Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՛չ ինձ, ո՛չ իմ ծանոթներին որևէ ադրբեջանցի չի զանգել․ Դա ուղղորդված տեղեկատվական ագրեսիա է Արցախի բնակչության հանդեպ՝ ցավոք հայկական կողմից․ Վահրամ Աթանեսյան

Ո՛չ ինձ, ո՛չ իմ ծանոթներին որևէ ադրբեջանցի չի զանգել․ Դա ուղղորդված տեղեկատվական ագրեսիա է Արցախի բնակչության հանդեպ՝ ցավոք հայկական կողմից․ Վահրամ Աթանեսյան
Հարցազրույց
15:09, 25 июнь 2021
Երեկվանից ֆեյսբուքում տարածվում է մի տեղեկատվություն, որ իբրև թե արցախցիներն ադրբեջանցիներից հեռախոսազանգեր են ստանում՝ բնակարան վաճառելու առաջարկությամբ: Նկատենք, որ այդ մասին առաջինը գրառում էր կատարել իրեն լրագրող համարող Նաիրի Հոխիկյանը, իսկ այսօր ակտիվորեն տարածվում է նաև «Պատիվ ունեմ» դաշինք-ի պատգամավորության թեկնածու Տիգրան Աբրահամյանի համանման գրառումը։

Այս առնչությամբ, ինչպես նաև Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։

-Պարոն Աթանեսյան, Դուք որպես Արցախում բնակվող մարդ, կամ ձեր շրջապատից որևէ մեկը ստացե՞լ է նման հեռախոսազանգ։

-Այսօր արդեն այդ մասին գրել էի, հիմա էլ Տիգրան Աբրահամյանն է գրել այդ մասին, նա լուրջ մարդ է, անձամբ գիտեմ Տիգրանին, Արցախում նախագահի խորհրդական է աշխատել, ես իրեն գիտեմ, որպես լուրջ անվտանգային հարցերով փորձագետի, հավասարակշռված անձնավորության, բայց երբ արդեն Տիգրան Աբրահամյանի մակարդակի տեր անձնավորությունն է տոն տալիս նման խոսակցությանը, ինձ պարզապես մնում է ենթադրել, որ դա ինչ-որ ուղղորդված տեղեկատվական ագրեսիա է՝ Արցախի բնակչության հանդեպ՝ ցավոք հայկական կողմից։ Ես քանիցս դժգոհել եմ այդ ինֆոտեռորզիմից, ես նման մարդկանց անվանել եմ ֆեյսբուքյան մոջահեդներ, բայց ինձ համար չափազանց արտառոց է, որ Տիգրան Աբրահամյանն է նման տեղեկատվություն գեներացնում։ Մեր ընտանիքում հինգ բջջային հեռախոսահամար է աշխատում, ես ունեմ տասնյակ հարազատներ, Արցախում, որոնց յուրաքանչյուրի ընտանիքում կան 4,5,6, բջջային հեռախոս, ունեմ հարյուրավոր ընկերներ, ի վերջո ես 30 և ավելի տարի բնակվում եմ Ստեփանակերտում, ես ծնունդով արցախցի եմ, շատերն ինձ գիտեն, ֆեյսբուքյան 2000-ից ավելի ընկերներ ունեմ և որևէ մեկից ես նման տեղեկություն չեմ ստացել, որ ինչ-որ մեկն իրեն զանգել, ներկայացել է որպես ադրբեջանցի և ասել, որ մեկ է Ղարաբաղն այսպես, թե այնպես Ադրբեջանին է մնալու, արի էս գլխից, ես քեզ լավություն եմ անում, բնակարանդ վաճառի։ Չկա նման բան, ոչ մի ծպտուն։

-Ըստ Ձեզ, ո՞րն է նման ինֆորմացիայի տարածման նպատակը։

-Դրա նպատակը՝ հակափաշինյանական քարոզչությունն է, ուրիշ ոչինչ։

-Արդեն քանի օր է՝ Արցախում պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այս պահին կա՞ նման հանրային պահանջ։ 

-Նման հանրային ու քաղաքական պահանջ չկա։ Ո՞վ է այդ միջոցառումների կազմակերպիչը։ Բանը հասել է նրան, որ այդ ինքնաբուխ ակցիայի կազմակերպիչներից մեկի եղբայրը, որ ժամանակին Մարտակերտի վարչակազմի ղեկավար է եղել, ԱԱԾ կադրային սպա է եղել, երեկ ֆեյսբուքում գրառում է արել և ասում է՝ «Արդարություն» կուսակցություն, Արցախի ժողովրդավարական կուսակցություն, ՀՅԴ  Արցախի կառույց, ինչո՞ւ տիրություն չեք անում ձեր նախաձեռնած շարժմանը։ Էդ մարդիկ հանրային հեղինակություն չունեն, բառիս բուն իմաստով, որևէ մեկը չի կարող կանգնել և ասել այ ես Արայիկ Հարությունյանին այլընտրանք եմ, Արցախում այս պահին չկա նման քաղաքական ֆիգուրա, գուցե վաղը լինի։ Բայց այս պահի դրությամբ նրա հրաժարականը պահանջող «Արդարություն» կուսակցություն, Արցախի ժողովրդավարական կուսակցություն և ՀՅԴ տեղական կառույցի որևէ ներկայացուցիչ համարձակություն չունի մասնակցելու այդ ինքնաբուխ կոչված, լավ կազմակերպված ակցիային և հանդես գալու քաղաքական հայտարարությամբ։ Ես ամաչում եմ, ամոթ է, 33 տարի հետո Ստեփանակերտում ակցիա է կազմակերպվում, և այդ ակցիան ոչնչով չի տարբերվում 1988 թվականի փետրվարյան էմոցիոնալ, չկշռադատված, չհավասարակշռված միջոցառումներից, երբ  ամեն դատարկագլուխ կարող էր հրապարակում ամբիոն բարձրանալ և  դատարկախոսեր։

-Այս ակցիաներն այս իրավիճակում ի՞նչ վտանգ  կարող են ներկայացնել Արցախի համար։

-Ես պետք է մի կարևոր բան ասեմ։ Իլհամ Ալիևը Ադրբեջանում վերացրել է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպությունը։ Դա Արցախի իշխանությունների ադրբեջանական այլընտրանքն էր չէ՞, երբ ասում էինք՝ բանակցություններին պետք է մասնակցի Արցախը, Ադրբեջանն ասում էր, չէ, պետք է մասնակցի նաև «ԼՂ ադրբեջանական համայնք»-ի ներկայացուցիչը։ Հիմա դա լուծարել է այնտեղ ու այստեղ որոշ ուժեր ուզում են լուծարել նաև Արցախի իշխանությունը, ունիսոն քայլ է որևէ մեկը չի կարող ինձ հակառակն ապացուցել, այլապես քաղաքական երկու գործընթաց նույն գծի մեջ չէին լինի, սինխրոն չէին լինի։ Իլհամ Ալիեևը այդ կառույցը լուծարել է՝ փաստորեն հասկացնելով, որ այն կատարել է իր դերը, մավրը կատարեց իր դերը, մավրը պետք է հեռանա և այստեղ որոշակի ուժեր ուզում են լուծարել Արցախի սուբյեկտության վերջին ռեսուրսները, պետականության ինստիտուտները և կարծում եմ, որ այդ գործընթացն ուղղորդում է որևէ արտաքին ուժ, իմ տպավորությունը դա է։ Խնդիրն այստեղ բոլորովին Արայիկ Հարությունյանի անձը չէ, ես կարծում եմ, որ այսօր առաջին հերթին Արայիկ Հարությունյանն անձնապես ուրախ կլիներ, եթե հնարավորություն ունենար և թողներ այդ պաշտոնը և հանգիստ անցներ իր կյանքին։ 

-Հրաժարական պահանջող ուժերը իրենց նպատակին հասնելու ինչ-որ շանսեր ունե՞ն։


-Ինչ շանսեր պետք է ունենան, այդ մարդիկ իրենց վաղվա անելիքը չգիտեն, իրենք ակցիա են կազմակերպում և ասում են մենք ունենք ճանապարհային քարտեզ, բայց այդ ճանապարհային քարտեզը ներկայացնում է պետական գաղտնիք, չենք կարող հրապարակել։ Հիմա ո՞վ կարող է հավատալ նման մարդուն։

Լիլիթ Թադևոսյան