Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ վերադառնամ Վաշինգտոն և ներկայացնեմ իրավիճակը, նախագահը և վարչակազմը դիտարկվող տարբերակներից կընտրեն այն տարբերակը, որը կկիրառվի. Փաուերը՝ Ադրբեջանի կողմից հարձակմանը ԱՄՆ արձագանքի մասին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը Սյունիքում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, պատասխանելով լրագրողներին հարցերին, ասաց, որ իրենք ականատեսներից պատմություններ են լսում բռնության, զրկանքների մասին, որոնք իրականացվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։

«Մեզ համար այս պահին, մեր ուշադրության կենտրոնում առավել խոցելի վիճակում գտնվող մարդկանց աջակցության ցուցաբերումն է և ապահովումը, որպեսզի ովքեր ուզում են դուրս գալ, կարողանան դուրս գալ»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ տնօրենը։
Նա նաև նշեց, որ իրենք անհանգստացնող հաղորդումներ են ստացել նաև քաղաքացիական անձանց դեմ ուղղված բռնությունների վերաբերյալ, միաժամանակ, հաշվի առնելով քաոսային իրավիճակը, իրենք պետք է լսեն մարդկանց՝ հասկանալու իրավիճակն ամբողջությամբ։

«Հաղորդումները վերստին շեշտում և ընդգծում են, որ անհրաժեշտ է, որ անկախ աչքեր և ականջներ լինեն ԼՂ տարածքում, և դա լինի հիմա»,- ասաց Փաուերը։ 

Անդրադառնալով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությանը՝ Սամանթա Փաուերն ասաց, որ նախագահ Բայդենի հանձնարարականով ՀՀ է եկել՝ իշխանությունների, ՀԿ-ների և քաղաքացիների հետ խոսելու համար։ «Ես և նախագահ Բայդենը անչափ կարևորում ենք այն հարցի հրատապությունը, թե ինչ հետևանքներ պետք է ունենա, և որի մասին դուք բոլորդ շատ հարցեր եք տալիս, և ահա այդ պատճառով եմ ես այստեղ, որպեսզի տեղում ծանոթանամ փաստերին, իրավիճակին, լսեմ ականատեսների վկայությունները, ինչպես նաև խորհրդակցենք տարածաշրջանի իշխանությունների, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հետ։ Երբ վերադառնամ Վաշինգտոն և ներկայացնեմ այն պատմությունները, որ լսել եմ ականատեսներից, այդ ամենը անշուշտ օգնելու է, որ նախագահը և վարչակազմը դիտարկվող տարբերակներից ընտրեն այն տարբերակը, որը կկիրառվի»։ 

Փաուերը նշեց նաև, որ այս պահին ակտիվ դիտարկվում են ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակներ։ «Լինելով այստեղ, զրուցելով ականատեսների հետ՝ ես իմ տեսածը, լսածը ներկայացնելու եմ վարչակազմի իմ գործընկերներին և ներկայացնելու եմ, թե ինչքան ծանր է իրավիճակը ԼՂ բնակիչների համար։ Միաժամանակ մենք նաև պատրաստ ենք աշխատել այս՝ փախուստի դիմած մարդկանց կարիքները հոգալու հարցում։ Ես կարծում եմ, որ այն միջոցները, որ Միացյալ Նահանգները հատկացնում է հումանիտար կարիքներին աջակցելու համար, կկարողանան դրական տեղաշարժ ապահովել այս մարդկանց համար»,- ասաց Սամանթա Փաուերը։