Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քանի դեռ պայմանագիրը ստորագրված չէ, պատերազմը հավանական է. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս-պրես»-ին

Քանի դեռ պայմանագիրը ստորագրված չէ, պատերազմը հավանական է. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս-պրես»-ին
Հարցազրույց
23:58, 21 июль 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ֆրանս-պրես գործակալությանը, որի հարցուպատասխանը ներկայացվում է ստորև.

Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Հայաստանը փնտրում է որոշակի միջազգային մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Ինչպիսի՞ միջազգային մեխանիզմներ եք պատկերացնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, դրանք աշխատանքային հարցեր են, որոնք միայն մեր ընկալումներից չեն կախված: Դրա համար ես չէի ուզենա որևէ կոնկրետ պատկերացում ընդգծելով՝ սահմանափակել հետագա խոսակցությունը, կամ մեզ համար սահմանափակումներ ստեղծել այդ խոսակցության մեջ: Մեր հիմնական խնդիրն այն է, որ այդ երկխոսությունը տեղի ունենա և տեղի ունենա իրական երկխոսություն, այսինքն՝ տեղի ունենա խոսակցություն, որովհետև այդ խոսակցության միջոցով է, որ հնարավոր է հաղթահարել անվստահությունը, ատելությունը, նույնիսկ լարումները և նույնիսկ ավելի լավ հասկանալ միմյանց։

Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Կարծում եք Ադրբեջանը վտանգի տա՞կ է դնում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մասնավորապես հաշվի առնելով իրավիճակը Սյունիքում, նաև այն, որ Ջերմուկ քաղաքն անցած տարի հայտնվեց կրակի տակ։ Դուք սա համարու՞մ եք Ադրբեջանի կողմից սպառնալիք Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ, և ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է կրկին պատերազմ տեղի ունենալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան
- Ընդհանրապես քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ և այդ պայմանագիրը վավերացված չէ երկու երկրների խորհրդարանների կողմից՝ պատերազմն, իհարկե, շատ հավանական է։ Եվ ընդհանրապես ցանկացած տեղում, երկրագնդի վրա, որտեղ կա կոնֆլիկտային իրադրություն, որը լուծված չէ պայմանագրով, այսինքն հասցեագրված չէ, ցանկացած տեղում, ցանկացած պահի կարող է պատերազմ լինել, սա պետք է արձանագրել։ Իհարկե, հավանականությունների տարբեր սանդղակներ կան, բայց սա որպես կանոն պետք է արձանագրել։ Սրան գումարվում է Ադրբեջանի ակնհայտ ագրեսիվ հռետորաբանությունը, սրան գումարվում է ատելության խոսքը, սրան գումարվում է աշխարհաքաղաքական ընթացիկ վիճակը, որտեղ, ըստ էության, աշխարհակարգը, որը որոշ ժամանակ առաջ ենթադրում էինք, որ ինչ-որ ձևով գոյություն ունի, հիմա տեսնում ենք, որ մեծ հաշվով գոյություն չունի։ Սրան նպաստում է ռազմական բալանսի խախտումն Ադրբեջանի և Հայաստանի միջև և այլն, և այդպես շարունակ։ Եվ իհարկե, այո, նոր էսկալացիաները, նոր պատերազմները միշտ էլ հավանական են, ինչը չի նշանակում, որ դա տեղի կունենա, և ինչը նաև չի նշանակում, որ դա տեղի չի ունենա։ Եվ բառիս բուն իմաստով ամեն օր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում։ Իմ վարչապետության ավելի քան 5 տարվա ընթացքում կարող է եղած լինել մեկ, երկու, մաքսիմում երեք օր, ես շատ չափազանցնում եմ, շատ եմ չափազանցնում, որ հրադադարի ռեժիմի խախտում տեղի չի ունեցել։ Հինգ տարվա ընթացքում, ամենագերագնահատված գնահատականով, կարող է ունեցած լինենք երեք օր, երբ հրադադարի ռեժիմի խախտում տեղի չի ունեցել, այդ օրերից մեկը 2020 թվականի նոյեմբերի 11-ն է, սա էլ հանենք, այսինքն դրանից դուրս երկու օր, մեկը կասկածելի։

Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Հրադադարի մասին պայմանագիրը ստորագրելուց հետո, որը ոչ մեկին դուր չի գալիս Հայաստանում, վստահ եմ նաև Ձեզ, ինչպե՞ս եք արդարացնում Ձեր իշխանության մնալը։

 Վարչապետ Նիկոլ Փաշինյան
- Ընտրություններով՝ ժողովրդի որոշմամբ, որովհետև այն, ինչ ես ասել և արել եմ, առաջինը՝ ես դրա պատասխանատվությունը կրել եմ և կրում եմ։ Դուք գիտեք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ես հրաժարական եմ տվել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով, հենց պատասխանելու Ձեր բարձրացրած հարցին։ Որովհետև այդ հարցն ինչո՞ւ է միայն ուրիշների մոտ ծագում, այդ հարցն ինձ մոտ էլ է չէ՞ ծագում և ծագել է, ոմանց թվացել է, թե միմիայն իրենց մոտ է ծագել այդ հարցը, բայց բնականաբար ինձ մոտ էլ և մեր քաղաքական թիմում էլ է ծագել այդ հարցը։ Եվ մենք, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, դեռևս դեկտեմբերին, հրապարակային մեր ընդդիմախոսներին և ընդդիմադիրներին առաջարկել ենք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ընդ որում, մենք կարող էին հենց նոյեմբերին կամ դեկտեմբերին անել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց բոլորը հասկանում են, որ այդ խառնաշփոթ իրավիճակում, երբ ոչ մեկ պատրաստ չէ ընտրություններին, չէր էլ մտածել դրա մասին, ամենաշատը այսպես թե այնպես պատրաստ է լինելու իշխանությունը։ Դեկտեմբերին հրապարակային առաջարկել եմ  ու այդտեղ մենք ունեինք իրավիճակ՝ ընդդիմությունն ասում էր՝ իշխանությունը պետք է հանձնել ընդդիմությանը, այսինքն՝  իրենց։ Մեր դիրքորոշումը հետևյալն էր, որ իշխանությունը կամ կառավարելու մանդատը մեր սեփականությունը չէ, որ ում ուզենք՝ տանք։ Մենք այդ մանդատը ստացել ենք ժողովրդից և համաձայն էինք հանձնել այդ մանդատը, բայց համաձայն էինք հանձնել միայն ժողովրդին  և պարտավոր ենք ապահովել պայմաններ, որպեսզի ժողովուրդն ինքը որոշի ում պետք է փոխանցի այդ մանդատը։ Եվ մեր ամենակարևոր պարտավորությունն էր այդ իրավիճակում՝ ապահովել ժողովրդի ազատ կամարտահայտությունը, որպեսզի ընտրությունները լինեն ազատ, արդար, մրցակցային և թափանցիկ, որից հետո տեղի են ունեցել ընտրություններ շատ լարված, բայց ժողովրդավարական մթնոլորտում։ Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել. ընտրություններից առաջ քաղաքացիական հասարակության պահանջով Ընտրական օրենսգիրքը փոխել ենք՝ դարձնելով լիարժեք համամասնական ընտրակարգ, ինչը նշանակում է և կոնտեքստն էլ եղել է այնպիսին, որ տեղի է ունենում վարչապետի ընտրություններ, որն այսպես թե այնպես հին և նոր ընտրակարգով այդպիսին էր։ Տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություն, շատ ծանր մթնոլորտում, երբեմն ատելության խոսքով համեմված մթնոլորտում, տեղի է ունեցել քվեարկություն և ես, ըստ էության, ժողովրդի կողմից ուղիղ ընտրություններով ընտրվել եմ վարչապետ։ Որովհետև ընտրությունների այդ թվաբանության ներքո մեր սահմանադրության համաձայն վարչապետի թեկնածություն չի քննարկվում խորհրդարանում, այլ մեծամասնություն ձեռք բերած ուժը, իսկ մենք ձեռք ենք բերել սահմանադրական մեծամասնություն, միանգամից նշանակում է վարչապետ։ Շատ կարևոր է արձանագրել, որ միջազգային ողջ հանրությունը միաձայն ընտրությունները գնահատել է ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ։ Հիմա արդյոք ժողովուրդը կատարել է լավագույն ընտրությունը՝ այդ հարցին կարող է պատասխանել միայն ժողովուրդն առաջիկա ընտրություններում։