Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես համոզված եմ, որ Ադրբեջանն արդեն վաբանկ է գնում և սա բերելու է նրան, որ ավելի է արագանալու «անջատում հանուն փրկության» գործընթացը․Ռոմիկ Մխիթարյան

Հուլիսի 23-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ շուքով նշվեց Երկրապահ կամավորականների միության հիմնադրման 30-ամյակը։ ԵԿՄ Երևանի խորհրդի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միություն ստեղծելու գաղափարը սպարապետ Վազգեն Սարգսյանի մոտ վաղուց կար, որովհետև նույն Վրաստանում և Ադրբեջանում բազմաթիվ օրինակներ կային, որ առանձին ջոկատներ պատերազմական գործողությունների մասնակցելուց հետո սկսում էին այլ գործունեությամբ զբաղվել, ու այդ վտանգը կար նաև Հայաստանում։ Իսկ գաղափարը՝ միավորել բոլոր ջոկատները մի կառույցի մեջ և հիմք դնել բանակի,  վաղուց կար։
Նա հիշեցրեց, որ դեռևս 1989 թվականից արդեն երկրապահ ջոկատներ կային։ 

«Հին տղերքը և ես էլ երկրապահ ռեզերվիստի վկայականներ ունեինք, և հենց այդ երկրապահ ջոկատների հիման վրա 1992 թվականին ստեղծվեց բանակը։ Բայց 1993-ին արդեն եկավ այն պահը, որ պիտի ստեղծվեր կառույց ոչ թե բանակը ձևավորելու, այլ բանակի կողքին լինելու, չէ՞ որ այդ տարիներին ունեցանք բավականին վիրավորներ, հաշմանդամ դարձած տղերք, որոնք սոցիալական խնդիրներ ունեին, և այս կառույցի ամենակարևոր խնդիրներից մեկը նրանց սոցիալական խնդիրները լուծելն էր և բանակի հետ մասնակցելը և՛ մարտական գործողություններին, և՛ մարտական հերթապահության։ 1993 թ. հուլիսի 23-ին՝ ԵԿՄ առաջին  համագումարի ժամանակ, շատ ստորաբաժանումներ, այսինքն՝ պատվիրակները հենց ռազմաճակատից էին եկել։ Նաև մենք Մարտակերտից էինք եկել մեր պատվիրակությամբ և մասնակցելուց հետո  էլի վերադարձել ենք ռազմաճակատ ու շարունակել մարտական գործողությունները»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։ Նա նաև հավելեց, որ երբ 1994 թվականին կնքվեց զինադադարը, ԵԿՄ-ն արդեն սկսեց ավելի լուրջ քայլեր անել այն ծրագրերով, որոնք որ նախատեսված էին իրենց  կանոնադրությամբ, և բազմաթիվ խնդիրներ են լուծել ու լուծում, և ինչպես սպարապետն էր իրենց հրաման տվել՝ լինել բանակի կողքին, լինել երկրի թիկունքին, իրենք առայսօր էլ շարունակում են այդ գործունեությունը, առավել ևս, որ 2020  թվականի պատերազմից հետո բանակը  բավականին լուրջ խնդիրներ ուներ։ 

«Այնպես որ, երկրապահի դերն ու կարևորությունը դեռ երկար ժամանակ է  ակտուալ լինելու։ Հետո եթե մի պահ կար, որ տարիքն էին հաշվի առնում, այսօր այդ խնդիրն էլ չկա. 70 տարեկան տղերք կան, որոնք շատ պինդ են կանգնած ու շատ բան ունեն զինվորներին սովորեցնելու, շատ բան ունեն նույնիսկ հրամանատարներին սովորեցնելու, էլ չեմ ասում այդ համագործակցությունը բանակի հետ։ Ամեն անգամ, ամեն հերթափոխից հետո ես հիացած գալիս եմ»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։

Նշենք, որ նա այսօր լուսաբացին է վերադարձել դիրքերից,  և նշեց, որ երկրապահների մարտական հերթապահությունը նորմալ է ընթանում, և նրանք իրենց  առաջադրված խնդիրները շատ լավ կատարում են։

Խոսելով նաև այն մասին, որ օրերս իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը վիրավորական գրառում է կատարել երկրապահի մասին, Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ դա իհարկե իրեն զայրացրել է։  

«Նախ՝ թող այդ ավետիքիշխանյանները մի քիչ զգույշ մնան։ Ամեն մի ազատամարտիկ այնքան բան է արել, ինչքան իրենք իրենց ցեղով չեն կարող անել երևի 100-200 տարի։ Թող ուղղակի զգույշ լինեն, վերջիվերոջ մարդ ենք, էլի, կարող ա նյարդերը չդիմանան։ Մենք աշխատում ենք արհամարհել նման «մարդկանց», բայց թող խելոք մնան, թող ամեն մեկն իր գործն անի, իրավապաշտպան է՝ թող իր գործով զբաղվի։ ԵԿՄ-ն անում է այն, ինչը պիտի անի, երկրապահն այսօր սահման է պահում, ամեն ամիս 800-1000 երկրապահ բարձրանում է սահման. դա է մեր խնդիրը։ Շատ վտանգավոր բաներ են անում այդ ավետիքիշխանյանները։ Երբ որ երկրապահը բարձրանում է մարտական դիրքեր, միանգամից փոխվում է իրավիճակը. ադրբեջանցիք նախ կրկնապատկում, եռապատկում են իրենց ուժերը դիրքերում, մեկ-երկու անգամ փորձում են մեր զգոնությունը և շատ արագ հասկանում են, որ երկրապահն է այստեղ, աշխատում են հանգիստ մնալ»,- նշեց Ռոմիկ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի հավանաբար բացառիկ հայրենասիրությունից դրդված էր Ավետիք Իշխանյանի ընտանիքի երիտասարդներից մեկը հրապարակային հրաժարվում այն ժամանակ եռամյսա վարժական հավաքներին  մասնակցելուց՝ վախենալով, որ գերի կընկնի։
Ի հավելումն Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ ԵԿՄ-ի 30-ամյակի միջոցառմանը վարչության նախագահ Սասուն Միքայելանն իր ելույթի մեջ հերթական անգամ դիմեց իշխանություններին՝ Հոկտեմբերի 27-ը բացահայտելու կոչով, քանի որ մեր ժողովրդի ու պետության համար շատ կարևոր է Հոկտեմբերի 27-ի վերջնական բացահայտումը։  

«Մենք բոլորս առանձին-առանձին գիտենք, բայց Հոկտեմբերի 27-ը պիտի բացահայտվի, բոլոր մասնակիցները պիտի բացահայտվեն, որ ոչ թե վազգենմանուկյանների նմաններն էլ առայսօր էլի ժպիտը դեմքներին խոսեն Հոկտեմբերի 27-ի մասին՝ Նաիրի Հունանյանին ու իր խմբին համարելով մի խումբ ռոմանտիկներ, այլ յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր մասնակցությունը պիտի բացահայտվի. երբ դա բացահայտվի, այս պետությունը կդառնա իրոք ամուր ու ժողովրդավար պետություն։ Երբ հոկտեմբերի 27-ին գլխատեցին մեր պետությունը, մեր պարտությունները սկսվեցին հենց այդ օրը, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին մենք պարտվեցինք մեր թշնամուն, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ բացահայտվի, ու մենք հաղթելու ենք»,- նշեց Ռոմիկ Մխիթարյանը։ 

Մեր զրուցակիցը նաև շատ կարևորեց 25-օրյա վարժական հավաքներին մասնակցությունը և նշեց՝ ուր է կորում ոմանց  հայրենասիրությունը, երբ որ զինկոմիսարիատից գալիս և ծեծում են նրանց դուռը։ Այդուհանդերձ, նա հավելեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա տիրապետել զենքին և լինի պատրաստված։ 

Խոսելով նաև Ադրբեջանի պահվածքի մասին՝ Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ Ադրբեջանն արդեն երկար ժամանակ ակնհայտ ցույց է տալիս, որ ուզում է հայաթափել Արցախը։ Եվ ոչ միայն Ադրբեջանը, այլև Ռուսաստանն էլ իր արտգործնախարարի բերանով փաստացի նպաստում է այդ ամենին, բայց մեր զրուցակիցը համոզված է, որ մի քանի օրվա մեջ այդ խնդիրը կլուծվի, և Հայաստանից հումանիտար բեռները կհասնեն Արցախ։

«Բայց այստեղ շատ կարևոր բան է կատարվում. միջազգային մեծ արձագանք է ստացել այս ամեն ինչը, դա ցույց են տալիս և՛ դեսպանների ներկայությունը, և՛ դիտորդների ու տարբեր պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունները։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանն արդեն վաբանկ է գնում, և սա բերելու է նրան, որ ավելի է արագանալու «անջատում հանուն փրկության» գործընթացը»,-  եզրափակեց Ռոմիկ Մխիթարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան