Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նոր նախագահը հնաբնակներից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նոր նախագահը հնաբնակներից
Հասարակություն
15:26, 16 июль 2021
Երեք տարի պաշտոնավարման ժամկետով  ՀՀ նախագահի  հրամանագրով հուլիսի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել նույն դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը։ Նա փոխարինել է Սամվել Գրիգորյանին, որի պաշտոնավարման 3 տարին լրացել էր հուլիսի 4-ին։

Նորանշանակ նախագահը  58 տարեկան է, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը։ Օհանյանը աշխատանքային կենսագրությունը սկսել է Կապանի ոստիկանությունից՝ որպես շարքային միլիցիոներ։ Հետո նշանակվել է ոստիկանության հետաքննիչ, քննիչ, ապա տեղափոխվել Կապանի միջշրջանային դատախազություն և աշխատել քննիչի պաշտոնում։ Երկու տարի անց՝ 1996թ.-ին դարձել է միջշրջանային դատախազի օգնական, հետո՝ ավագ օգնական, մարզի դատախազի տեղակալ։

2007 թվականից  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, ծառայել է Խորհրդային բանակում։

Նկատենք, որ  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող աղմկահարույց գործերը մակագրվել են Նապոլեոն  Օհանյանին։ Այս պահին էլ նրա վարույթում Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործն է։

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե  դատարանի նախագահ նշանակվելուց հետո, հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը, կթողնի՞ որոշ գործեր, Օհանյանը պատասխանեց՝ չի կարծում։ «Դատարանի ծանրաբեռնվածությունը մեծ է, դատավորներ քիչ կան։ Ես կշարունակեմ իմ վարույթում գտնվող գործերի քննությունը»,-ասաց Օհանյանը