Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստյոպա Սաֆարյան. «Գյումրիի ռուսական ռազմաբազան, որն ուներ Հայաստանի բոլոր սահմանները պաշտպանելու պարտավորություն, ի՞նչ է արել մինչ այժմ». ՀԺ

Ստյոպա Սաֆարյան. «Գյումրիի ռուսական ռազմաբազան, որն ուներ Հայաստանի բոլոր սահմանները պաշտպանելու պարտավորություն, ի՞նչ է արել մինչ այժմ». ՀԺ
Հարցազրույց
12:30, 30 июнь 2021
«Հայկական ժամանակ»-ի հարցերին է պատասխանել քաղաքագետ, Միջազգային անվտանգության եւ համագործակցության հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։

– Պարոն Սաֆարյան, այս օրերին Մոսկվայում քննարկվում է ռուսական ռազմաբազայի ընդլայնման հարցը: Ի՞նչ կտա մեզ դա, երբ գործող ռազմաբազան եւս ոչ մի կերպ չարձագանքեց Սյունիքի եւ Գեղարքունիքի տարածքներ ադրբեջանցի զինվորների ներխուժմանը: Ի վերջո սա անհրաժեշտությո՞ւն է մեզ համար, թե՞ «պարտադրված» քայլ։

– Ինձ համար հասկանալի չէ՝ Գյումրիի ռուսական ռազմաբազան, որն ուներ Հայաստանի բոլոր սահմանները պաշտպանելու պարտավորություն, ի՞նչ է արել մինչ այժմ, առավել եւս վերջին ադրբեջանական ներխուժումից հետո: Որովհետեւ եթե չեմ սխալվում՝ 2013-ին ստորագրված պայմանագրերի հիման վրա ոչ միայն երկարաձգվել է ռազմաբազայի ՀՀ-ում գործունեության ժամկետը, այլ նաեւ ընդլայնվել են իրավասությունները՝ տարածվելով Հայաստանի բոլոր սահմանների վրա: Այսինքն` Գյումրիի ռազմաբազան պիտի ունակ լիներ ՀՀ Զինված ուժերի հետ միասին պաշտպանել Հայաստանի սահմանները եւ կապ չունի՝ այն ունի՞ տեղակայման այլ վայրեր, թե ոչ: Ուստի ինձ համար հետաքրքիր է՝ եթե Հայաստանը նման որոշում է ընդունել եւ նման քննարկումներ է տանում Ռուսաստանի հետ՝ ի վերջո ի՞նչ նշանակություն ունի քանի ռազմաբազա կա Հայաստանում, եթե խոշոր առումով այդ ռազմաբազան Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը չի կարողանում ՀՀ Զինված ուժերի հետ միասին պաշտպանել եւ Հայաստանից դուրս հանել սահմանախախտ խմբերին:

– Այսինքն՝ ընդունելի չէ՞ ձեզ համար այդ ընդլայնումը:

– Եթե Կառավարությունը հիմնավորի, որ սահմանների լարվածության պատճառն այն է, որ Սյունիքում ռազմաբազա չկա, ես միգուցե փորձեմ հասկանալ, բայց քանի դեռ այդ հարցերի պատասխանը չկա եւ հստակ չէ՝ ինչու ռուսական ռազմաբազան իր դերակատարությունը չի կատարում Հայաստանի սահմանների համար եւ ինչու հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները ունակ չեն ապահովելու այն պարտավորությունների կատարումը, ինչի մասին Վլադիմիր Պուտինը խոսում էր պատերազմից հետո, այն տպավորությունն է, որ դրանք ավելի շատ Ռուսաստանի շահերից բխող քայլեր են, քան Հայաստանի:

– Ճի՞շտ է տեղի ունեցողը մեկնաբանել որպես ինքնիշխանության զիջում:


– Եթե դա նույնիսկ ինքնիշխանության զիջում է, ապա նոր բան չէ: Այս ռազմաբազայի նորմատիվ բազան շատ ավելի վաղուցվանից է պատրաստ, իսկ այն, ինչ արվում է հիմա, տեխնիկական խնդիրների լուծում է: Հաշվի առնելով, թե որքան կարեւոր հանգույց է դառնում Սյունիքը Արցախի հետ կապի, Իրանի հետ կապի եւ այլ առումներով, նկատելի է, որ Ռուսաստանը իր խնդիրն է լուծում՝ էականորեն փորձելով նվազեցնել Հայաստանի ինքնիշխանությունը, որպեսզի բոլոր տեսակի հաղորդակցությունները անցնեն իր ձեռքի տակով: