Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք չէ փրկչի սպասել. Ռուբեն Վարդանյանը միասին ապագան կառուցելու կոչ արեց

Պետք չէ փրկչի սպասել. Ռուբեն Վարդանյանը միասին ապագան կառուցելու կոչ արեց
Հասարակություն
22:43, 20 июль 2021
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարում Հայաստան, Արցախ և Սփյուռք համագործակցության խորացումը, ինչպես նաև Հայաստանի զարգացման մոդելի ստեղծումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ապագա Հայկական» միջոցառման ժամանակ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ պետք չէ սպասել փրկչի կամ որևէ կուսակցության, որը կկարողանա Հայաստանում որևէ բան փոխել, այլ պետք է յուրաքանչյուրը իր մտածելակերպը փոխելով կառուցի Հայաստանի ապագան։

«Անհրաժեշտ է հասկանալ, որ շատ բաներ պետք է իրականացվեն  ոչ միայն պետական մանդատով, այլ պետք է նաև յուրաքանչյուրիս մտածելակերպի փոփոխություն տեղի ունենա։ Ես միշտ ասել եմ, որ փրկիչ չի կարող լինի Հայաստանում ու չի կարող այդ մոդելը աշխատել, որովհետև այդ խնդիրների քանակը և այդ խնդիրների տարբերությունը այնքան շատ են, որ ոչ մի կուսակցություն և փրկիչ չի կարող լինել։ Միակ տարբերակը, եթե բոլորս տեր ենք դառնում մեր ապագային։ Դա բառեր չեն, դա իմ և իմ ընկերների մտածելակերպն է։ Մենք բոլորս միասին պետք է մեր ապագան կառուցենք և պետք է այս ոչ քաղաքական բանաձևը աշխատացնենք»,- ընդգծեց Վարդանյանը։

Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը իր հերթին որոշ մանրամասներ ներկայացրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից՝ նշելով, որ Փաշինյանը իրեն առաջարկեց համագործակցության մեխանիզմներ մշակել։

«Ես  վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպեցի և առիթ ունեցա զրուցելու  «Ապագա Հայկական» ծրագրի մասին։  Ինքն առաջարկեց որոշ հարցերով մասնակցել այդ ծրագրին  և մեխանիզմներ մշակել, որով կարող ենք համագործակցել։ Մենք վաղուց կառավարությունների հետ աշխատել ենք, որովհետև երկրում զարգացման ծրագրեր անհնար է իրականացնել առանց որոշ կոորդինացիոն աշխատանքների։ Հուսով եմ՝ այդ մեխանիզմները կգտնենք»,- ասաց Աֆեյանը։