Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատվել է փաստը, որ Շուշիի ուղղությամբ ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից

Հաստատվել է փաստը, որ Շուշիի ուղղությամբ ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից
Հասարակություն
19:54, 15 июль 2021
Շուշիի ուղղությունից այսօր արձանագրված կրակահերթերի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները ստուգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է միջադեպի վերաբերյալ փաստերի հավաքագրում. ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

ՄԻՊ ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ընթացքում հաստատվել է փաստը, որ մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։ Տեղեկությունը հաստատել են նաև պետական լիազոր մարմինները: 


Միջադեպի մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ ուժերը։ Առողջապահության նախարարությունից և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ստացված տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ 


Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, վերջին օրերին առավել հաճախ է դիմում սադրիչ գործողությունների` այդ կերպ հետապնդելով խաղաղ բնակչությանը մշտապես ահաբեկելու, վախի ու լարվածության մթնոլորտ ձևավորելու նպատակ։

Միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրումը ուղղակի ահրաժեշտություն է ադրբեջանական կողմի նկրտումները զսպելու և սադրանքները բացառելու համար։


Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ադրբեջանական ոտնձգությունները ռուս խաղաղապահների և միջազգային հանրության կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի` այդ թվում հրապարակային։