Քաղաքացիակենտրոն
լրատվություն

55 ժամ ջրից զրկված «Մեղրի» ԲԿ-ի ջրի հարցը լուծվել է. մարզպետարանը հարցը վերահսկողության տակ է պահում

55 ժամ ջրից զրկված «Մեղրի» ԲԿ-ի ջրի հարցը լուծվել է. մարզպետարանը հարցը վերահսկողության տակ է պահում
Հասարակություն
15:54, 21 июль 2021
Այսօր առավոտյան մեզ տեղեկացրին, որ «Մեղրի» ԲԿ-ում 55 ժամ է՝ ջուր չկա։ Խնդրի առնչությամբ Civic.am-ը զրուցել է «Մեղրի» բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Վարդանյանի և Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանի հետ։

Լուսինե Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն երրորդ օրն է դառնում, որ ջուր չկար, և մեր զրույցից կես ժամ առաջ արդեն ջուրը սկսել է կամաց-կամաց գալ։ 

«Մեզ անընդհատ ասում էին, որ վթարային բան կա, սարքում են։ Դե հասկանում ես, որ վթար է, մինչև վերականգնեն՝ որոշակի ժամանակ կպահանջվի, հետո հասկացանք, որ այնքան վթարը չի, որքան տեղի ջրմուղի աշխատակիցների անփույթ ու անլուրջ վերաբերմունքն է հիվանդանոցի նկատմամբ։ Ես փոխմարզպետին էլ եմ զանգել, Ջրմուղի վերադասին էլ եմ զանգել, ամեն տեղ ահազանգել եմ, «Վեոլիա ջրից» մեզ ասացին, որ ում ջուր ենք տվել ձեր խողովակից, դա օրինական է, բայց ես էլ ասացի, որ խողովակը հաշվարկված է ընդամենը Արաքսաշեն թաղամասի ու մեր  հիվանդանոցի համար։ Մենք հինգ տարի է՝ աշխատում ենք, այսպիսի խնդիր չի եղել, հասկանում եմ՝ շոգ է, տոթ է, այգի են ուզում ջրել, մոյկա են սարքել, կաֆե են սարքել, ամեն մարդ ուզում է օգտվել, բայց ոչ մեր հիվանդանոցի հաշվին»,- ասաց Լուսինե Վարդանյանը։

Վերջինս նշեց, որ ինչ սկսել են աշխատել ավտոլվացման կետն ու սրճարանը, ջրի խնդիր հաճախ է առաջանում։ 

Նրա խոսքով՝ եթե մի քանի ժամ ջուր չլինի, կարող են այդ հարցին մասնակի լուծում տալ, բայց օրերով ջուր չլինելը լուրջ խնդիրներ է առաջացնում, այն էլ՝ այս շոգին Մեղրիում։
«Ես կարծում եմ, որ իրենց մոտ կազմակերպչական խնդիր է, որ չեն կարողանում կարգավորել։ Չեն պատկերացնում մեր խնդիրը, որ ռազմավարական նշանակության հիմնարկը՝ հիվանդանոցը, ոնց կարող է առաց ջրի լինել»,- ասաց Լուսինե Վարդանյանը։ 

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն էլ ասաց, որ այնտեղ ընդամենը կարգավորման խնդիր է եղել։
«Ես երկու անգամ եղել եմ այնտեղ, կարգավորել եմ, նորմալ է եղել, հիմա նույն խնդիրը կա, քանի որ եղանակը շոգ է, ջրօգտագործումը, սպառումը շատ է։ Որտեղ որ դիտարկել ենք, դա բաշխիչ կետ է, կարգավորման փականը Ագարակից, Մեղրուց, հիվանդանոցից ահագին հեռու է, ես տնտեսվարի հետ գնացել եմ, կարգավորել եմ, ջրմուղի պետին էլ այսօր զանգել եմ, ասել եմ, գնացել կարգավորել է։ Ինձ թվում է, որ պետք է լավ լինի, բայց պիտի միշտ հսկողության տակ լինի այդ ջրբաշխիչ կետը։ Որ հեռու է, պարզ է՝ համայնքի բնակիչները կուզեն ավելի շատ ջուր ունենալ, փականը փակում են ու լավ չեն մտածում, որ սա բուժկենտրոն է, պետք է ջուրը պարտադիր լինի, համայնք էլ թող գնա, բայց այնպես պետք է կարգավորես, որ համարժեք գնա»,- ասաց մարզպետի տեղակալը։ Նա նաև նշեց, որ վթարը նույնպես վերացված է, ընդամենը կարգավորման խնդիր է եղել։ 

Հարցին՝ ԲԿ-ի տնօրենն ասում է, որ խնդիրն առաջացել է ավտոլվացման կետի ու սրճարանի ի հայտ գալուց հետո, Կարո Ավանեսյանն ասաց, որ ամեն օր բաժանորդներ են ավելանում և դիմումներ են տալիս, իսկ սահմանադրորեն՝ եթե բաժանորդը դիմում է, պարտավոր ես ապահովել ջրով։

«Մոյկայի ջրօգտագործումը շատ է, սրճարանն այդքան շատ ջուր չի խլում, ոռոգման հարց էլ կա։ Արդեն ասել ենք, որ կարգավորեն։ Թիվ մեկը համայնքն ու հիվանդանոցն է, պարզ է՝ ոնց կարող է հիվանդանոցում ջուր չլինել։ Խնդիրը մեր վերահսկողության տակ է, կլուծենք»,- ասաց մարզպետի տեղակալը։

Լիլիթ Թադևոսյան