Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համայնքի ղեկավարները հիմնականում ընդունում են խախտումները. Շախբազյանը մանրամասներ է ներկայացնում Սյունիքի ստուգումներից․ ՀԺ

Համայնքի ղեկավարները հիմնականում ընդունում են խախտումները. Շախբազյանը մանրամասներ է ներկայացնում Սյունիքի ստուգումներից․ ՀԺ
Հարցազրույց
12:02, 30 июнь 2021
Հեղափոխությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում շատ հաճախ են հայտնվում համայնքապետները: Հիմնական պատճառը համեմատաբար ավելի ցածր գնով հողերն աճուրդով օտարելն է, որի հետեւանքով պետությանը խոշոր չափի վնաս է հասցվում: Վերջին շրջանում ակտիվ են նաեւ Սյունիքում բացահայտվող նմանատիպ դեպքերը:

Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերջին 1 ամսում 4 խախտում է հայտնաբերել Սյունիքի մարզի՝ Մեղրի, Քաջարան, Գորիս համայնքներում: Թեմայի վերաբերյալ մեր զրույցում մանրամասներ է ներկայացրել է տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը:

- Պարո՛ն Շախբազյան, վերջին 1 ամսում ձեր ղեկավարած կառույցը առնվազն խախտումներ է արձանագրել Սյունիքի տարբեր համայնքներում: Կասե՞ք, թե ինչ բնույթի խախտումների մասին է խոսքը եւ ի՞նչ ընթացք է տրվել:


- Սյունիքն ուղղակի հայտնի պատճառներով աղմուկ է բարձրացրել, բայց իրականում բոլոր մարզերում ենք ստուգումներ իրականացնում: Խոսքը հիմնականում վերաբերում է նպատակային եւ գործառնական նշանակության խախտումներով աճուրդներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չեն իրականացվել: Տարածված է նաեւ այն, որ աճուրդի ընթացակարգն է խախտվում: Ասեմ, որ կա խախտումների մի զգալի մաս, որը չի հրապարակվում, քանի որ տուգանքով է ավարտվում: Իսկ եթե քրեաիրավական գնահատական է տրվում՝ այդ դեպքում դատախազություն դիմում ենք ուղարկում քրեական գործ հարուցելու  համար:

Սյունիքի պարագայում արդեն պատասխան գրությունները եկել են, որ Մեղրիի համայնքապետի հետ կապված մեր դիմումն ուղարկվել է Սյունիքի մարզային դատախազություն, բայց քրեական գործի առումով դեռեւս ինֆորմացիա չունենք:

- Ըստ ձեզ, այս բացահայտումը որքանո՞վ է նպաստել, որ Սյունիքի համայնքապետները քաղաքական պրոցեսների մեջ մտնեն ընդդիմադիր դաշտում:


- Չեմ կարող ասել դրանք ինչքանով են ազդել, բայց շահարկվում է, թե իբր սա հետապնդում է: Սա չի կարող լինել հետապնդում, քանի որ ոչ թե գործ ենք սարքում, այլ բացահայտում ենք ենթադրյալ խախտումները: Կարող եմ ենթադրել, որ իրենց խախտումները թաքցնելու համար կարող են քաղաքական պաշտպանություն վերցնել: Միայն Մեղրիի դեպքով 17 դրվագով քրեական գործի մասին հաղորդում ենք տվել:

- Քաջարանի, Կապանի. Գորիսի համայնքապետների վերաբերյալ բացահայտումներ կա՞ն:

- Այո, Քաջարանի վերաբերյալ էլ ենք հաղորդում ներկայացրել դատախազություն, Գորիսի վերաբերյալ էլ: Կապանում նախորդ տարի էինք ստուգել եւ դարձյալ քրգործ կա հարուցված, որը վերաբերում է համայնքային այգու օտարմանը:

- Այսինքն՝ Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետները ձեր ղեկավարած տեսչական մարմնի ստուգումների արդյունքում անցնում են քրեական գործերո՞վ:


- Այո, այն մասով, որի վերաբերյալ հաղորդում ենք տվել՝ բոլորն անցնում են քրեական գործով: Իրականում ոչ միայն Սյունիքի, այլեւ գրեթե բոլոր համայնքների ղեկավարների վերաբերյալ խախտումներ ենք բացահայտել:

- Պարո՛ն Շախբազյան, շատերն ասում են՝ քրեական գործերը հարուցվում են, բայց ընթացք չեն ստանում, քանի որ մարդիկ շարունակում են պաշտոնավարել: Ինչո՞ւ ձեր բացահայտումները շատ դեպքերում իրավապահ համակարգում չեն ստանում իրավական գնահատական:

- Մեզ համար ամենացավալի հարցը սա է: Դաշտային աշխատանքն իրականացնում ենք, առաջին հարվածը վերցնում ենք մեզ վրա, կարելի է ասել՝ շատ դեպքերում պատրաստի քրեական գործի նյութեր ենք տրամադրում գլխավոր դատախազությանը, բայց գործերը ընթացք չեն ստանում: Այդ հարցը բարձրաձայնվել է գլխավոր դատախազությունում: Նախորդ տարի ինչ-որ փուլ եկավ, երբ բոլոր գործերն ընթացքի մեջ էին եւ շատ քիչ գործեր էին կարճվել հանցակազմի բացակայության պատճառով: Մենք հետեւողական ենք, տեսնենք, թե ինչ կլինի: Մեզ համար շատ խնդրահարույց է, երբ դու քո աշխատանքն անում ես, եւ կարճվում է այդ գործը: Հուսով եմ, որ իրավապահներն այս հարցով կզբաղվեն եւ ընթացք կտան այդ գործերին:

- Հիմնականում ի՞նչ տեսակի խախտումներ են անում, ի՞նչ մեխանիզմներ են կիրառվում:

- Օրինակ՝ հողի նշանակությունը չեն փոխում աճուրդով օտարելուց: Գյուղատնտեսական նշանակության հողը ցածր գին ունի, արտադրական նշանակության հողը՝ բարձր: Մի շարք բջջային օպերատորների հեռուստաաշտարակների պարագայում էժան գնով վարձակալության են տվել որեւէ մեկին, այդ մեկն էլ տասնապատիկ թանկ ենթավարձակալության է տվել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում