սեղանի շուրջ։ «Շառլ Միշելի հայտարարությունը նաև մեկնաբանվում է որպես՝ «ինչ ուզում ես արա, եթե ուզում ես հումանիտար օգնություն տրամադրել Աղդամի ճանապարհով, ապա արա, բայց Լաչինի միջանցքը պետք է բացվի». տոնայնությունը սա է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը և հավելեց, որ հայկական կողմն ամեն ինչ պետք է անի, որպեսզի հայտարարության երկրորդ մասը զարգացում չստանա։

Ըստ քաղաքագետի՝ ցանկալի կլինի, որ Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրները տարվեն Արդարադատության միջազգային դատարանի վճռի կիրառման դաշտ։ «Եթե առանց էմոցիաների նայենք բրյուսելյան հարթակում Լաչինի միջանցքի ձևակերպմանը՝ եվրոպական տրամաբանությունը, այնուամենայնիվ, չի փոխվել՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի»,- ասաց Սաֆարյանը։ 

Նրա կարծիքով՝ արցախցիների գործողությունը՝ արգելափակել դեպի Աղդամ ճանապարհը, ճիշտ քայլ է։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե Արևմուտքից մեզ ասում են, որ հայկական կողմը լայն կոնսոլիդացիա կստանա, եթե ԼՂ հարցում կարգավիճակի նշաձողը իջեցվի, որից հետո, այնուամենայնիվ, այդ կոնսոլիդացիան չի զգացվում, Սաֆարյանն ասաց, որ ԵՄ առաջնահերթությունը հերթական պատերազմ թույլ չտալն է, ինչի ռիսկը շատ մեծ է։ Դա է պատճառը, որ այս ամբողջ ժամանակահատվածը լցվում է բանակցային հանդիպումներով, իսկ կարգավիճակի հարցը առայժմ երկրորդական է համարվում։ «Առաջին նպատակը, որի վրա իրենք աշխատում են, խաղաղությունը պահելն է։ Մնացած հարցերի վրա ուշադրություն չի դարձվում։ Երկրորդ խնդիրը միջազգային ներգրավվածությունն է Արցախի հակամարտության կարգավորման գործում»,- նշեց քաղաքագետը։

Միաժամանակ Ստյոպա Սաֆարյանը նշում է, թե հայկական կողմը պետք է Արևմուտքի համար հստակ դարձնի, որ Ադրբեջանի նկատմամբ գործադրվող ճնշումները բավարար չեն։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան