Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերին Շորժայում այսօր հանգիստ է․ գյուղում նախորդ օրվա կրակոցները չեն էլ լսել․ գյուղապետ

Վերին Շորժայում այսօր հանգիստ է․ գյուղում նախորդ օրվա կրակոցները չեն էլ լսել․ գյուղապետ
Հասարակություն
17:55, 07 июль 2021
Երեկ՝ հուլիսի 6-ին, Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Սամվել Ասատրյանը հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանն այսօր փոխհրաձգություն է հրահրել․ «Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող», - ասել էր Ասատրյանը:

Իսկ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կրակոցները տեղի են ունեցել հուլիսի 5-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են շուրջ 30 րոպե:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ կրակոցները պարզ լսվել են սարատեղիներում և Վերին Շորժա գյուղում։ Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչները նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է », - նշված էր ՄԻՊ հայտարարությունում։

Եվ չնայած ՄԻՊ Արման Թաթոյանը այդ հայտարարությանը՝ Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը Civic.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ երեկվա միջադեպից հետո ի՞նչ իրավիճակ է գյուղում, զարմանքով ասաց, որ երեկ էլ միջադեպ չի եղել․

«Հանգիստ, նորմալ վիճակ է, երեկ էլ միջադեպ չի եղել, երեկ հանգիստ է եղել, էդ ինչ-որ երեկ չէ առաջին օրն է եղել, ոչ թե երեկ, կրակոցներ չեն լինում, թե ինչ էդ դեպք է՝ չենք էլ իմացել»։ 

Իսկ հարցին՝ ադրբեջանցիները որևէ կերպ խոչընդոտու՞մ են գյուղի բնականոն կյանքին, Երանոսյանը ասաց․ «Չէ-չէ, գյուղացիները այդ կողմ չեն էլ գնում»։