Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռների առաքման գործընթացին հետևող ողջ միջազգային հանրությունը վերջնականապես համոզվեց՝ Ադրբեջանը կեղծ է իր բոլոր հայտարարություններում. Մեզ Աղդամի ճանապարհը պետք չէ. Արցախի պատգամավոր

ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռների առաքման գործընթացին հետևող  ողջ միջազգային հանրությունը վերջնականապես համոզվեց՝ Ադրբեջանը կեղծ է իր բոլոր հայտարարություններում. Մեզ Աղդամի ճանապարհը պետք չէ. Արցախի պատգամավոր
Հարցազրույց
18:16, 27 июль 2023
Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել։ Ինչպես Civic.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արցախի ԱԺ պատգամավոր «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանը՝ այսօր երկու նիստ է եղել, մեկը՝ ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, մյուսը՝ ԱԺ պատգամավորների։ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հավանական հրաժարականի հարցը, ինչի մասին երեկ հայտնի դարձավ, այսօր  օրակարգում նախատեսված չէ։  ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կայացած նիստում ԱԺ-ն ընդարձակ ուղերձով է հանդես եկել և դիմելով ՄԱԿ անդամ պետություններին՝ կոչ է արել «առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը»։ «Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Լեռնային Ղարաբաղի  (Արցախի) Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է՝  չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթները»,- մասնավորապես նշված է ուղերձում, որը եզրափակվում է այսպիսի տողով. «Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը ԼՂՀ անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա»։ 

Արամ Հարությունյանը նշեց, որ ԱԺ երկրորդ նիստի օրակարգում մի շարք օրենքներում, մասնավորապես ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելն է, համաձայն որի՝ ԱԺ նախագահը կարող է ընտրվել ԱԺ արտահերթ նիստում։ Գործող օրենքով, սակայն, ԱԺ նախագահը կարող էր ընտրվել ԱԺ հերթական նիստում,  պաշտոնի թափուր մնալու պարագայում։ Ենթադրե՞նք, որ նախատեսված փոփոխությունները միտված են ԱԺ գործող նախագահի հավանական փոփոխությանը՝ Արամ Հարությունյանն արձագանքեց. «Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել, մեկնաբանել։ Կարծում եմ՝ երբ պաշտոնական հայտարարություն լինի, ամեն ինչ պարզ կլինի»։ Մեր ճշտմանը՝ գործող կանոնակարգով արդյոք ԱԺ փոքրամասնության  խմբակցության անդամը կարո՞ղ է ԱԺ նախագահ ընտրվել, պատգամավորը պարզաբանեց՝ որևէ սահմանափակում այս մասով չկա։ Նշենք, որ որպես ԱԺ նախագահի հավանական թեկնածու քննարկվում է ԱՀ խորհրդարանում երեք մանդատ ունեցող  ՀՅԴ խմբակցության անդամ, Պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ Բյուրոյի անդամ (2022 թ.) Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։ Ա. Հարությունյանի հետ զրուցել ենք նաև այլ հարցերից։ 

- Պարոն Հարությունյան, բոլորիս ուշադրությունն այս պահին սևեռված է այն հարցի վրա, թե ինչպես դասավորվեց  երեկ Արցախ առաքված 400 տոննա հումանիտար բեռի ճակատագիրը։ Ի՞նչ իրավիճակ է այս պահին, հույս կա՞, որ այդ բեռները ռուս խաղաղապահների միջնորդությամբ  կհասնեն նպատակակետին։ 

- Ինչպես գիտենք՝ միջազգային կառույցները նույնպես բավականին ուշադիր հետևում են այս պրոցեին։ Որևէ դրական տեղաշարժ այս պահին չկա, Ադրբեջանը ոչ կոնստրուկտիվ դիրքորոշում է որդեգրել և որևէ կերպ չի ուզում թույլատրել, որպեսզի Լաչինի միջանցքով հումանիտար բեռները տեղ հասնեն։ Նրանց կողմից տեղադրված ապօրինի անցակետում ուժեղացված վերահսկողություն է սահմանված, և խաղաղապահներին չի հաջողվում որևէ բան փոխել։ Մյուս կողմից էլ ՀՀ-ում տեղակայված ԵՄ միջնորդական առաքելությունը հայտարարություն է արել, որ 24-ժամյա ռեժիմով հետևում է և մնալու է տեղում այնքան ժամանակ, մինչև հարցը դրական հանգուցալուծում ունենա։ Մենք տեսնում ենք նաև, որ սրան զուգընթաց մի շարք եվրոպական երկրներից, մասնավորապես նաև ի դեմս Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ հայտարարություն արվեց, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերականգնի Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը։ Իհարկե, սա   դրական դինամիկա է, քանի որ տեսնում ենք, որ հետևողական ճնշում կա Ադրբեջանի վրա, և ես կարծում եմ, որ այս քայլը բավական մեծ ուշադրություն գրավեց Լաչինի միջանցքի շուրջ։ Եվ նաև մյուս կողմից՝ ողջ միջազգային հանրությունը վերջնականապես համոզվեց, որ Ադրբեջանը կեղծ է իր բոլոր հայտարարություններում առ այն, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ, և իբր  հայկական կողմը «կեղծ թեզեր» է գեներացնում։ Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանն էլ իր հերթին փորձեց իր շահերից ելնող օրակարգ առաջ տանել՝ պնդելով, թե  կա Աղդամի ճանապարհ, և կարող ենք այդ ճանապարհից օգտվել, և իբրև թե նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Բրյուսելում կայացած վերջին հանդիպման ժամանակ։ Սակայն ԵՄ-ից հերքեցին այս լուրը, չկա նման պայմանավորվածություն, այսինքն՝ Աղդամի ճանապարհը չի կարող լինել Լաչինի միջանցքի այլընտրանքային կամ փոխարինող ճանապարհ, այդ ճանապարհը կարող է լինել լրացուցիչ։ Մենք այս պահին  բավարարվում ենք միայն Լաչինի ճանապարհով, և մեզ Աղդամի ճանապարհը պետք չէ, ու պահանջում ենք, որ Ադրբեջանը եռակողմ՝ նոյեմբերի 9-ի  հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները անշեղորեն կատարի։ Այստեղ մի շատ կարևոր նյուանս կա, և կարծում եմ, որ հայկական կողմը պետք է հետևություններ անի և բանակցային պրոցեսում բավականին զգույշ լինի, քանի որ Ադրբեջանը նման թեզիսներ միտումնավոր է շրջանառության մեջ դնում և հասնում նրան, որպեսզի միջազգային հանրության պաշտոնատար անձանց հայտարարություններում իր այդ թեզերը հնչեն՝ հետագայում ներկայացնելով իրավիճակը իր շահերից։ Եվ մենք պետք է այս առումով բավականին զգույշ լինենք և թույլ չտանք, որ նման ոչ հայանպաստ ձևակերպումները, տերմինալոգիան  տեղ գտնի հեղինակավոր հարթակներում ընթացող բանակցությունների արդյունքում ընդունվող հայտարարությունների մեջ։ 

- Արցախի իշխանությունները՝ ի դեմս նախագահի, կառավարության ներկայացուցիչների, Արցախ հումանիտար բեռների փոխադրման գործընթացում ներգրավվա՞ծ են, թե՞ միայն խաղաղապահները և ՀՀ ներկայացուցիչներն են։ Արցախից ներկայացուցիչ պաշտոնապես ներգրավվա՞ծ  է պրոցեսում։  

- Միգուցե գործադիր իշխանության հետ քննարկումներ կան, ես, անկեղծ ասած, տեղյակ չեմ։  Բնական է, որ  օրենսդիր իշխանության հետ նման բովանդակության հարցեր չեն քննարկվում։ 

- Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ինչպես հայտնի է, անժամկետ հանրահավաք-նստացույց էր հրավիրել, որին միացավ նաև Արցախի նախագահը։  Նախօրեին, սակայն, նախագահը որոշեց դադարեցնել նստացույցը։ Այս պահին ի՞նչ իրավիճակ է Արցախում, հանրահավաքը դեռ շարունակվո՞ւմ է։ 

- Ես ուզում եմ իմ դիրքից ասել. չգիտեմ՝ այս պահին ինչ իրավիճակ է, ինչպես են ընթանալու հետագա զարգացումները։ Նախագահը երբ հայտարարեց, որ միանում է նստացույցին, մենք, բնական է, որպես իշխող խմբակցության անդամներ, բավականին ուշադիր էինք և մասնակցում էինք պրոցեսին։ Նախագահը նստացույցը դադարեցրել է, իսկ թե ինչպիսին են լինելու հաջորդ քայլերը՝ դեռևս հնարավորություն չենք ունեցել քննարկելու նախագահի հետ։ 

- Պարոն Հարությունյան, ևս մեկ հարց, որը գուցե մեր զրույցի  թեմատիկային  չի առնչվում, բայց  կարևոր է. նախորդ շաբաթ Արցախի ԱԺ արտահերթ նիստում շատ բուռն, հուզառատ մթնոլորտում ձեր՝ իշխող խմբակցության անդամ Նելա Գրիգորյանը, մեղմ ասած, կոշտ ելույթ ունեցավ, որի թիրախը ոչ թե Արցախը բլոկադայի մեջ պահող  Ադրբեջանի առաջնորդն էր, այլ ՀՀ վարչապետն ու նրա ընտանիքը։ Այդ ելույթին հետևած արձագանքներն այսպիսին էին՝ արդյոք իշխող ներկայացուցիչ  տիկինը  իր ելույթը համաձայնեցրե՞լ էր խմբակցության ղեկավարի, ԱԺ նախագահի հետ, և արդյոք նրա ելույթը նաև խմբակցությա՞ն տեսակետն էր արտահայտում։ Տեսանք, որ Արթուր Թովմասյանը, կարծես,  նույնպես հավանության արժանացրեց Գրիգորյանի ելույթը, նիստերի դահլիճում  նույնիսկ ծափեր հնչեցին՝ ի պատասխան այդ ելույթի։ Այդ ելույթը տիկին Նելայի սրտի խո՞սքն էր, թե՞ խմբակցության տեսակետը։ 

-  Տիկին Գրիգորյանը ներկայացրել է իր տեսակետը, չգիտեմ՝ դա սրտի խոսք կասեք, թե ինչ, դա իր տեսակետն էր։ Խմբակցության տեսակետները ներկայացնելիս պարտադիր շեշտվում է, որ դա խմբակցության տեսակետն է։ Շատ հաճախ է լինում, որ ՀՀ ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչները նույնպես ելույթներ են ունենում, որոնք բավականին վիրավորական կամ անընդունելի են լինում մեզ համար, և մենք առիթներ ունեցել ենք նաև այս մասին Հայկ Կոնջորյանի հետ խոսելու։ Ինքն էլ է պարզաբանել, որ այդ ելույթները ոչ թե խմբակցության, այլ առանձին պատգամավորների տեսակետն է։ Մենք գիտենք, որ խորհրդարանականները ազատ են իրենց տեսակետը հայտնելիս։ 

Հեղինե Մանուկյան