Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, մարդկանց հոսքը հիմնականում դադարել է․ բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստան․ Նազելի Բաղդասարյան

«Հաշվի առնելով, որ թեժ գծին ստանում ենք բազմաթիվ զանգեր, և դեռևս շատ բռնի տեղահանված անձինք ունեն բազմաթիվ հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում, մենք կաշխատենք ինտենսիվ ռեժիմով, այսինքն՝ օրվա մեջ երեք անգամ կլինեն ուղիղ միացումներ՝ ժամը 12.00-ին, 16.00-ին և 20.00-ին»,- այսօր, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը, ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, որ իրենց փոխանցված տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100.520 անձ է ժամանել ՀՀ, Հակարիի կամուրջը հատել է 21.107 տրանսպորտային միջոց։

«Նախորդ երեկոյից ցուցանիշը չի փոխվել, և սա նշանակում է, որ հիմնական մարդկային հոսքը դադարել է, և ԼՂ-ում առավելապես մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության ավելի քիչ զանգվածը։ Այս պահի դրությամբ 89.167 անձ արդեն իսկ հաշվառվել է, իսկ հաշվառման գործընթացը խիստ կարևոր է, որպեսզի հետագայում կարողանան օգտվել տարբեր սոցիալական ծրագրերից: Այժմ շարունակվում է տեղաբաշխումը ՀՀ մարզերում»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ այս շաբաթվանից արդեն սկսվելու է 100.000-ական դրամների բաշխումը, և այն բոլոր անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր, անհրաժեշտություն կա, որ այդ բանկային քարտերը կամ բանկային քարտերի հաշվեհամարները փոխանցեն միասնական սոցիալական ծառայություն, որոնք աշխատում են 24/7 ռեժիմով, անհրաժեշտություն կա նաև տվյալների նույնականացման։ 
Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ այն բոլոր մարդիկ, որոնք արդեն իսկ ունեն բանկային քարտեր, նրանց փոխանցումները շատ սեղմ ժամկետում կիրականացվեն, մեր մյուս հայրենակիցներին հորդորում են բանկային հաշիվներ բացել և այդ տվյալները կրկին ներկայացնել միասնական սոցիալական ծառայություններ։  

«Այսօր առավոտյան վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում նաև հստակեցվել են որոշակի դետալներ, որոնք ցանկանում եմ ձեզ հաղորդել։ Անհրաժեշտություն կա նախ այցելել որևէ բանկ և բացել հաշվեհամար, արդեն իսկ ԿԲ-ի կողմից պայմանավորվածություն կա, որ այդ հաշվեհամարները բացվելու են անվճար, այնուհետև այդ քարտային համարը դուք փոխանցելու եք միասնական սոցիալական ծառայություն։ Եթե անգամ քարտերի տրամադրման գործընթացը որոշակի ժամկետ ենթադրի, այնուամենայնիվ քարտային հաշիվները բացվում են շատ արագ և տեղում, այսինքն՝ ձեր գումարները կփոխանցվեն քարտային հաշվին, որից դուք կկարողանաք կանխիկացնել, և հետո երբ տրամադրեն ձեր քարտերը, մյուս սոցիալական աջակցությունները կկարողանաք արդեն ձեր քարտով կանխիկացնել ցանկացած բանկոմատում»,- հավելեց Նազելի Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում