Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չարչյանի պաշտպանները միջնորդեցին փոխարինել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով

Չարչյանի պաշտպանները միջնորդեցին փոխարինել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով
Հասարակություն
17:17, 20 июль 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր մեկնարկեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի գործով առաջին դատական նիստը։ Գործով դատավորը Վահե  Միսակյանն է։

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության օգտին, այլ քվեարկել  «Հայաստան» դաշինքի օգտին: 

Այսօրվա նիստում Արմեն Չարչյանի պաշտպանները դատարանին ներկայացրին միջնորդություն՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել գրավով։ 

Պաշտպաններից Արամ Վարդևանյանը նշեց, որ Չարչյանի նկատմամբ կալանավորումը պահպանելու անհրաժեշտությունը առհասարակ առկա չէ։ 

Մեղադրող դատախազ Մարգարյանը հայտնելով իր դիրքորոշումը՝ ներկայացված միջնորդության վերաբերյալ, ասաց, որ գտնում է, որ ներկայացված միջնորդությունը պետք է մերժվի և դատարանի կողմից պետք է կայացվի որոշում՝ խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին։