Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՈՎԻԴ-19-ի շրջանում գործազրկության մեծ թիվ ունեցանք, և շատերը չկարողացան օգտվել կառավարության աջակցության ծրագրերից․ քննարկում

ՔՈՎԻԴ-19-ի շրջանում գործազրկության մեծ թիվ ունեցանք, և շատերը չկարողացան օգտվել կառավարության աջակցության ծրագրերից․ քննարկում
Հասարակություն
16:19, 20 июль 2021
«Մեդիա կենտրոն»-ը անցկացրել է քննարկում՝ «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում» թեմայով:

Գործատու-աշխատող հարաբերությունները բարելավելու ու դրանք իրավահավասար դարձնելու և աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով մեկնարկել է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագիրը։

Այն մեկնարկել է  է 2021 թվականի հունիս ամսվա կեսերից, որը տևելու է 1 տարի։   

«Ծրագիրը գործատու-աշխատող հարաբերությունները բարելավելու և դրանք իրավահավասար դարձնելու նպատակ է հետապնդում։

Covid19-ով պայմանավորված՝ ոտնահարվեցին շատ աշխատողների իրավունքները, և աշխատանքային պայմանագրեր չունեցող մարդկանց հետ իրավահարաբերությունները ոչ մի տեղ ամրագրված չէին։ Ունեցանք գործազրկության մեծ թվեր, ունեցանք դեպքեր, երբ շատերը չկարողացան օգտվել պետության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերից։ «Արմավիրի զարգացման  կենտրոն»  հասարակական կազմակերպությունը փորձեց ավելի խորանալ և հասկանալ, թե ինչպիսի աջակցություն է պետք իրականացնել այս ոլորտում, և այստեղ մեզ օգնության եկավ ԴԱՏԱ ծրագիրը, որը իրականացվում է  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով, «Եվրազիա» համագործակցության հիմնադրամի աջակցությամբ և ֆինանսավորմամբ։ Ստեղծեցինք կոնսեպցիոն, որի մեջ ընդգրկված են բավականին պրոֆեսիոնալ կազմակերպություններ։ Հիմնականում 4 կազմակերպություն ենք»,-  ասաց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը։ 

Գլխավոր կազմակերպությունը «Արմավիրի զարգացման  կենտրոն»  հասարակական կազմակերպությունն էր, որին են միացել «Պրիզմա» հետազոտական ընկերությունը, որը կփորձի ավելի խորը ուսումնասիրություններ կատարել  աշխատանքային հարաբերությունների և իրավահավասարությունների ոլորտում։ Հաջորդը «Հանրային լրագրության ակումբն» է, որն իր եթերներով և մասնագիտական քննարկումներով կաջակցի հասարակության ավելի լայն շերտերին տեղեկանալու ծրագրի գործողություններին։  4-րդ անդամը «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն է, որն իր փորձագիտական ներուժն է ներդնելու, որպեսզի կարողանան որոշակի փոփոխություններ կատարել այդ ոլորտում։ Աշխատելու և համագործակցելու են կառավարության և աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարության, տեսչական մարմինների, առողջապահության և աշխատանքային տեսչական մարմինների հետ: 

«Առաջին հարցը իրազեկված լինելն է։ Իրազեկությունը ոչ միայն աշխատողի կողմից, այլ նաև գործատուի կողմից, որովհետև կան փոքր և միջին բիզնեսի ոլորտում կազմակերպություններ, որոնք գուցե ոչ այնքան մանրամասն են ուսումնասիրում կարգավորող օրենսդրությունը և չեն կարողանում կողմնորոշվել ու հասկանալ, թե որ դեպքում ինչ իրավահավասարություն պետք է ստեղծեն իրենց աշխատողների հետ։

Երկրորդը արդեն մի քանի հանգամանք ունի, մենք արդեն դրանք պարզելու ենք, բայց ներկա պահի տվյալներով՝ եղել են դեպքեր, երբ հենց ֆիզիկական անձինք չեն ուզում, որ իրենց հետ կնքեն աշխատանքային պայմանագրեր, գիտենք, որ կան դեպքեր, երբ մարդիկ ստանում են նպաստներ պետությունից և գուցե չեն ուզում, որ տեսանելի լինի իրենց գրանցված աշխատող լինելը։ Մենք գիտենք, որ գրանցված աշխատողը, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված, ունի շատ արտոնություններ, և ըստ դրա՝ պետք է գործատուն կարողանա ապահովել բոլոր արտոնությունների շրջանակներում նաև որոշակի ֆինանսական մասը։ Եվ միգուցե այստեղ է առաջանում խնդիրը, որ գործատուները հաճախակի խուսափում են գրանցել աշխատողներին։ Այս ամենը արձանագրելու համար համար կարիք ունենք մեր համատեղ աշխատանքում առողջապահական և աշխատանքային տեսչական մարմինների հետ համագործակցելու, որպեսզի նաև դիտարկենք այն բողոքները, որոնք իրենք ստանում են»,- ասաց  «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Վիոլետա Զոփունյանը։

Ծրագիրը գործելու է բոլոր մարզերում։  Ստեղծվելու է պլատֆորմ, որտեղ լինելու են տիպային պայմանագրեր, որտեղից կկարողանան գործատուներն ու աշխատողները օգտվել։