Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշվառվածների թվում են 230 հղի կին և 2000-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձ. Արմեն Ղազարյան

«Այսօր ժամը երեքի դրությամբ հաշվառվածների թիվը կազմում է 89.167, որոնցից իգական սեռի՝ 46.139, իսկ արական սեռի՝  43.028»: Այս մասին նշեց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով բռնի  տեղահանված արցախցիներին։ 

Ըստ Ղազարյանի՝ 65-ից բարձր տարիքային շեմ ունեցողների թիվը 10.700-ից ավելի է, իսկ մինչև 18 տարեկանների թիվը՝ շուրջ 27.000. «Հաշվառվածների թվում եղել են 230 հղի կին և 2000-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձ»։

Ղազարյանը կարևորեց հաշվառման գործընթացը. «Որովհետև սոցիալական աջակցության բոլոր ծրագրերը, որոնք իրականացվելու են այս կամ այն կերպով, առնչվելու են անձի նույնականացման և հաշվառման գործընթացի հետ»։

Ղազարյանը հավելեց, որ այն անձինք, ովքեր ունեն անձը հաստատող փաստաթղթի խնդիր, ապա պետք է դիմեն անձնագրային ծառայություն և ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթի վերականգնման դիմում. «Մենք մինչև նոր փաստաթղթի տրամադրումը կտրամադրենք ժամանակավոր անձը հաստաող փաստաթղթերի ձևեր։ Չնայած Երևանի անձնագրային ծառայություններում մենք ամբողջությամբ անցել էինք օնլայն հերթագրման համակարգի, այդուհանդերձ  ԼՂ-ից մեր հայրենակիցները կսպասարկվեն այդ համակարգից դուրս՝ արտահերթ ռեժիմով»։