Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կարծել ենք, որ ՀՀ-ում համայնքային և պետական հողերի վրա չպետք է կառուցվեն ինքնակամ կառույցներ, բայց կար այլ տեսակետ, որը ցավոք հաղթեց»․ Նիկոլայ Բաղդասարյան

«Կարծել ենք, որ ՀՀ-ում համայնքային և պետական հողերի վրա չպետք է կառուցվեն ինքնակամ կառույցներ, բայց կար այլ տեսակետ, որը ցավոք հաղթեց»․ Նիկոլայ Բաղդասարյան
Հարցազրույց
17:42, 01 июль 2021
Civic.am-ը հեռախոսազրույց ունեցավ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ, փորձելով պարզել, թե ինչու՞ վերջինիս նախագիծը, կապված ինքնակամ կառույցների ապամոնտաժման հետ, որը ընդունվել էր առաջին ընթերցմամբ, չարժանացավ պատգամավորների հավանությանն ու չընդունվեց։

-Պարոն Բաղդասարյան, ինչու՞ չընդունվեց Ձեր կողմից հեղինակված նախագիծը, ո՞րն էր դեմ քվեարկողների հակափաստարկը։

-Իմ նախագիծը վերաբերվում էր օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կառուցապատվող շինություններին։ Պատգամավորները, որոնք պնդում էին, թե այս օրենքը չի տարածվում մարզերի վրա կամ մարզերի համար ավելի անբարենպաստ պայմաններ է ստեղծում, այդ մեկնաբանությունները իրականությանը չեն համապատասխանում։ Օրենքը, որ ընդունում է Ազգային Ժողովը, տարածվում է ամբողջ ՀՀ տարածքի վրա և այդ օրենքը պետք է սկսեր գործել փետրվարի 2-ից և պետք է տարածվեր միայն այն կառույցների վրա, որոնք սկսում են կառուցապատել փետրվարի 2-ից հետո։ Այդ խնդիրը կարգավորվում է ոչ թե տվյալ նախագծով, այլ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով։ Ցավում եմ, որ պատգամավորների համար, միգուցե այս փաստարկը հիմնավոր չդարձավ և ընդհանրապես չմասնակցեցին քվեարկությանը։ Եթե քվեարկությանը մասնակցեին ներկա բոլոր պատգամավորները, ապա նախագիծը կանցներ։ Նախագիծը չի անցել, ոչ թե այն պատճառով, որ չի հավաքել բավարար թվով ձայներ, այլ չի ընդունվել բացառապես այն պատճառով, որ որոշ պատգամավորներ ներկա գտնվելով չեն մասնակցել քվեարկությանը։

-Պարոն Բաղդասարյան, իսկ Դուք խոսե՞լ եք Ձեր գործընկերների հետ, բացատրե՞լ եք նախագծի էությունը։


-Ես բոլոր գործընկերների հետ, ովքեր որևէ հակափաստարկ են ներկայացրել, հանդիպել եմ աշխատանքային կարգով, ներկայացրել եմ, որ Երևան քաղաքում և մարզերում ինքնակամ կառույցների հետ կապված խնդիր կա։ Ես անձամբ, նաև մի քանի այլ պատգամավորների հետ մեկնել ենք մարզեր, հանդիպել ենք համայնքների ղեկավարների հետ և գեթ մեկ բացասական կարծիք չենք լսել, Կառավարության գրեթե բոլոր առաջարկները ընդունելի ենք համարել և կարծել ենք, որ ՀՀ-ում, այդ թվում նաև Երևան քաղաքում, Գյումրի քաղաքում համայնքային և պետական հողերի վրա չպետք է կառուցվեն ինքնակամ կառույցներ, բայց կար այլ տեսակետ, ինչպես լսեցիք ԱԺ-ում, որ թույլ տանք կառուցեն, կարող է լավ մանկապարտեզ են կառուցում կամ սիրուն շինություն են կառուցում, ինչ-որ իքս մարդ գա կառուցի, իսկ համայնքը կսեփականացնի իր անունով։ Ես պնդել եմ, որ նման բան չի կարող գոյություն ունենալ, բայց ցավոք այդ տեսակետը հաղթեց։

Վովա Հակոբյան