Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գյուղացիները մտահոգ են, սակայն վախ կամ խուճապ չկա․ բոլորը պատրաստակամ են իրենց կյանքը շարունակել գյուղում»․ Շուռնուխի համայնքապետ

«Գյուղացիները մտահոգ են, սակայն վախ կամ խուճապ չկա․ բոլորը պատրաստակամ են իրենց կյանքը շարունակել գյուղում»․ Շուռնուխի համայնքապետ
Հասարակություն
16:16, 09 февраль 2021
Սյունիքի մարզում պատերազմից հետո բազմաթիվ բնակավայրեր սահմանապահ են դարձել, և որոշ հատվածներում հայակական կողմից տարածքային զիջումներ են արվել։

Շուռնուխ գյուղում 12 ընտանիք կորցրել է իր տունը, և վերջին տվյալներով՝ գյուղում պետք է բնակարաններ կառուցվեն։ Տունը կորցրած քաղաքացիներին կտրամադրվի  միանվագ 300 հազար դրամ և ևս 6 ամիս շարունակ՝ 68 հազարական դրամ օգնություն։

Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը մեզ հետ զրույցում նշում է, որ այս պահին շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են։ Սահմանապահների համար հենակետեր են կառուցվում և հողային աշխատանքներ կատարվում։ 

Համայնքապետի խոսքով՝ տները կորցրած բնակիչների մեծ մասը այս պահին գյուղում են ապաստանել․ «Այս պահին երեք ընտանիք գյուղից դուրս են ապրում՝ Գորիսում, Կապանում։ Մյուս բնակիչները տեղավորված են գյուղի ազատ տներում և մարզպետարանի կողմից տրամադրված ևս երկու տնակներում»,- նշում է համայնքապետը։

Նրա  խոսքով՝ գյուղացիները մտահոգ են, սակայն վախ կամ խուճապ չկա, բոլորը պատրաստակամ են իրենց կյանքը շարունակել գյուղում։

Կապան քաղաքը՝ իր մի շարք համայնքներով, նույնպես սահմանամերձ է դարձել։ Այս գյուղերի հատվածներում բնակիչները ադրբեջանական կողմից հաճախ են կրակոցների ձայներ լսում։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր տեղեկություններով վերջին անգամ 3-4 օր առաջ են լսվել կրակոցներ։ Նրա խոսքով՝  ընդհանուր իրավիճակը հիմա նույնն է, սակայն անվտանգության հետ կապված քայլեր ձեռնարկվում են։

Արդեն սահմանամերձ դարձած Որոտան գյուղում ադրբեջանական կողմին էր անցել 1 տուն ու այգեգործական 100-ից ավելի տարածքներ։ Համայնքապետ Սուրեն Օհանջանյանի խոսքով՝ իրավիճակը դեռևս  նույնն է, ոչ մի փոփոխություն չկա։ 

Հարցին, թե արդյո՞ք  գյուղացիներին այգեգործական հողատարածքների փոխհատուցում տրվելու է, համայնքապետը նշեց, որ դեռևս հայտնի չէ, սպասողական վիճակ է։ 

«Կառավարությունն ասել է, որ կլինի փոխհատուցում։ Սպասում ենք պատասխանին։ Միանվագ օգնության հետ կապված էլ արդեն կառավարության որոշումը կա, տեղեկացրել են, որ կփոխհատուցեն բնակիչներին»,- նշում է Օհանջանյանը։ Համայնքապետի խոսքով՝ գյուղում տրամադրությունը մարտական է, իսկ գյուղը լքելու մտադրություններ բնակիչները չունեն։ 

Սյուզի Սիրականյան