Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համեստ ոստիկանապետն ու ունևոր հարազատները․ ինչ ունեն-չունեն Գասպարյանները․ fip.am

Համեստ ոստիկանապետն ու ունևոր հարազատները․ ինչ ունեն-չունեն Գասպարյանները․ fip.am
Հասարակություն
18:48, 20 июль 2021
Այս տարվա հունիսին դատախազությունից հայտնել էին, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում իրականացվող ուսումնասիրության արդյունքում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ 

Ըստ մամուլի հրապարակումների՝ Վլադիմիր Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող գույքի ուսումնասիրությունների արդյունքում «հայտնաբերվել» է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 4 առանձնատուն, 2 բնակարան, 3 հողամաս, 4 մեքենա և 1 ավտոտնակ։

«Փաստերի ստուգման հարթակը»
փորձեց պարզել, թե ի՞նչ ունեցվածք են հասցրել ձեռք բերել բացառապես ուժային կառույցներում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած գեներալ-գնդապետը և նրա հետ փոխկապակցված անձինք այս տարիների ընթացքում։

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը ԽՍՀՄ զինված ուժերում ծառայությունից հետո՝ 1982 թվականից, աշխատել է Ներքին գործերի համակարգում, ապա անկախ Հայաստանում զբաղեցրել  ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, եղել  ՊՆ ռազմական ոստիկանության պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, ոստիկանության պետ։ Ուժային կառույցները լքել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ 

Գասպարյանը վերջին անգամ գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացրել է 2018 թ. մայիսի 31-ին՝ ոստիկանապետի պաշտոնը դադարեցնելու կապակցությամբ, թեպետ որևէ արժեքավոր գույք և եկամուտ չի նշել։ Հայտարարագրից տպավորություն է, որ նախկին ոստիկանապետը համեստ աշխատավարձով ապրող պաշտոնյա է եղել։ Նա որպես եկամուտ նշել է իր աշխատավարձը՝ 2 մլն 484 հազար 209 դրամ, ինչպես նաև 2 հազար ԱՄՆ դոլար և 3 մլն դրամ կանխիկ գումար: Ոչ մի անշարժ գույք՝ բնակարան, հողամաս և այլն, Գասպարյանը չի հայտարարագրել, ընդամենը մեկ շարժական գույք՝ մարդատար VAZ 21013 ավտոմեքենա: 

Գասպարյանն իր և իր հետ փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրեր ներկայացրել է սկսած 2011 թվականից, որոնցում ևս անշարժ գույքի մասին որևէ հիշատակում չկա, և պարզ չի դառնում, թե ինչ հարստության տեր է նա եղել։ 

Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի գույքը

Կադաստրի պետական կոմիտեից FIP.am-ին տրամադրված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի անվամբ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գրանցված է մեկ անշարժ գույք՝ իր տնամերձ հողամասով, իսկ Շողակաթ համայնքի Ջիլ գյուղում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է վարձակալության իրավունք։

Ի տարբերություն ամուսնու՝ Գասպարյանի կինը՝ Սուսաննա Գասպարյանը, ավելի «հարուստ» է։ Ըստ կադաստրային փաստաթղթերի՝ Սուսաննա Գասպարյանը սեփականության իրավունք ունի Երևանի Թումանյան 39 շենքում գտնվող մեկ բնակարանի նկատմամբ։ Նրա սեփականությունն են նաև Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր գյուղ գյուղում գյուղատնտեսական նշանակության հողամասն ու բնակելի տունը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի 8/62 հասցեով անշարժ գույքը, ինչպես նաև նույն քաղաքի Մաշտոցի 8 շենքում մեկ բնակարանը, որը, սակայն, նա վաճառել է 2019 թվականին։ Բացի այդ, Սուսաննա Գասպարյանը կառուցապատման իրավունքներ ունի Վաղարշապատի Մաշտոցի 8/36 հասցեում գտնվող անշարժ գույքի և Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում գտնվող անշարժ գույքի նկատմամբ։ 

Վլադիմիր և Սուսաննա Գասպարյանների արդեն չափահաս դուստրը՝ Անգելինա Գասպարյանը, սեփականության իրավունք ունի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օլիմպիական փողոցի 12/4 հասցեով հողամասի նկատմամբ։  

Մամուլը բազմիցս է անդրադարձել Վլադիմիր Գասպարյանին պատկանող՝ Սևանի արևելյան ափում՝ Սևան-Շորժա ճանապարհի Դրախտիկ գյուղի հարևանությամբ գտնվող շքեղ ամառանոցին, որը, ըստ Կադաստրի տրամադրած փաստաթղթերի, Գասպարյանի զոքանչի՝ Հեղուշ Գալստյանի անունով է գրանցված։ 

Հեղուշ Գալստյանը նաև Երևանի Արաբկիր շրջանի Վ. Փափազյան փողոց 118/1 շենքում գտնվող բնակարանի, ինչպես նաև Թումանյան փողոցի 35ա շենք 5 ավտոտնակի  սեփականատերն է։  

Բացի այդ, Գալստյանը անշարժ գույքի սեփականատեր է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։ Այստեղ էլ նա ծավալել է պահածոյացված սիգի արտադրություն, որի մասին Fip.am-ը նախկինում գրել էր։ 

Բացի վերը թվարկված սեփականություններից, մամուլը բազմիցս անդրադարձել է նաև Վլադիմիր Գասպարյանին պատկանող՝ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված շքեղ առանձնատանը, որը, ըստ Hetq.am կայքի 2018 թվականի հրապարակման, գրանցված է Վլադիմիր Գասպարյանի անչափահաս որդու՝ Վլադիմիր Գասպարյանի անվամբ։ Ի դեպ, նրա անունով ևս հայտարարագիր է ներկայացվել 2017 թվականին, որտեղ, սակայն, որևէ գույք լրացված չի եղել։ 

Վլադիմիր Գասպարյանը, բացի փոքր աղջկանից՝ Անգելինա Գասպարյանից, առաջին ամուսնությունից ունի նաև երկու աղջիկ, նրանցից միայն Աննա Գասպարյանն է մամուլի ուշադրությանն արժանացել, քանի որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանի կինն է։ Մյուս աղջկա մասին որևէ բան հայտնի չէ։ Ըստ Կադաստրից ստացված փաստաթղթերի՝ Արթուր Գևորգյանի կնոջ՝ Աննա Գասպարյանի անունով Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ անշարժ գույքի գրանցված չէ: Միաժամանակ նշվում է, որ նա պատրաստվում է Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Սասնա Ծռեր փողոցի 3 շենք 167 բնակարան հասցեով կառուցվող շենքից անշարժ գույք գնել։ 

Ի դեպ, Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել  հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար, հայտարարվել է հետախուզում։ Նրան պատկանող ընկերությունը ժամանակին, երբ Գասպարյանը ոստիկանության պետն էր, ՃՈ մեքենաների լվացման ծառայություն էր իրականացնում՝ պետությունից կլորիկ գումարներ ստանալով։ 

Ոչ պակաս ունեցվածքի տեր է Վլադիմիր Գասպարյանի եղբայրը՝ Կարեն Գասպարյանը, որը մամուլի ուշադրությանն արժանացավ հատկապես 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Օրինակ՝ մի քաղաքացի բողոքել էր, որ դեռևս 2014 թվականին նախկին ոստիկանապետի եղբայրը «խլել էր» իր ունեցվածքը, այդ թվում՝ գազալցակայանը, սակայն այն ժամանակ վախեցել էր դիմել իրավապահներին։ Դրանից հետո Կարեն Գասպարյանը մեկ այլ քրեական գործով էր անցնում՝ բռնություն էր գործադրել անչափահասի և նրա հոր նկատմամբ։ 

Ըստ Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթերի՝ ոստիկանապետի եղբայրը սեփականության իրավունք ունի Կենտրոն համայնքի Լեոյի 9 շենքում գտնվող բնակարանի նկատմամբ, ընդհանուր համատեղ սեփականության իրավունք ունի նույն շենքի մեկ այլ բնակարանի նկատմամբ, ինչպես նաև Պարոնյանի 8 հասցեում գտնվող շենքում մեկ բնակարանի նկատմամբ։ Իսկ Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում գյուղատնտեսական նշանակության հողամաս, հանդամաս և բնակելի տուն ունի, ինչպես նաև մեկ հողամաս նույն համայնքի Նոր Գյուղ գյուղում։