Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նոր Պարեկային ծառայությունում 43 կին է ընտրվել, որոնցից միայն 3-ն են նախկինում ոստիկան եղել»․ Ոստիկանության կրթահամալիրի պետ

«Նոր Պարեկային ծառայությունում 43 կին է ընտրվել, որոնցից միայն 3-ն են նախկինում ոստիկան եղել»․ Ոստիկանության կրթահամալիրի պետ
Հասարակություն
17:58, 09 февраль 2021
Կառավարության օրակարգում է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ առաջիկա անելիքները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արդեն սկսել ենք Ներքին գործերի նախարարության գործընթացը, զուգահեռ սկսել ենք, և այս տարի պետք է արդեն շոշափելի մեկնարկենք Պարեկային ոստիկանության հիւմնադրումը ՀՀ-ում»,-ասել է վարչապետը։  

Civic.am-ը Պարեկային ծառայության աշխատանքների մեկնարկի մասին զրուցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանի հետ։

-Պարոն Բաբայան, հունվարի 18-ից սկսվեցին նոր Պարեկային ծառայությունում  պաշտոնի նշանակվելու համար նախատեսված դասընթացները։ Ե՞րբ է նախատեսվում Պարեկային ծառայության աշխատանքի մեկնարկը։
-Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար մեկնարկած ուսուցումը հինգամսյա է, դասընթացն ավարտվելու է 2021 թվականի հունիսի 19-ին, դրանից հետո նախատեսվում է Երևան քաղաքում մեկնարկել Պարեկային ծառայության աշխատանքը:

-Բազմաթիվ դիմորդներից ընտրվել են 770  հոգի։ Քանի՞ ոստիկանության ծառայող է դիմել Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար։
-Ըստ էության, Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող դասընթացներին ներգրավված բոլոր անձինք էլ արդեն հանդիսանում են ոստիկանության ծառայողներ, այդ սովորողներից 235-ը մինչև ուսուցման մեկնարկը ևս հանդիսացել են ոստիկանության ծառայողներ:

-Դիմորդներից քանի՞ կին է ընտրվել դասընթացներին մասնակցելու համար, և քանի՞սն են քաղաքացիական անձինք։ 
-Սովորողներից  43-ը կանայք և աղջիկներ են, որոնցից 3-ն են մինչև ուսումնառությունը ծառայել ոստիկանությունում:

-Արդյո՞ք Պարեկային ծառայության աշխատանքի մեկնարկով դադարեցվելու են Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայության աշխատանքները։
-Այո, Պարեկային ծառայությունը գործառութային իմաստով փոխարինելու է Ձեր նշած մյուս երկու ծառայություններին:

-Իսկ այդ համակարգում ծառայող ոստիկանները, որոնք չեն ընդունվում Պարեկային ծառայությունում, աշխատանքի դու՞րս են մնում ոստիկանության համակարգից։ Կա՞ մոտավոր հաշվարկ քանի աշխատակից է ուղարկվելու ռեզերվ կամ ազատվելու աշխատանքից։
-Այս հարցի պատասխանն իմ իրավասությունից դուրս է, ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, սակայն վստահ եմ, որ իրականացվում են համապատասխան միջոցառումներ ծառայողներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ:

-Պարեկային ծառայությունն ի՞նչ լրացուցիչ աշխատանքներ է իրականացնելու, որոնք ներկայումս ներառված չեն Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայության աշխատանքներում։ 
-Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագրքով սահմանված են այդ ծառայության գործառույթները: Դրանք են՝
-հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը,
-իր իրավասության սահմաններում` հասարակական վայրերում հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը, խափանումն ու բացահայտումը,
- քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից դեպքի վայրում կատարվող դատավարական գործողությունների և դրանց մասնակցող անձանց անվտանգության, այդ թվում հանցագործության դեպքի վայրի պահպանության ապահովումը,
-իր իրավասության սահմաններում հասարակական վայրերում վարչական իրավախախտումների կանխումը, հայտնաբերումը, խափանումը և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումը:

-Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերում ինչպիսի բարելավվում է սպասվում։
-Վստահաբար նախատեսվում է, որ Պարեկային ծառայությունը նոր շունչ և նոր որակ է հաղորդելու քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, հասարակությանը մատուցվելու է իրավապահպան առավել արդյունավետ ծառայություն, որը ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը հանդիսանալով՝ հիմնված է լինելու  նոր կրթության և հմտությունների, նոր մեթոդների, վարվելակերպի ու պրոֆեսիոնալիզմի վրա, հագեցած է լինելու նոր սարքավորումներով ու միջոցներով:

Նարա Մարտիրոսյան