Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մարդկանց արհեստականորեն փողոց դուրս բերել անհնար է․ մի հոգու խաբես, 15 հոգու, բայց հազարներին՝ անհնար է»․ Ստեփան Գրիգորյան․ Տեսանյութ

«Մարդկանց արհեստականորեն փողոց դուրս բերել անհնար է․ մի հոգու խաբես, 15 հոգու, բայց հազարներին՝ անհնար է»․ Ստեփան Գրիգորյան․ Տեսանյութ
Հարցազրույց
18:08, 23 июнь 2021
Civic.am-ի հյուրը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է։ 

Ըստ Գրիգորյանի, ընտրությունների արդյուքները կանխատեսելի չէին այն մարդկանց համար, ովքեր խորն էին ուսումնասիրել իրավիճակը։

«Նախկինների տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով փորձ արվեց ստեղծել պատռանք, իբր նախկինները նույնիսկ կարող են առաջ անցնել Նիկոլ Փաշինյանից, բայց քանի որ մենք ուսումնասիրում ենք դաշտը, շփվում ենք մարդկանց հետ, մեզ համար պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը բարձր վարկանիշ ունի։ Այսինքն, այս արհեստական ստեղծված լարվածությունը պայթեց։ Շատ կարևոր է նաև, որ և՛ նախընտրական փուլը, և՛ ընտրությունների օրը, հաջող անցկացվեցին։ Նախընտրական փուլում կուսակցությունները ակնհայտորեն ազատ կարող էին պայքարել։ Հնարավորությունները մեծ էին ստեղծված նաև ԶԼՄ-ների դաշտում։ Պարզ է, որ միշտ աշխատելու տեղ կա, բայց այն, որ արդար էին ընտրությունները ու ընտրության օրը փայլուն աշխատեցին պետական ինստիտուտները՝ ԿԸՀ-ն և Ոստիկանութունը առաջին հերթին՝ ակնհայտ է։ Նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը բավական հաջող համարեց ընտրությունները։ Գիտեք, որ մեզ մոտ մինչև հեղափոխությունը ավանդույթ կար, որ միշտ խախտումները կարգավորում էին իշխանությունները, միշտ այնտեղից էր գալիս վտանգը, հիմա մենք տեսանք այլ պրոցես։ Եթե բռնում էին՝ բռնում էին նախկինների հետ կապված մարդկանց։ Դա նշանակում է, որ իշխանությունը նպատակ չէր դրել խախտումներ անել, այլ հակառակը՝ այդ խախտումների դեմ պայքարում էր», - ասաց Ստեփան Գրիգորյանը։

Անդրադառնալով ընդդիմության կողմից հնարավոր փողոցային պայքարին, Գրիգորյանն ասաց․ «շատ դժվար է արհեստականորեն ոտքի բարձրացնել ժողովրդին։ Նախկինում՝ 2000-ական թվականներին՝ 2004-ին, 2008-ին մարդիկ ոտքի էին կանգնում՝ ինչու՞, որովհետև իշխանությունը կոպիտ սխալներ էր անում, ճնշում էր, ընտրությունների ժամանակ մասսայական լցոնումներ էին անում և մարդիկ ոտքի էին կանգնում։ Հիմա նման բան չկա։ Մարդկանց արհեստականորեն դուրս բերել փողոց՝ անհնար է։ Մի հոգու խաբես, 15 հոգու, բայց հազարներին՝ անհնար է։ Դա է պատճառը, որ իրենց մոտ բան չի ստացվի»։

Ստեփան Գրիգորյանը նշեց, որ մանդատները վերցնել նշանակում է, որ ընդդիմությունն ընդունում է ընտրությունների արդյունքները։ 

«Մանդատները վերցնելուց հետո, փաստորեն, այդ երկու ընդդիմադիր ֆրակցիաները կասեն, որ այո՛ Նիկոլ Փաշինյանը հաղթող է։ Մանդատ վերցնել, ավտոմատ նշանակում է, որ ընդունում ես խաղի կանոնները», - ասաց Ստեփան Գրիգորյանը։

Անդրադառնալով մյուս ուժերի գրանցած ցածր արդյունքներին, մասնավորապես խորհրդարանական ուժերի հավաքած քվեներին նշեց, որ կային մի քանի ուժեր, որոնք կարող էին հաղթահարել անցողիկ շեմը։ «Բայց այստեղ շատ կարևոր նյուանս կա։ Երբ մարդիկ գնում էին քվեարկության, մտահոգված էին, որ նախկինները կարող են վերադառնալ, ու իրենք հասկանում էին, որ պետք է բևեռացնել իրավիճակը։

Եթե մենք այսօրինակ բևեռացված հասարակություն կամ քաղաքական դաշտ չունենայինք, պարզ է, որ ձայները կբաժանվեին ավելի համաչափ, բայց մարդիկ հասկացան, որ վտանգը մեծ է և այդ պատճառով իրենց ձայնը տվեցին Նիկոլ Փաշինյանին ու դա բավականին տրամաբանական որոշում էր մեր ժողովրդի կողմից», - ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով շահարկվող թեզին, թե պարտված ղեկավարը չի կարող բանակցել արտաքին մյուս խաղացողների հետ, Գրիգորյանը նշեց, որ այդ թեզը արհեստական է։ «Մի օրինակ բերեմ՝ Սահակաշվիլին էլ 2008 թվականին պարտվեց, բայց իր երկրորդ ժամկետում 10 անգամ ավելի շատ գործ արեց, քան առաջին ժամկետում։ Հենց պարտությունից հետո ինքը նորից վերընտրվեց ու դրանից հետո Վրաստանի զարգացումը գնաց ֆանտաստիկ ուժեղ։ Էդ որ ասում են՝ Վրաստանի զարգացում, նայեք ինչպես է զարգացել տուրիզմը, կոռուպցիան վերացել է և այլն, դա Սահակաշվիլին արել է իր երկրորդ ժամկետում՝ պարտությունից հետո։ Նիկոլ Փաշինյանը ստացավ նոր մանդատ և հեռանկարները կարող են դրական լինել», - եզրափակեց Ստեփան Գրիգորյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան