Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ նպատակ չի եղել Սևան Ստարտափին վնասելու, ընդամենը նշում ենք, որ ցանկալի կլինի միջոցառման անցկացման համար այլ տարածք ընտրվի. Ոսկեհատ Գրիգորյան. Հարցազրույց

Civic.am-ի հյուրը Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանն է։

Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ այս տարվա ապրիլին նախարարությունը «Ստարտափ Արմենիա» հիմնադրամից ստացել է նամակ, որով տեղեկացրել են, որ ցանկություն ունեն «Սևան» Ազգային պարկի տարածքում անցկացնել միջոցառում, որտեղ հստակ նշում չի եղել տարածքի հետ կապված։ Նախարարությունից առաջարկել են «Ծովագյուղ» հանրային լողափի տարածքը, որից հետո հիմնադրամից ստացվել է երկրորդ նամակը, որտեղ նշվել է, որ ցանկալի է, որ տրամադրվի «Նորաշենի» արգելավայրի տարածքը։ Նախարարությունը մերժել է տրամադրել այդ տարածքը, քանի որ 2020 թվականի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված տարածքը մեկ տարի փակ է եղել, որի ընթացքում տարածքում գրանցվել է կենդանատեսակների աճ և ձվադրող թռնչատեսակները սկսել են ձվադրել նաև ափամերձ այդ հատվածում։ «Վերջին տարվա ընթացքում գրանցված դրական դինամիկան բերում և հանգեցնում է մեզ նրան, որ նպատակահարմար չենք տեսնում կոնկրետ այդ տարածքը միջոցառման անցկացման համար և ևս մեկ անգամ առաջարկում ենք «Դրախտիկ» համայնքի հարակից լողափը և «Սևան» Ազգային պարկից ցանկացած այլ ափ», - ասաց Ոսկեհատ Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ ուսումնասիրելով միջոցառման կազմակերպիչների կողմից տրամադրված միջոցառման մասշտաբների մասին տվյալները և հաշվի առնելով վերջին դիտարկումներն ու օրենսդրությամբ սահմանված արգելավայրային ռեժիմը «Սևան» Ազգային պարկի կանոնադրության մեջ նշված արգելավայրի սահմանափակումները, այս ծավալի միջոցառումն անհամատեղելի է օրենսդրության հետ։

Անդրադառնալով ջրի մակարդակի բարձրացման հետևանքով արգելավայրի հնարավոր ջրածածկ լինելուն, Գրիգորյանը նշեց, որ ջրի մակարդակի բարձրացման դեպքում Արգելոցն ամբողջությամբ անցնելու է ջրի տակ, բայց Արգելոցի այն հատվածը, որը ցամաքային է , այլ ոչ կղզային, դառնալու է խոշոր կղզի։ «Հիմա որոշները արգելոցի այդ հատվածում փորձում են կամաց-կամաց բնադրել և մարդկային գործոնի նվազեցման արդյունքում այդ պրոցեսը շատ ավելի արագ և լավ է ընթանում։ Այսինքն կենդանին փորձում է ադապտանալ ու եթե մենք այս ծավալի միջոցառումներ ենք անցկացնում հարակից տարածքում, ապա ստացվում է, որ եթե Սևան Ստարտափ Սամմիթի ծավալի միջոցառումը թույլատրվում է արգելավայրի տարածքում, նախարարությունը ուրիշ այլ ի՞նչ հիմքով է արգելելու հանրային այլ միջոցառումների անցկացումը։ Մենք ունենք օրենք, դիտարկումներ և որևէ նպատակ չի եղել միջոցառմանը վնասելու։ Մենք ևս կարևորում ենք այդ միջոցառման անցկացումը և ընդամենը մատնշում ենք, որ ցանկալի կլինի միջոցառման անցկացման համար այլ տարածք ընտրվի», - նշեց Գրիգորյանը։

Գրգորյանը նշեց, որ նախարարությունը իր տարածած հայտարարության մեջ հայտնում է իր պատրաստակամությունը, աջակցությունը ցանկացած տարածքի հետ կապված քննարկմանը և բաց է տարածքներ առաջարկելուն։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան