Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տեղեկատվության ազատությունը սահմանափակող այս նախագիծը պետք է ուղղակի հանվի շրջանառությունից»․ ԽԱՊԿ նախագահը՝ ԲՏԱ նախարարության նախագծի մասին

«Տեղեկատվության ազատությունը սահմանափակող այս նախագիծը պետք է ուղղակի հանվի շրջանառությունից»․ ԽԱՊԿ նախագահը՝ ԲՏԱ նախարարության նախագծի մասին
Հասարակություն / Իրավունք
16:19, 13 июль 2021
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը հուլիսի 2-ին Արդարադատության նախարարության իրավական ակտերի նածագծերի կայքէջում ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է արգելափակել պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ հաշվետվությունը և մեկ անձից կատարվող գնումների հաշվետվությունների որոշ տվյալներ։
 
 «Մեդիա կենտրոնն» այս նախագծի վերաբերյալ այսօր քննարկում էր ծավալել, որին ներկա էր նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Իսկ ԲՏԱ նախարարությունից մերժել էին քննարկմանը ներկա լինելու հրավերն ու տեղեկացրել, որ անվտանգությունից ելնելով նպատակահարմար չեն գտնում մանրամասն ներկայացնել նախագիծը։
 
 Աշոտ Մելիքյանն անդրադառնալով նախագծին՝ նշեց, որ նախարարության այն հայտարարությունը, որ ուղղակի ինֆորմացիա ստանալու ձևն է փոխվում և այն կարելի է հարցումների միջոցով ստանալ՝ ԶԼՄ-ները շատ լավ գիտեն, թե ինչպես են պատասխանում այդ հարցումներին՝ շատ հաճախ լղոզված պատասխաններով կամ մերժումներով. «Այս նախագիծը պետք է ուղղակի հանվի շրջանառությունից և պետք է քննարկումներ սկսել շահագրգիռ պետական մարմինների, ՀԿ-ների, անկախ փորձագետների և նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ միասին, և գտնել այն տարբերակը, որը և´ ազգային անվտանգության համար կլինի օգտակար, և´ հանրային իրազեկվածության առումով»։
 
 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի կարծիքով՝ նախագծի ընդունման դեպքում, եթե հարցում կատարվի՝ գերատեսչությունները հղում են անելու ընդունված որոշմանը և ասելու են, որ փակ ինֆորմացիա է և չեն կարող տրամադրել.  «Դժվար է փայփայել լավ հույսեր, որ պետական աշխատողը լիարժեք տեղեկատվություն կտրամադրի։ Ճիշտ կլիներ, որ նախագծի հեղինակները ներկա լինեին այստեղ և ասեին ինչպես են իրենք պատկերացնում այս նախագիծը Սահմանադրական իրավունքի և տեղեկատվության ազատության լույսի ներքո»,-ասաց Մելիքյանն ու հավելեց, որ նախագիծը պատրաստողը քաղաքական որոշում է իրականացրել։
 
 «Եթե որևէ պաշտոնյայի գործուղումից հետո հրապարակվում է թե ինչ արժեր նրա տոմսը, ինչ արժեր նրա հյուրանոցը, ինչ օրապահիկ է ստացել՝ դա ազգային անվտանգությանը ինչո՞վ է խանգարում։ Ես կարծում եմ, որ այստեղ ազգային անվտանգության հարցերը խառնվել են որոշ մարդկանց կոռուպցիոն հետաքրքրությունների հետ և դա բերել հանգեցրել է այսպիսի որոշումների։ Ես նույն դիագնոզը կտայի «Գնումների մասին» օրենքում պետության առաջին-երեք դեմքերի ծախսերը գաղտնիք սարքելուն»,- եզրափակեց նա։