Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թե՛ 2020-ին, թե՛ հիմա մեզ շատ լավ դիմավորել են, ամեն հարցում օգնել, շնորհակալ եմ քաղաքապետին․ հիմա միայն լվացքի մեքենայի կարիք ունենք․ ՏԿԵ նախարարն այցելեց Աշտարակում տեղավորված արցախցիներին

Նախարար Գնել Սանոսյանը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Աշտարակի համայնքապետի ուղեկցությամբ այցելեց Աշտարակում տեղավորված արցախցի տեղահանված քաղաքացիներին։ 
 
Նախարարը՝ իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիներին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ չկան քաղաքացիներ, որոնք անօթևան մնացած լինեն․ «Կառավարության առաջնային խնդիրը հենց դա է եղել՝ ապահովել արցախցի մեր հայրենակիցներին կացարանով, սնունդով և առաջնային անհրաժեշտության իրերով»։

Նախարարը նշեց, որ կառավարությունը քննարկում է առաջնային և հրատապ ծրագրերի աջակցությունից զատ, նաև միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր իրականացնել։
 
Սանոսյանը խնդրեց, որ արցախցիներն անպայման հաշվառվեն, որպեսզի պետությունն իմանա իրենց տեղը, ինչպես նաև առկա կարիքները։
 
Արցախցիներից ոմանք տեղում բարձրացրեցին իրենց հուզող հարցերը։ Ցանկություն հայտնեցին աջակցել իրենց աշխատանքի տեղավորվելու հարցում, ինչպես նաև կրթական խնդիրները լուծել։
 
Հյուրանոցային այս համալիրում ժամանակավոր բնակվող տիկին Ռաիսան այստեղ է տեղավորվել աղջկա, տղայի ընտանիքների, ինչպես նաև խնամիների հետ։ Ստեփանակերտում են բնակվել։ Մինչ 2020-ը՝ Շուշիում։

Մարտակերտից Աշտարակ տեղափոխված Ղուկասյաններն էլ բնակարան են վարձել։ 9 հոգանոց ընտանիքի առաջնային խնդիրը լվացքի մեքենայի բացակայությունն է։
 
Նախարար Սանոսյանը տեղեկացրեց, որ սկվելու են Հյուսիս-հարավ մայրուղու Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շինաշխատանքները և Մարտակերտի հանքավայրում տեխնիկայի վրա աշխատած ընտանիքի հայրը կարող է ներգրավվել ճանապարհաշինական աշխատանքներում․ խոստացավ այդ հարցում օգնել։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Վովա Հակոբյան