Քաղաքացիակենտրոն
լրատվություն

24 համարի քվեաթերթիկն ընտրողն անհիմն մեղադրանք էր հնչեցնում, մինչդեռ բոլոր քվեաթերթիկները տպագրական հետքեր ունեն․ ընտրատեղամասի նախագահ․ Տեսանյութ

24 համարի քվեաթերթիկն ընտրողն անհիմն մեղադրանք էր հնչեցնում, մինչդեռ բոլոր քվեաթերթիկները տպագրական հետքեր ունեն․ ընտրատեղամասի նախագահ․ Տեսանյութ
Հարցազրույց
18:51, 20 июнь 2021
«Առավոտյան տատիկ էր եկել ընտրելու, մատնահետքի կտրոնը վերցրել էր, որ ընտրի ու կորցրել էր։ Ես՝ հանձնաժողովի անդամների հետ փնտրել եմ, բայց չենք գտել կտրոնը։ Իսկ օրենքով, եթե կտրոնը չկա՝ չես կարող երկրորդ անգամ մոտենալ ապարատին ու կրկին կտրոն վերցնել։ Տատիկը քվեախցիկում էր, թե կտրոնը ինչպե՞ս անհետացավ՝ դա մեզ համար մնաց անհայտ»,-Civic.am-ի հետ զրույցում պատմեց 9/46 տեղամասի նախագահ Գևորգ Ենգիբարյանը։ 

Նշենք, որ ընտրողները մուտք գործելով ընտրատեղամաս՝ նախ անձնագրով մոտենում են մատնահետքը հաստատող սարքին, այնուհետև վերցնելով կտրոնը մոտենում են համապատասխան աշխատակցին՝ վերցնելու բոլոր կուսակցությունների ու դաշինքների քվեաթերթիկները, ինչպես նաև ծրար։ Այնուհետև քվեախցիկում իրականացնում են գաղտնի քվեարկությունը։ Ընտրված քվեաթերթիկը ծրարով մոտեցնում են քվեատուփին՝ ներկայացնելով մատնահետքը հաստատած ապարատի կտրոնը։ 

Ընտրատեղամասի նախագահի խոսքով՝ տատիկն իր կտրոնը կորցրել էր քվեախցիկից դուրս գալիս։ Նա մեզ հետ առանձնազրույցում ասաց, որ անհարմար են զգացել զննել տատիկին։ 

«Մի տիկին էլ առարկություն ուներ, որ 24 բյուլետենի վրա ինչ-որ նշում կա, բյուլետեն հատկացնող մեր անդամը իրեն երկու-երեք հատ նորից հատկացրել է, բայց ինքն իր պրիտենզիաներով էր։ Մենք հանձնաժողովով վերցրել ենք բյուլետենները նայել ենք՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մի նշում չի եղել վրան։ Ինքը բյուլետենը վերցնում էր՝ նայում էր, բոլոր բյուլետենները ինչ-որ տպագրական «պահ» ունեն, բայց ինքն առարկում էր, որ միայն 24 համարի բյուլետենի վրա է։ Սակայն բոլոր բյուլետենները նայելուց հետո համոզվեց, որ միայն 24 համարի վրա չէ։ Անհիմն մեղադրանք էր դա»,- ևս մեկ խնդիր ներկայացրեց Գևորգ Ենգիբարյանը։

Այս համատեքստում ընդգծենք, որ դիտորդական առաքելություն իրականացնող «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» հիմնադիր Գոհար Մելոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառել էր, որ տեղամասային կենտրոններում քվեաթերթիկները դասավորելիս դիտավորությամբ հատուկ նշանառումներ են իրականացվել՝ «6» համարակալմամբ «Պատիվ ունեմ» դաշինքի և «24» համարակալմամբ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա: Իսկ քիչ առաջ, Գոհար Մելոյանը հրապարակել է 24 համարի՝ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկները, որոնցում առկա են հենց մեր ֆիքսած տպագրական հետքերը․ «Տեղամասային կենտրոնում այսօր կրկին արձանագրվել է մի տրցակ Հայաստան դաշինքի նշանառված քվեաթերթիկ»,-գրել է նա:

9/46 տեղամասի նախագահ Գևորգ Ենգիբարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ քվեաթերթիկների վրայի տպագրական հետքերը միայն 24 համարի քվեաթերթիկներին չեն վերաբերում, այլ մյուս քվեաթերթիկների վրա ևս առկա են։ Մեր զրուցակիցը որպես ապացույց ցուցադրեց նաև այլ համարի քվեաթերթիկները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարա Մարտիրոսյան