Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համագործակցության նոր հուշագիր՝ սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում

Համագործակցության նոր հուշագիր՝ սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում
Հասարակություն
21:17, 15 июль 2021
Սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության  ոլորտներում բարեփոխումների իրականացում, նոր ծրագրերի և  նախաձեռնությունների մշակում ու իրագործում․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել:

Կարևորելով երկու երկրների պետական և մասնավոր հատվածների ներուժի համախմբումն ու Ֆրանսիայի կառավարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում հաջողված ծրագրերի փորձի փոխանակումը՝ ԱՍՀ նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը հուշագրի կնքումը ևս մեկ կարևոր քայլ է համարել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։


«Ակնկալում ենք, որ հուշագիրն արդյունավետ գործիք կլինի սոցիալական պաշտպանության ոլորտում ռազմավարական առաջնահերթ միջոցառումների իրականացման, նոր ծրագրերի և նախաձեռնությունների մշակման և փորձի փոխանակման համար։ Հուսով ենք, որ հուշագրի ստորագրումից հետո համագործակցության գործուն աշխատանքներ կսկսենք առևտրաարդյունաբերական պալատում ներկայացված տարբեր ֆրանսիական ընկերությունների հետ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսպիսով հանձն է առել առանձնացնել ՀՀ քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանն ուղղված սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները, ապահովել նախարարության ոլորտային պատասխանատուների ներգրավվածությունը, ներկայացնել ծրագրային առաջարկներ ու նոր նախաձեռնություններ:


Հուշագրի շրջանակում Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը պարտավորվել է ներգրավել պալատի նվիրատու և հովանավոր անդամ ընկերություններին՝ նախարարության կողմից մշակված սոցիալական ծրագրերի իրականացումը ֆինանսավորելու նպատակով, ինչպես նաև ապահովել ֆրանսիական ընկերությունների կողմից փորձաքննության իրականացումը Հայաստանում սոցիալական բնակարանաշինության էկոհամակարգի ստեղծման և զարգացման հարցում։


Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տիգրան Առաքելիանը պատրաստակամություն է հայտնել նաև կազմակերպել կարճաժամկետ և մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ ու աշխատանքի տոնավաճառներ Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի անդամ ընկերությունների ներգրավմամբ՝ աջակցելու աշխատանք փնտրող և գործազուրկ անձանց։

«Պայմանագրի կնքումը կամրապնդի սոցիալական և տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև։ Նախատեսում ենք նախարարությանը տրամադրել բոլոր անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները սոցիալական բնակարաշինության բնագավառում ֆրանսիական փորձի իրականացման համար»,- նշել է Տիգրան Առաքելիանը։