Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոշ մարդիկ օգտվեցին նախընտրական թոհ ու բոհից․ Միայն հունիսի 20-ի գիշերը, Աջափնյակում մոտ 15-20 ապօրինի կրպակ է տեղադրվել համայնաքային հողերի վրա․ «Իմ քայլի» ավագանի․ Հարցազրույց

Որոշ մարդիկ օգտվեցին նախընտրական թոհ ու բոհից․ Միայն հունիսի 20-ի գիշերը, Աջափնյակում մոտ 15-20 ապօրինի կրպակ է տեղադրվել համայնաքային հողերի վրա․ «Իմ քայլի» ավագանի․ Հարցազրույց
Հարցազրույց
18:11, 24 июнь 2021
Civic․am-ի հյուրը Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն է։

Անդրադառնալով վերջին օրերին Երևանի տարբեր վարչական շրջաններում հայտնվող և ապամոնտաժվող ապօրինի կառույցներին, Զաքարյանը նշեց, որ դրանք հիմնականում կրպակներ են, որոնք նախօրոք հավաքվում են այլ վայրերում, ապա՝ տեղադրվում քաղաքի տարբեր մասերում, համայնքային հողի վրա՝ հիմնականում գիշերային ժամերին։ Ըստ Զաքարյանի, որոշ մարդիկ օգտվեցին նախընտրական թոհ ու բոհից, այդ իսկ պատճառով վերջին օրերին այդպիսի ապօրինի կառույցների և ապօրինի շինարարությունների թիվը ավելացավ հենց այս ժամանակահատվածում։ «Միայն հունիսի 20-ի գիշերը, Աջափնյակ վարչական շրջանում մոտ 15-20 ապօրինի կրպակ է տեղադրվել համայնաքային հողերի վրա։ Եթե օրինակ Դավթաշեն վարչական շրջանում այդպիսի մեկից երկու դեպք է գրանցվում ամբողջ տարվա մեջ, ապա Աջափնյակում այդպիսի դեպքեր կան ամեն օր։ Ստացվեց այնպես, որ այս կարճ ժամանակահատվածում՝ երեք տարվա ընթացքում, այս վարչական շրջանում ունենք արդեն վարչական շրջանի երրորդ ղեկավարը, ով երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Եվ ստացվեց այնպես, որ այս վարչական շրջանում չունեցանք ղեկավար, ով կկարողանար տիրապետել իրավիճակին։ Կարծում եմ այս դեպքերը կարելի է նաև վերագրել նրան, որ ամենաթողություն կար, որը ծնում է ապօրինություններ», - ասաց Լևոն Զաքարյանը։

Զաքարյանը վստահեցրեց, որ կառույցների ապամոնտաժման հարցում ընտրողական մոտեցում չի լինելու, բայց այն բարդ պրոցես է։

«Բարդ պրոցես է, որովհետև օրենքում բացեր կան, որոնք թույլ են տալիս մարդկանց օգտվել առիթից։ Մարդիկ գնում են քաղաքապետարան և ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմում ներկայացնում։ Ներկայում գործում է Կառավարության թիվ 912 որոշումը, որով քաղաքացին կարող է դիմել քաղաքապետարան և իր ապօրինի կամ ինքնակամ կառույցը օրինականացնել։ Դա ոչ բոլոր դեպքերում է օրինականացվում, կարող է մերժում ստանալ, բայց երբ քաղաքապետարանի կամ վարչական շրջանի ներկայացուցիչները մոտենում են տվյալ հասցեով, քաղաքացին ասում է, որ ունի դիմում և սպասում է քաղաքապետարանի պատասխանին։ Շատ դեպքերում դիմում են նաև դատարան։ Այդ ընթացքում գործընթացը կանգնում է՝ ոչ քանդվում է, ոչ՝ կառուցվում, և պրոցեսը կարող է տևել մեկ տարի կամ երկու տարի, նաև մեկ այլ օրենքով էլ քաղաքապետարանը իրավունք չունի ապամոնտաժել ապօրինի կառույցը, եթե դրա կառուցումից կամ տեղադրումից հետո անցել է երկու ամսից ավել ժամանակ», - ներկայացրեց Զաքարյանը։

Զաքարյանը հիշեցրեց, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ, համապատասխան օրենքում կատարել է փոփոխություն, որի համաձայն համայնքային հողի վրա ապօրինի կառույցը ապամոնտաժվում է առանց վարչարարության, և հույս հայտնեց, որ օրենքում կատարված փոփոխությունը նոր գումարման ԱԺ-ի կողմից կընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ և կմտնի ուժի մեջ։ Զաքարյանը, սակայն, հիշեցրեց, որ ամեն դեպքում գործում է նաև 60-րդ հոդվածը, որի համաձայն կանաչ գոտում ցանկացած կառուցապատում արգելվում է, իսկ այս կրպակները հիմնականում տեղադրվում են կանաչ տարածքներում, գազոնների վրա։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ այս ապօրինությունները ուղղորդվում կամ կատարվում են հստակ շրջանակների, մարդկանց կամ նրանց հետ փոխկապակցված անձան կողմից, Զաքարյանը նշեց, որ փաստեր չկան, սակայն իր կարծիքով դա այդպես է։

«Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը մինչև ազատման դիմում գրելը գրություններ է ուղարկել թե՛ Ոստիկանություն, թե՛ Դատախազություն, թե՛ ԱԱԾ այն կասկածանքով, որ վարչական շրջանում գործում է հանցավոր խմբավորում կամ խմբավորումներ, որոնք զբաղվում են ապօրինի շինարարությամբ և նպատակ են հետապնդում այս եղանակով գումար վաստակել, որովհետև այս տարածքները հետագայում տրվում են վարձով», - ասաց Լևոն Զաքարյանը։

Զաքարյանը նշեց, որ ինքնակամ շինությունները ապամոնտաժելուց առաջ տարվում է բացատրական աշխատանք այն տեղադրողների հետ, կատարվում է վարչարարություն, տուգանքներ են նշանակվում և շինությունը ապամոնտաժվում է քաղաքապետարանի կողմից միայն այն ժամանակ, երբ ինքնակամ շինությունը տեղադրած անձինք չեն համաձայնում ինքնակամ քանդել դրանք։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան