Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թող հրապարակեն 2003-ին ՍԴ մեր դիմումը՝ թե ինչ էր կատարվում Քոչարյանի կազմակերպած ընտրություններում, դրանից հետո որևէ մեկը չի կարող այս ընտրությունների մասին բացասական բան ասել»․ ՀԺԿ անդամ

«Թող հրապարակեն 2003-ին ՍԴ մեր դիմումը՝ թե ինչ էր կատարվում Քոչարյանի կազմակերպած ընտրություններում, դրանից հետո որևէ մեկը չի կարող այս ընտրությունների մասին բացասական բան ասել»․ ՀԺԿ անդամ
Հարցազրույց
19:19, 30 июнь 2021
«Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը խոսելով իշխանության վերընտրվելու մասին ասել էր, որ «ուղղակի տրամաբանական չէ, եթե խոսքը գնում է առողջ հասարակության մասին»։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանի հետ։

Նա նշեց, որ որոշել է, որ Քոչարյանի մասին ոչինչ չասի, նրա ասածները, չմեկնաբանի։

«Ես մեկ խնդիր եմ ունեցել կոնկրետ ինձ համար, որ մեր ժողովրդի մեջ ներկայացնեմ, թե ինքն ով է և որին չի կարելի ընտրել։ Հիմա ժողովուրդը չի ընտրել, ինչ ուզում է թող խոսի, ինչքան ինքը խոսում է, այնքան բացասական վերաբերմունքը ժողովրդի կողմից ինքը ստանում է։ Որովհետև ինչ-որ պետք է հօգուտ ժողովրդի ես անդրադարձել եմ։ Ես իմ միսիան կատարել եմ։ Իսկ Քոչարյանին չեմ էլ ուզում ընդհանրապես անդրադառնալ»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

Հարցին, թե ունի արդյոք Քոչարյանի ղեկավարած դաշինքը ՍԴ դիմելու հիմքեր՝ ընտրությունները անվավեր ճանաչելու համար, Գրիգոր Հարությունյանն ասաց, որ դիմում են,թող դիմեն։

«Թող «Քաղաքացիական պայմանագիրը» վերցնի 2003 թվականին մեր դիմումը ՍԴ-ին, այնտեղ այնքան անհերքելի փաստեր կար, որ ՍԴ-ն, որը միշտ կամակատար էր եղել իշխանություններին, ստիպված վստահության հանրաքվե նշանակեց։ Թող վերցնեն մեր դիմումը և տպեն, նաև ՍԴ որոշումը կարող են հրապարակել, և դրանից հետո չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է այս ընտրությունների հետ կապված բացասական բան ասել։ Եթե այս ընտրություններին ինչ-որ մի բացասական բան էլ եղել է, ապա նրանց կողմից է ամեն ինչ կազմակերպվել, դա նաև ժողովրդի կարծիքն է, ովքեր հանձնաժողովներում են եղել, ականատես են եղել այն փաստերն են, որ նրանց կողմից է ամեն ինչ կազմակերպվել, էդ փաթեթներ բաժանելը, գումար առաջարկելը։ Դա չլսված բան է, որ այսպես կոչված ընդդիմությունը, չնայած ինչ ընդդիմություն՝ չկայացած քաղաքական ուժերը, սկսում են փողեր բաժանել»,-ասաց Գրիգոր Հարությունյանը։ 

Նա նշեց, որ 2003 թվականի իրենց դիմումում նշված էր, թե ինչպես էին իրենց կին հանձնաժողովի անդամներին ծեծուջարդով հանձնաժողովներից հանում, ոնց էին և՛ այդ ընտրությունների ժամանակ, և՛ Կարեն Դեմիրճյանի ընտրության ժամանակ լցոնումներ անում և երբ իրենց հանձնաժողովների անդամները, վստահված անձինք ծածկում էին արկղերը, որ չլցնեն, ուժով վերցնում էին շպրտում դուրս և լցոնումներ կատարում։ 

«Ինչ այլանդակություն ասես Քոչարյանի իշխանության օրոք կազմակերպվել է մեր ժողովրդի դեմ։ Կոնկրետ իմ ուզածն այն է, որ մեր երկրում լինի ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ, փառք Աստծու,էս վերջին երկու ընտրություններն այդ չափորոշիչներին համապատասխանում են»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

Նա նաև հիշեցրեց 2003 թվականի ընտրությունների հետ կապված ԵԱՀԿ եզրակացությունը, նշելով, որ նրանք չէին ընդունել ընտրությունների արդյուքները, իսկ այսօր միջազգային, նաև ԱՊՀ դիտորդական առաքելությունները բոլորն էլ ընդունել են  ընտրությունների արդյունքները։ 

«Բոլոր քաղաքական ուժերը ընդունել են, մեկ-երկու քաղաքական ուժ, որ չգիտեմ ինչից ելնելով չեն ընդունել։ Պարզապես էն որ ասում են՝ ուզում են մթնոլորտ թունավորեն, ինձ թվում է այդ նպատակն ունի, բայց ոչնչի չեն հասնի։ Ավելի վատ իրենց համար, ծիծաղելի նյութեր պետք է ներկայացնեն։ Դրա համար դրան զուգահեռ պետք է դրվի 2003 թվականի Սահմանադրական դատարան ներկայացրած փաստերը, դրեք միայն համեմատեք։ Դրանք ինչ ընտրություններ էին, հիմա էլ այսօրվա ընտրությունները բողոքարկում է, ծիծաղելի է»,- հավելեց Գրիգոր Հարությունյանը։  

Լիլիթ Թադևոսյան