Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշի մարզում «Սպայկա» ընկերության աշխատողները 3 տարի աշխատավարձ չեն ստացել. 1in.am

Տավուշի մարզում «Սպայկա» ընկերության աշխատողները 3 տարի աշխատավարձ չեն ստացել. 1in.am
Հասարակություն
10:48, 12 июль 2021
Տավուշի մարզում «Սպայկա» ընկերության աշխատակիցները  մի քանի տարվա աշխատավարձ չեն ստացել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց աշխատավարձ չստացած աշխատակիցներից Լարիսա Կարապետյանը՝ հավելելով, որ «Սպայկա»-ից իրենց սպառնացել են՝ եթե բողոքեն աշխատավարձ չստանալուց, ապա կուտակված աշխատավարձը ընդհանրապես  չեն ստանա։
«Սկզբում ժամանակին տալիս էին գումարները։ Հետո՝ սկսած 2019 թվականի նոյեմբեր ամսից սկսեցին ավելի ուշ-ուշ տալ։ Ամսվա մեջ 20 աշխատած օրվա փոխարեն 5 օրվա աշխատավարձ էին տալիս կամ 10 օրվանը չէին տալիս։ Դրանից հետո էլ արդեն 2020 թվականի չվճարված աշխատավարձ ունենք։ 2019-2020 թվականների ընթացքում մեզ չվճարված աշխատավարձը  յուրաքանչյուրիս 250 հազար դրամ է կազմում։ Մոտ 50-60 աշխատողի աշխատավարձ են պարտք 250 հազարի չափով, դրանից մի քիչ պակաս»,-ասաց աշխատակիցը։

Մեր զրուցակցի խոսքով՝ երբ իրենք պահանջել են, որ վճարեն իրենց աշխատավարձը, այլապես իրենք աշխատանքի չեն գա, պատասխանել են, որ եթե աշխատանքի չգան, ապա և աշխատանքը կկորցնեն և հին՝ կուտակած աշխատավարձը չեն ստանա։ «Հիմա էլ պետք է աշխատավարձ տային, 80 հազար դրամ փող ունենք ստանալու, քանի որ  դաշտից բոլոկի ենք հավաքել, վերջացրել, բայց ասում են փող չկա, սպասեք։ Ես 61 տարեկան կին  եմ, սրտի առիթմիայով դաշտում եմ աշխատում ու գումարս չեն տալիս։ Էլի հիվանդ մարդիկ կան, որ ստիպված գնում աշխատում են ու այդպես էլ փող չեն ստանում։ Էսօր էլ գնացինք դաշտ, ասել էին, որ գումար կտան, բայց էլի տուն ուղարկեցին, ասեցին փող չկա»,-ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ Լարիսան նշեց, որ այն աշխատակիցները, որոնք գրանցված աշխատողներ են, աշխատավարձը ստանում են քարտով և ժամանակին, իսկ իրենք գրանցված աշխատող չեն, դրա համար էլ իրենց հետ այդպես են վարվում.«Քարտային աշխատողները բոլորը ստացել են իրենց աշխատավարձը, ոչ մի խնդիր չկա, բայց օրավարձով, չգրանցված աշխատողներս՝ 50-60 հոգի այդպես էլ աշխատավարձ չենք ստանում»,-ասաց մեր զրուցակիցը․