Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկները հետապնդել են հետախուզվող «Լեքսուսին», կանգնեցրել այն ու վարորդին բերման ենթարկել․ Տեսանյութ

Հուլիսի լույս 13-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող պարեկներին օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հայտնվել է նաև այդ մեքենայի համարանիշերը։

Կարգախմբերից մեկը Արցախի փողոցում օպերատիվ կերպով հայտնաբերել է մեքենան, որն ընթանում էր բարձր արագությամբ։ Պարեկները փորձել են կանգնեցնել տրանսպորտային միջոցը, սակայն վարորդը չի ենթարկվել նրանց հրահանգներին։ Սկսվել է հետապնդում։

Ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում «Լեքսուսը» կանգնեցվել է։ Տուժածներ չկան։ Վնասվել են միայն մեքենաները։ Վարորդը բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի 28-ամյա բնակիչ։ Կողոպուտի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվող «Լեքսուսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հորդորում ենք ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին ու դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ։