Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ դիմելու համար անհրաժեշտ է ունենալ երկու կարևոր «երաշխիք»՝ այդ թվում 5 մշտական անդամներից որևէ մեկը վետո չպետք է կիրառի․ Նարեկ Մինասյան

ՄԱԿ դիմելու համար անհրաժեշտ է ունենալ երկու կարևոր «երաշխիք»՝ այդ թվում 5 մշտական անդամներից որևէ մեկը վետո չպետք է կիրառի․ Նարեկ Մինասյան
Հարցազրույց
15:24, 06 июль 2021
Civic.am-ի զրուցակիցն է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

-Պարոն Մինասյան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի հարավում ստեղծված իրավիճակը սահմանային միջադեպ է և սրացում չկա, մինչդեռ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիայի՝ հարձակման դեպքում։ Այս հայտարարությունը Հայաստանը պե՞տք է ընդունի այն կոնտեքստում, որ ՀԱՊԿ-ը չի միջամտելու հարցի կարգավորմանը։ Եվ այս պարագայում Հայաստանը պե՞տք է դիմի ՄԱԿ։

-Կարծում եմ, չնայած ձեռնարկվող տարբեր դիվանագիտական ջանքերին՝ խնդրի առավել իրատեսական ձևաչափը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ընթացող եռակողմ քննարկումներն են: Հայկական կողմը հանդես է եկել իրավիճակի կարգավորման առաջարկով, և կարծես թե, այն ընդունելի է նաև Մոսկվայի համար: Խոսքը վերաբերում է սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում կողմերի զինված ուժերի հայելային հետքաշման և սահմանագծի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայմանը՝ մինչև կիրականացվի սահմանների դելիմիտացիա: 
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ արձագանքին, ապա այն խնդրահարույց է: Նախ հայկական կողմը դիմել է երկրորդ հոդվածով՝ ինչը նախատեսված է ՀԱՊԿ անդամին կամ ՀԱՊԿ անդամներից մի քանիսի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիք կա: Ուստի ՀԱՊԿ արձագանքը պետք է լիներ հենց տվյալ կետին համարժեք: Մինչդեռ կառույցի գլխավոր քարտուղարը խնդիրը դիտարկել է ռազմական ագրեսիա լինել-չլինելու տեսանկյունից, ինչը արդեն նախատեսված է 4-րդ հոդվածով: 
Ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ դիմելուն, տեսականորեն այն հնարավոր է, սակայն նման սցենարի իրատեսականությունն ուղղակիորեն կապված է եռակողմ ձևաչափով ընթացող քննարկումներից: 

-Ի՞նչ ընթացակարգ է նախատեսված ՄԱԿ դիմելու համար։ ՄԱԿ-ից ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ։

ՄԱԿ ԱԽ դիմելու համար անհրաժեշտ է բավական հստակ նախապատրաստական աշխատանք: Նման գործընթաց նախաձեռնելուց՝ անհրաժեշտ է ունենալ երկու կարևոր «երաշխիք»: Նախ անհրաժեշտ է համոզել, որ կարող ենք հասնել նրան, որ հարցը դառնա ՄԱԿ ԱԽ որոշում՝ համապատասխան հասցեական շեշտադրումներով, գնահատականներով: Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։
Երկրորդ կարևոր «երաշխիքը» վերաբերում է քվեարկությանը: Ըստ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընթացակարգերի՝ որևէ բանաձև ընդունվելու համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներից 9-ը քվեարկեն կողմ, և այդ 9 ձայների մեջ պարտադիր պետք է լինեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Չինաստանը: Եթե 5 մշտական անդամներից որևէ մեկը վետո կիրառի կամ անգամ ձեռնպահ քվեարկի՝ բանաձևը  չի ընդունվում: 
Եթե հայկական կողմը որոշի գնալ այս քայլին՝ բավական կարևոր է լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ տարվեն, որպեսզի մենք ունենանք իմ նշած երկու երաշխիքները: 

-Դիմելու դեպքում ՄԱԿ-ը պարտավո՞ր է միջամտել հարցի կարգավորմանը, թե՞ կարող է մերժել Հայաստանի դիմումը։ Մերժելու դեպքում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը։

Ինչպես նշեցի, ՄԱԿ ԱԽ դիմելու պարագայում անհրաժեշտ է, որպեսզի նախաձեռնվի համապատասխան բանաձև՝ ցանկալի բովանդակությամբ, և ապահովվի դրա ընդունումը քվեարկության արդյունքում: Արդյո՞ք հայկական կողմը հիմա կարող է դա ապահովել՝ բարդ է գնահատել: Հրապարակային քայլեր այս ուղղությամբ դեռևս չեն իրականացվել, ինչը կարծում եմ՝ պայմանավորված է իմ նշած եռակողմ ձևաչափով ընթացող քննարկումներով՝ հիմնված հայկական կողմի առաջարկի վրա:


Նարա Մարտիրոսյան